Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի ռեյտինգը ընկել է

Հունվար 16,2010 00:00

Այսպես է կարծում Հանրապետական Էդուարդ Շարմազանովը

«Թուրքիան այս ընթացքում սկսել է արհեստականորեն ձգձգել պրոցեսը, բայց իմ կարծիքը հետեւյալն է՝ այն կողմը, որը կշարունակի ձգձգման պրոցեսը եւ խելամիտ ժամկետներում չի վավերացնի արձանագրությունները, գործ կունենա միջազգային հանրության հետ: Թուրքիան այսօր լուրջ պրոբլեմների առաջ է կանգնել, եւ որոշակի ազդակներ են առաջացել Թուրքիայի դեմ»,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հայ-թուրքական արձանագրություններին վերաբերող հարցերից բացի՝ եղան նաեւ այլ հարցեր: Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ «Ֆրիդոմ Հաուզը» (այս կազմակերպության կարծիքով՝ Հայաստանը վերջին 8 տարիների ընթացքում ժողովրդավարության առումով նահանջ է ապրել) «շատ հեղինակավոր կազմակերպություն է, բայց ոչ միշտ է օբյեկտիվ գնահատականներ տալիս: Ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանում իդեալական վիճակ է, հեռու եմ այն մտքից, որ մենք ժողովրդավարության զարգացման, խոսքի ազատության, քաղաքական կուլտուրայի հետ կապված խնդիրներ չունենք: Իհարկե, ունենք եւ բոլոր ոլորտներում ունենք: Բայց ես համամիտ չեմ այն մտքին, որ որեւէ առաջընթաց չկա, համաներումը առաջընթաց չէ՞ր, ընտրական փոփոխությունները առաջընթաց չէի՞ն, բավականին օրենսդրական փոփոխություններ են եղել, առաջընթաց չէի՞ն, մայիսի 31-ի ընտրությունները առաջընթաց չէի՞ն, երբ որ ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ ունեին հնարավորություն լրատվամիջոցներում հավասար արտահայտվելու եւ իրենց տեսակետը ներկայացնելու: Եվ «Ֆրիդոմ Հաուզ»-ի կարծիքը ինձ մի քիչ սուբյեկտիվ է թվում, որովհետեւ մի կազմակերպություն, որը գաղափարական պաշտպանն է եղել ամերիկացիների ինտերվենցիային Վիետնամում, չի կարող օբյեկտիվ գնահատական տալ: Սա իմ անձնական համոզմունքն է»։

Լրագրողները հարցեր ուղղեցին նաեւ Երեւանի կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի ընտրության մասին:

Ասելով, որ այստեղ ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել, Շարմազանովը հավելեց. «Թիվ 10 ընտրատարածքը Երեւանի կենտրոնում է եւ միշտ էլ ունեցել է ընտրողների շատ մեծ մասնակցություն, եւ այսօր մոտ 20 տոկոս մասնակցությունը ցույց է տալիս մի բան, որ Հայ ազգային կոնգրեսի ռեյտինգը ընկել է Հայաստանով մեկ, այդ թվում նաեւ՝ Երեւանի կենտրոնում, որը ամենաքաղաքականացված մասն է: Հիմա մեր կոնգրեսական գործընկերները կասեն՝ «մենք հաղթել ենք, նոր տարի է» եւ այլն, ես էլ ասում եմ՝ վատ պարողին ոտքերն են խանգարում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել