Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ԿԴԻՄԻ ՍԴ

Հունվար 16,2010 00:00

Հայ ազգային կոնգրեսը դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ վարչական դատարան՝ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի «անգործությունը վերացնելու» պահանջով։ Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, Կոնգրեսը վկայակոչել է այն փաստը, որ հանձնաժողովը հունվարի 14-ին հրաժարվել է ընդունել այդ ընտրատարածքում տեղի ունեցած ընտրություններն անվավեր ճանաչելու իրենց դիմում-բողոքը։

Բանն այն է, որ ընտրությունների արդյունքն ամփոփելու ժամկետը լրանում էր երեկ, ժամը 14։00-ը ներառյալ, եւ մինչ այդ պահը ընդդիմությունն իրավունք ուներ դիմում ներկայացնել, սակայն հանձնաժողովը արդեն երեկ կեսօրին որոշում է ընդունել ոչ միայն Արա Սիմոնյանին որպես պատգամավոր գրանցելու մասին, այլեւ, հակառակ օրենքի պահանջին, հրաժարվել է ընդունել պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանի դիմում-բողոքը, որովհետեւ այդ պահին՝ դեռ սահմանված ժամկետը չլրացած, հանձնաժողովն այլեւս տեղում չի էլ եղել: Այն, որ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պարտավոր էր անգամ պատգամավորին գրանցելու մասին որոշում ընդունելուց հետո էլ սահմանված ժամկետի ընթացքում ընդունել դիմում-բողոքները՝ ռ/կ-ի հետ զրույցում փաստել է նաեւ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը:

Ի դեպ, երեկ ԿԸՀ-ում թիվ 10-ում Արա Սիմոնյանին՝ որպես պատգամավորի, գրանցման արձանագրության տակ չեն ստորագրել ո՛չ «Ժառանգության» եւ ո՛չ էլ ՀՅԴ-ի ներկայացուցիչները՝ համարելով, որ ընտրություններն այդ ընտրատարածքում պետք է անվավեր ճանաչվեին: Իսկ ՀԱԿ-ը մտադիր է այդ պահանջով դիմել նաեւ ՀՀ Սահմանադրական դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել