Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեռելների մասին՝ կա՛մ լավ, կա՛մ ոչինչ

Հունվար 16,2010 00:00

Հենց այս փաստարկով Պետրոս Մակեյանը երեկ հրաժարվել է մեկնաբանել Արտաշես Գեղամյանի հայտարարությունները:

Կիրակի օրը թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ժամանակ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական ենթաշտաբի պետ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Ինչպես ինքը՝ Պ. Մակեյանն ասաց, նա առայժմ որպես վկա հարցաքննվել է ընտրությունների օրը թիվ 10/09 տեղամասում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Հիշեցնենք, որ այդ օրը տեղի ունեցած միջադեպի ժամանակ Մակեյանի եւ Փաշինյանի վստահված անձանց՝ Կարեն Մակեյանի եւ Սուրեն Մարտիրոսյանի վրա էին հարձակվել թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձ Տիգրան Մուրադյանն ու եւս մոտ երկու տասնյակ սափրագլուխներ եւ հարվածներ էին հասցրել Փաշինյանի համախոհներին: Վերջիններս էլ փորձել էին ինքնապաշտպանվել, բայց, Մակեյանի ասելով, դեպքի վայր ժամանած ոստիկանները, փոխանակ սափրագլուխներին սաստելու, բռնել էին իր որդու ձեռքերը, որ հարձակվողների համար ավելի հեշտ լիներ իրենց հարվածներ հասցնելը: Դատելով միջադեպի առնչությամբ ոստիկանության հաղորդագրություններից՝ հայրենի իրավապահների մոտ միտում կա այս միջադեպը եւս բարդել Մակեյանի վրա, մանավանդ որ, ոստիկանների մատուցմամբ, Մակեյանն ինքն է սադրել եւ ծեծի ենթարկել Տիգրան Մուրադյանին: Մակեյանը, որ մի անգամ արդեն 2008թ. նախագահական ընտրությունների հետ կապված արդեն 1,4 տարի անցկացրել է բանտում համանման ու շինծու մեղադրանքով, երեկ «Առավոտի» հետ զրույցում էլ չբացառեց, ավելին անակնկալ չհամարեց, եթե հանկարծ այդ դեպքի առնչությամբ հերթական անգամ մեղադրանք առաջադրվի իր նկատմամբ՝ հավելելով, թե երեկվա հարցաքննության ժամանակ դրան ուղղված հստակ միտումներ ինքը չի նկատել: «Ոստիկանության ու դատախազության պաշտոնական հաղորդագրությունները, որոնք իրականության հետ կապ չունեն, վկայում են, որ իրենք առնվազն փորձում են պաշտպանել, պարտակել հանցագործներին»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

«Ժողովրդավարական Հայրենիքի» նախագահը երեկ հրավիրած ասուլիսում հրապարակել է կուսակցության ընդունած հայտարարությունը, որով դատապարտվել է ոչ միայն թիվ 10/09 ընտրական տեղամասում տեղի ունեցածը, այլեւ կայացած ընտրությունները որակվել են որպես անազատ, անարդար եւ ոչ թափանցիկ: Կուսակցությունը նաեւ համոզմունք է հայտնել, որ իշխող ռեժիմի օրոք նույնիսկ գյուղապետի որեւէ օրինական, ազատ ընտրության կազմակերպումն է անհնար, իսկ այսօրվա սափրագլուխները, «վայ իրավապահներն» ու նրանց պարտակող «քաղաքական վերնախավը կանգնելու են ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական Հայաստանի դատարանի առջեւ»:

Մակեյանը երեկ նաեւ արձագանքելով «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հայտարարություններին վերաբերող հարցադրումներին՝ ասել է, թե՝ մեռածների մասին կա՛մ չեն խոսում, կա՛մ գովում են. «Հիմա ես մեռածների, քաղաքական դիակների մասին որեւէ խոսք չեմ ուզում ասել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել