Ոստիկանության աղբյուրներն ասում են, թե ԱԺ պատգամավորներից որեւէ մեկը ռեստորանում տեղի ունեցած միջադեպի հետ ուղղակի առնչություն չունի:
Հունվարի 11-ին «Ջիանի» ռեստորանային համալիրում ԱԺ երկու պատգամավորների՝ ՀՀԿ խմբակցության անդամներ գեներալ Սեյրան Սարոյանի եւ Լեւոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովի» կողմնակիցների միջեւ տեղի ունեցած ռազբորկան շարունակում է մնալ հատկապես մամուլի ուշադրության կենտրոնում: Նույնիսկ օրեր անց այդ միջադեպի առնչությամբ, որի արդյունքում երեք հոգի կալանավորվել է խուլիգանության եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքներով, նոր մանրամասներ են ի հայտ գալիս: «Առավոտի»՝ ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները մեզ հետ զրույցում վստահեցնում են, թե մամուլում հրապարակված ոչ բոլոր տեղեկություններն են լիարժեք կամ նույնիսկ որոշ մանրամասներ ուղղակի աղավաղված են ներկայացվում: Օրինակ, ըստ այդ աղբյուրների, միջադեպին ԱԺ պատգամավորներից որեւէ մեկը անմիջական մասնակցություն չի ունեցել, ու միջադեպն էլ, ըստ էության, ամենեւին էլ երգիչ Սարոյի ու ԱԺ պատգամավոր «Ալրաղացի Լյովի» բանդայի միջեւ վիճաբանությունից չի ծագել: Իրականությունը, ըստ միջադեպի՝ արդեն պարզված հանգամանքների, այն է, որ հիշյալ օրը «Ջիանիի» երգիչ Սարո Թովմասյանը հարբած վիճակում վիճաբանել է համալիրի հաճախորդներից մեկի, ում անունը ոստիկանությունը խնամքով թաքցնում է, եւ նրա ուղեկիցների հետ, ինչին ականատես են եղել նույն պահին ռեստորանում հաճախորդի կարգավիճակով գտնվող «Ալրաղացի Լյովն» ու ընկերը՝ Էջմիածնի վարչական շրջանում՝ Փարաքարի ճանապարհին գտնվող «Գլորիա» խաղատան սեփականատեր Գրիգոր Սուքիասյանը: Վերջինս իր պատգամավոր ընկերոջ հորդորով մոտեցել է արդեն բորբոքված վիճաբանողներին եւ երգիչ Սարոյին փորձել է կարգի հրավիրել՝ ասելով, թե հաճախորդը տարիքով մարդ է ու ավելի լավ է ինքը՝ Սարոն, գնա մի քիչ հանգստանա, իսկ հաճախորդներին էլ հասկացնել է տվել, թե երգիչն ուղղակի խմած է ու վեճը շարունակելու իմաստ չկա: Էջմիածինցի Սարոն, սակայն, ոչ մի կերպ չի հանգստացել. նախ՝ հայհոյել է Գրիգորին, իսկ սկսված քաշքշուկի ժամանակ, գիշերվա կեսին, հասցրել է զանգել է իր մտերիմներին՝ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի անվտանգության պետ Ռոմանին: Վերջինս էլ, առանց Սարոյանի հետ խորհրդակցելու, իր տղաներով, այդ թվում՝ գեներալի անվտանգության աշխատակից Հայկի հետ, ժամանել են «Ջիանի», մտել են ներս ու առանց հարցուպատասխանի ջարդել են ձեռքի տակ ընկած ամեն ինչ եւ ծեծի են ենթարկել «Գլորիայի» սեփականատիրոջը, իսկ Հայկը նաեւ «ATMACA 2008 LIGHT 57383» տիպի գազային ատրճանակով սկսել է համալիրի սրահում անկանոն կրակել: Մեր աղբյուրները հավաստիացրին, թե գեներալ Սարոյանը դեպքի վայր չի էլ եկել, իսկ պատգամավոր Լ. Սարգսյանն էլ կռվողներին բաժանողի դերում է եղել: Նրանք հերքեցին, թե ոստիկանության հատուկ ջոկատայինները ռեստորան են ժամանել հենց «Ալրաղացի Լյովի» կանչով: Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների ասելով՝ «Ջիանիում» տեղի ունեցած կռվի մասին ոստիկանությանն ահազանգել են այդ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները, որոնք նախ՝ մտել են համալիր, բայց ոչինչ անել ի վիճակի չլինելով՝ ահազանգել են ոստիկանություն ու օգնական ուժեր են խնդրել: Դեպքի վայր են ժամանել նաեւ կարմիրբերետավորներ եւ միջադեպի բոլոր մասնակիցներին բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Արդյունքում հունվարի 14-ին Սարոյանի երկու թիկնապահներն ու երգիչ Սարոն կալանավորվել են: Միջադեպի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ երկու հոդվածների՝ «ապօրինի զենք-զինամթերք» եւ խուլիգանություն հատկանիշներով:
Նույն աղբյուրներն ասում են, թե միջադեպից անմիջապես հետո շատերն են բերման ենթարկվել կամ հրավիրվել ոստիկանության բաժին, բայց նրանք բացատրություններ տալուց հետո ազատ են արձակվել: «Առավոտի» տեղեկություններով, գործով անցնում են մոտ մեկ տասնյակ վկաներ, այդ թվում՝ «Ջիանիի» մի քանի՝ հանրությանը ծանոթ երգիչներ:
Երեկ հերթական անգամ հանրապետական պատգամավորների անունների հետ կապվող այս միջադեպի առնչությամբ լրագրողները խնդրել են ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունը, վերջինս հայտարարել է, թե՝ դա չպետք է կապել կուսակցության հետ. «Մարդ եթե հանցագործություն է կատարում, դա կուսակցական պատկանելության հետ կապ չունի: Կան մարդիկ, ովքեր օրենքը չեն խախտում, կան, որ խախտում են: Եթե Հայաստանի որեւէ քաղաքացի, անկախ իր կարգավիճակից ու խնամիա-բարեկամական կապերից, խախտել է օրենքը, պետք է պատժվի»: