Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ԴԻՄԱԳԻԾԸ ՄԵՐ ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ Է»

Հունվար 16,2010 00:00

\"\"«Առավոտի» հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը

– Ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրական դատարանի որոշումը արձանագրությունները Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու մասին, չե՞ք կարծում, որ ՍԴ-ն ավելի կօգներ Ազգային ժողովին հետագայում որոշում կայացնելու հարցում, եթե որոշ կոնկրետ վերապահումներ, այնուամենայնիվ, նշեր իր որոշման մեջ:

– ՀՀ Սահմանադրական դատարանը գտավ, որ «Հայաստանի եւ Թուրքիայի հանրապետությունների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Վստահ եմ՝ Սահմանադրական դատարանը մանրամասն ու հստակ ուսումնասիրել է խնդիրը, ինչպես նաեւ ընդդիմախոսների կարծիքները եւ կայացրել է այս որոշումը: Սահմանադրական դատարանի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներում կարեւոր հանգամանքներ կան: Նախ այն, որ փաստաթղթերը համապատասխանում են Սահմանադրությանը, եւ նրանցում նախապայմաններ չկան, երկրորդ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապված չէ որեւէ երրորդ կողմի հետ կամ մեկ այլ փաստաթղթի չի առնչվում, եւ որ վերստին կարեւոր է, հղում անելով Անկախության հռչակագրին՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը մնում է պարտադիր: Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանը իր նման որոշմամբ եւ իրավական գնահատականներով արդեն իսկ օգնեց Ազգային ժողովին առաջիկայում արձանագրությունների վավերացման վերաբերյալ որոշում կայացնելու գործում:

– Հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանում վավերացման գործընթացից առաջ Դաշնակցությունը հայտարարում է, որ փորձելու է աշխատել յուրաքանչյուր պատգամավորի հետ, համոզելու, որ չվավերացվեն այդ արձանագրությունները: Իրավիճակը, հնարավոր է, լարվի, ինչպիսի՞ն է լինելու այս դեպքում ձեր խմբակցության դիրքորոշումը:

– Դաշնակցական կուսակցությունը ավանդական քաղաքական ուժ է եւ այս հարցի շուրջ ունի իր մոտեցումներն ու դիրքորոշումը, որին մենք ըմբռնումով ենք մոտենում: Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Դաշնակցություն խմբակցությունը կազմակերպել էր լսումներ, որին մասնակցում էին ոչ միայն խորհրդարանական, այլ նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որի արդյունքում, սակայն, կոալիցիոն քաղաքական ուժերի դիրքորոշումները ու տեսակետները չփոխվեցին:

– «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները շարունակ հայտարարում են, որ աշխատում են կուսակցությունը ամրացնելու եւ ուժեղացնելու ուղղությամբ, ինչպե՞ս է դա դրսեւորվում:

– Դա դրսեւորվում է ամենօրյա հետեւողական աշխատանքով, որն ընդգրկում է թե՛ կազմակերպչական եւ թե՛ քաղաքական ոլորտները: Մեր կուսակցությունը ամուր է եւ ուժեղ, ինչպես նաեւ մեծ է եւ ներկայացված ողջ երկրով մեկ: Էլ ավելի ամրացնելու եւ ուժեղացնելու համար մենք մշտապես աշխատում ենք: Կուսակցությունը անցել է շուրջ 12-ամյա ճանապարհ, ունեցել է բազմաթիվ դժվարություններ, բացթողումներ եւ ձեռքբերումներ, որոնց շտկումը պահանջում է ամենօրյա հետեւողական աշխատանք, որի ընթացքից մենք գոհ ենք:

– Չե՞ք կարծում, որ գտնվելով կոալիցիայի կազմում՝ «Օրինաց երկիրը» զրկվեց իր դիմագծից եւ դարձավ պարզապես մի փոքրիկ մաս:

– Եթե ձեր տված հարցից հետեւություն կատարեմ, ապա ստացվում է, որ եթե իշխող քաղաքական ուժ ես, ապա դիմագիծ չունես: Դիմագիծը մեր սկզբունքայնությունն է, առաքելությունը՝ լինելու ժողովրդի հետ եւ գործելու ժողովրդի համար, մեր մարդակենտրոն քաղաքականությունը, որի համար՝ ոչ, ես համաձայն չեմ ձեր կարծիքի հետ, քանզի, եթե դուք ուշադիր ուսումնասիրեք «Օրինաց երկիր» կուսակցության եւ Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրերը եւ համեմատեք կոալիցիոն կառավարության գործունեության ծրագրի հետ, ապա ակնհայտ է դառնում, որ մեր նախընտրական ծրագրային դրույթների գրեթե 90%-ը ներառված է կառավարության գործունեության ծրագրում: Եվ նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի եւ Արթուր Բաղդասարյանի միջեւ կնքված կոալիցիոն համաձայնագրի հիմքում դրվեցին այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են աղետի գոտու բնակարանաշինությունը, ավանդների վերադարձման գործընթացի շարունակականությունը, երիտասարդ ընտանիքներին պետական աջակցությամբ բնակարանով ապահովումը, կուտակային կենսաթոշակային ապահովագրական համակարգի ներդրումը եւ այլն, ու այդ ծրագրերը արդեն իսկ իրականացման փուլում են: Իսկ ինչ մնում է մեծին կամ փոքրին, ապա ասեմ, որ գործերն են ավելի խոսուն:

– ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության հիմնական կազմում տեղի ունեցավ փոփոխություն, ձեր կուսակցության անդամ Արծրունի Աղաջանյանը փոխարինող կազմից դարձավ հիմնական. մեր տեղեկություններով՝ այս ուղղությամբ աշխատել եք դուք, պնդելով, որ ՕԵԿ-ը անպայման լինի հիմնական կազմում, ինչո՞ւ:

– Քաղաքական դաշտում ձեւաչափի փոփոխության եւ նոր վերադասավորման արդյունքում ՕԵԿ խմբակցությունը, լինելով նաեւ Քրիստոնեա-ժողովրդավարական միջազգային ինտերնացիոնալի եւ Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ, դիմել է ԱԺ նախագահին՝ վերանայելու բոլոր պատվիրակություններում ՕԵ խմբակցության անդամների ներկայացուցչությունը ապահովելու վերաբերյալ, այդ թվում՝ ԵԽԽՎ-ում մեր խմբակցության ներկայացուցչին՝ Արծրունի Աղաջանյանին, ընդգրկել հիմնական կազմում եւ տալ ձայնի իրավունքի հնարավորություն:

– Ըստ որոշ տեղեկությունների, ձեր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը գինու եւ կոնյակի գործարան է ձեռք բերել Ոսկեվազ գյուղում, կուսակցության նախագահի ինչի՞ն է պետք ոգելից խմիչքների գործարանը:

– Նախ ասեմ, որ գործարանը ոչ թե ձեռք ենք բերել, այլ կառուցվել է Արթուր Բաղդասարյանի եւ նրա ընկերոջ՝ հայտնի հայազգի գործարար Նվեր Մխիթարյանի համատեղ ջանքերով եւ աջակցությամբ, եւ այդ մասին ամիսներ առաջ արդեն իսկ ծավալուն հոդված տպագրվեց «Առավոտ» օրաթերթում, որտեղ մանրամասն խոսվում էր գյուղատնտեսական ապրանքների վերամշակման գործարանի մասին: Այսինքն՝ կառուցվող գործարանը ոչ թե սոսկ խմիչքների, այլ գյուղմթերքների վերամշակման գործարան է: Նախատեսվում է, որ միայն գործարանում աշխատելու է շուրջ 500 մարդ, այսինքն՝ գյուղատնտեսական այդ տարածաշրջանում ստեղծվելու են մեծ թվով աշխատատեղեր, կխթանվի գյուղմթերքների իրացման շուկան, գյուղացիները հնարավորություն կունենան իրենց արտադրած գյուղմթերքն իրացնել տեղում եւ հողի մշակման ընթացքում հուսալի ու աջակցող գործընկեր ունենալ: Եթե ուսումնասիրեք ՕԵԿ-ի եւ նրա նախագահ Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրերը, ապա կհամոզվեք, որ մենք մեր ծրագրերում նախանշել ենք աջակցել երկրում նոր աշխատատեղերի ստեղծմանը, գյուղատնտեսական ապրանքների իրացմանը, հողի մշակման հարցում սատարել գյուղացիական տնտեսություններին եւ, վերջապես, նպաստել տարածաշրջանների համաչափ զարգացմանը: Այսինքն՝ կառուցվող գործարանը թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական եւ բարոյական տեսանկյունից կարեւոր ծրագիր է եւ բխում է մեր երկրի ու ժողովրդի շահերից: «Օրինաց երկիր» կուսակցությունը բացառիկ քաղաքական ուժ է, որին ինչ-որ մեկը չի ֆինանսավորում, մենք ինքներս ենք մեզ ֆինանսավորում: Վերջին բոլոր ընտրությունները ցույց տվեցին, որ առանց ֆինանսական լծակների հնարավոր չէ հաջողություններ ունենալ ընտրություններում. պայքարը թե գաղափարների, թե ծրագրերի եւ թե ֆինանսական ռեսուրսների մեջ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել