Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը սխալվե՞լ է

Հունվար 16,2010 00:00

Վերլուծում են Վահան Շիրխանյանը եւ Գուրգեն Եղիազարյանը

\"\"«ՀԱԿ-ը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի 10-րդ ընտրատարածքում հաղթեր: Կոնգրեսը պետք է ընտրություններից հետո շարունակեր ակտիվ պայքարը Նիկոլ Փաշինյանի օգտին»,- երեկ Մամուլի ազգային ակումբում անդրադառնալով թիվ 10 ընտրատարածքում կայացած լրացուցիչ պատգամավորական ընտրություններին՝ կարծիք հայտնեց Համահնչակյան Կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը: Նա, ընդհանրապես, սխալ է համարում, որ ՀԱԿ-ը մտավ այդ ընտրապայքարի մեջ. «Ես կարդացի Լեւոն Զուրաբյանի հարցազրույցը եւ ոչինչ չհասկացա. ինչո՞ւ պայքարը չի շարունակվում, ինչո՞ւ չի բողոքարկվել ի սկզբանե, երբ իմացել են, որ ընտրությունները նշանակված են օրենքի խախտումով (պետք է լինեին դեկտեմբերի 20-ին, եղել են ավելի ուշ – Ն. Գ.)։ Ես այդ բոլորին մեկնաբանություն եւ տրամաբանական բացատրություն տալ չեմ կարողանում։ Եթե Կոնգրեսը մտնում է մի գործընթացի մեջ, պետք է գոնե ունենա առավելագույն շանս՝ այն շահելու, եւ գնա դրա հետեւից։ Եթե նախօրոք իմացել են, որ պարտվելու են եւ մտել են, ես դա համարում եմ սխալ»: Այս առիթով Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն «Առավոտի» հետ զրույցում օրինակ բերելով Freedom house-ի ուսումնասիրությունները եւ գնահատման սանդղակը՝ նկատեց, որ ֆաշիստական ռեժիմ հռչակվելու համար Հայաստանին, ըստ այդ հեղինակավոր կազմակերպության տվյալների, մեկ միավոր է պակասում. «Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները՝ շատ լավ իմանալով, թե ինչ է իրենց սպասվում, որոշեցին մեկ անգամ եւս այդ պայքարի միջոցով բարձրաձայնել Հայաստանում տիրող իրական վիճակի մասին: Դրանք ընտրություններ չէին, խայտառակություն էին, եւ կենտրոնի բնակիչներն անգամ ծիծաղում են իշխանությունների կողմից իրենց խամաճիկին նկարած թվերի վրա»:

Շիրխանյանն անդրադարձավ նաեւ ՀԱԿ-ի մարտավարությանը եւ, ընդհանրապես, Հայաստանում ընդդիմության անհաջողությունների պատճառներին. «Նախ՝ իշխանությունը ոչ մի կերպ չի ուզում զիջել իշխանությունն ուրիշին: Ապա՝ Հայաստանում ընդունված է մի մոտեցում, երբ ասում ես՝ այ, գնում ենք ընդդիմադիր պայքարի, ասում են՝ լիդերն ո՞վ է: Լիդերը պետք է լինի կոլեգիալ մարմնի ղեկավար, եւ կոլեգիալ որոշումներ պետք է ընդունվեն: Դրանք չեղան ոչ 96-ին, ոչ 98-ին, ոչ 2003-ին, ոչ 2008-ին: Այսինքն՝ այսօր Կոնգրեսի քաղխորհուրդն այն մարմինը չէ, որը կայացնում է որոշումներ եւ պարտադրում է բոլորին: Ցավոք, այդպես չէ: Հակառակ պարագայում Կոնգրեսն ավելի մեծ հաջողությունների կհասներ»: Նրա կարծիքով, 1996-ին Վազգեն Մանուկյանն էր որոշումներ կայացնում, հետո՝ Կարեն Դեմիրճյանը, հետո՝ Ստեփան Դեմիրճյանը, հիմա՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Գուրգեն Եղիազարյանը համակարծիք չէ, որ ՀԱԿ քաղխորհուրդը որոշում կայացնող մարմին չէ, եւ որ Տեր-Պետրոսյանը միանձնյա է որոշումներ կայացնում. «Էդ հոգավորը (Շիրխանյանը- Ն. Գ.) ի՞նչ կասի՝ ոչ մեկի հետաքրքիր չէ: Նման զուռնա-դհոլներ, ժողգործիքային նվագախմբեր իշխանությունը շատ ունի»: ՍԴՀԿ ԿՎ անդամ Վահան Շիրխանյանը ՀԱԿ-ին փաստացի մեղադրեց նաեւ ՍԴՀԿ-ն պառակտելու մեջ. «Կուսակցությունն ինքն իր ներքին խնդիրները կարող էր հանգիստ լուծել, եթե չլիներ արտաքին միջամտությունը՝ եւ Կոնգրեսի կողմից, եւ այլն։ Իհարկե՝ առաջին հերթին Կոնգրեսի, որովհետեւ այն պահից, երբ համահնչակյան կառույցը ճանաչեց արդեն անցկացված համագումարը եւ նրա ընտրած մարմինը, Կոնգրեսը չպետք է շտապեր ասել, որ ինքը պաշտպանում է մեկ այլին»: Գուրգեն Եղիազարյանն էլ «Առավոտին» փոխանցեց, որ Կոնգրեսը կապ չունի, եւ որ ներկուսակցական այդ խնդիրները հեշտությամբ լուծվել չէին կարող. «Բացի կոնստրուկտիվ եւ խելամիտ առաջարկներից՝ Կոնգրեսը ոչ մի այլ քայլ չի արել: Իրենց հանձնարարված է իշխանության մաս կազմել՝ ամեն գնով մնալով Կոնգրեսում, իրենք այդ խնդիրը լուծում են: Մենք ո՞նց կարող ենք այդ մարդկանց հետ ճանապարհ անցնել: Այդ խամաճիկային ՍԴՀԿ-ն դատի է տվել համահնչակյան 19-րդ համագումարին, եւ իրենց սկսած այս պրոցեսում պատասխանողը համահնչակյան 19-րդ համագումարն է, որը կայացավ 2009թ. սեպտեմբերի 26-ին, որը Լյուդմիլա Սարգսյանին ընդունել է որպես ատենապետ, բանաձեւել է, որ հայաստանյան ՍԴՀԿ-ի գործունեությունը դրական է գնահատում եւ առաջընթաց է արձանագրում, այսօր ասել, որ Լ. Սարգսյանը լեգիտիմ չէ՝ առնվազն ծիծաղել եւ թքել է համահնչակյան 19-րդ համագումարի, ասել է թե՝ բարձրագույն մարմնի վրա: Իրենց տերերի պատվերը կատարելու համար այդ հոգավորները նույնիսկ նման բաների վրա են ձեռք բարձրացնում: Փաստորեն, այդ մարդիկ չափազանց շատ են կարեւորում իրենց տիրոջը՝ Սերժ Սարգսյանին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել