Ի տարբերություն ՀՅԴ-ի՝ «Ժառանգությունն» անհեռանկար է համարում կոալիցիայի պատգամավորներին համոզելը, որ դեմ քվեարկեն հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը վերջերս հայտնել էր, որ «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի համագործակցության հետագա ճակատագիրը պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչ դիրքորոշում կարտահայտի ՀՅԴ-ն հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության մասին ՍԴ որոշման վերաբերյալ: Երեկ «Հայացք» ակումբում Ստեփան Սաֆարյանն արձանագրեց, որ այդ որոշման վերաբերյալ «Ժառանգության» եւ ՀՅԴ գնահատականները տարբեր են, եւ այս առնչությամբ «ճեղքվածք» կա ընդդիմադիր դաշտում:
Տարօրինակ համարելով, որ «ոչ մի խնդրի հստակ պատասխան չտված» ՍԴ որոշման մեջ նկատվել են «լավատեսական նոտաներ»՝ Ստեփան Սաֆարյանն ասաց. «Անգամ նախկինում այս արձանագրությունների նկատմամբ մեզ հետ համահավասար ծայրահեղ գնահատական ունեցող քաղաքական ուժերի դիրքորոշումներում այս պահին նկատվում են փոփոխություններ: Դա նշանակում է, որ դաշտում ձեւավորվում են նոր կոմբինացիաներ. կարո՛ղ են ձեւավորվել՝ եթե այդ փոփոխությունների եւ դիրքորոշումների վերաբերյալ շտկումներ չլինեն առաջիկայում: Սա նշանակում է, որ 3 հիմնական խմբեր են լինելու` «Ժառանգությունը» դաշտի այն տիրույթում է, որը բացահայտ դեմ է, դժգոհ եւ չի ընդունում ՍԴ այդ որոշումը, 2-րդ խումբը՝ միգուցե ընդդիմադիր ուժեր, որոնք մասնակիորեն բավարարված են ՍԴ որոշմամբ. ՀՅԴ-ն, համենայնդեպս, նման դրական նոտաներ արտահայտել է, եւ 3-րդը՝ քաղաքական ուժեր, այդ թվում եւ ընդդիմադիր, որոնք ամբողջովին կողմ են եւ բավարարված այս արձանագրություններից»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նաեւ ասաց. «ՀՅԴ մեր գործընկերներն արդեն իսկ հայտարարել են, թե պայքարի իրենց թատերաբեմը տեղափոխվում է ԱԺ: Անկեղծ ասած՝ մենք ԱԺ-ում պայքարի թատերաբեմ չենք տեսնում՝ համենայնդեպս, մեր մյուս գործընկերներին համոզելու կամ նրանց վրա ճնշում գործադրելու առումով: (Ավելի ուշ հստակեցրեց, որ նման պայքարը համարում է «անհեռանկար», եւ հավելեց. «Միգուցե դա չարդարացված հոռետեսություն է, բայց նաեւ հենվում է փորձի վրա» – Ա. Ի.): Մեծամասնություն կազմող 3 քաղաքական ուժերի ներկայացուցիչները գրեթե ամեն շաբաթ խմբակցության ղեկավարի, քարտուղարի կամ որեւէ բանախոսի շուրթերով հայտարարում են, թե իրենք խնդիր չունեն, իրենք վավերացնելու են: Հետեւաբար՝ մենք գնանք ի՞նչ համոզենք այդ մարդկանց, երբ որ արդեն իսկ ԱԺ-ում քվեարկության արդյունքները խիստ կանխատեսելի են»:
«Առավոտի» հարցին՝ հետագայում ՀՅԴ-ի հետ միասնաբա՞ր են հանդես գալու՝ պատասխանեց. «Մեր սահմանափակ ռեսուրսներն առավելապես կենտրոնացնելու ենք ՍԴ որոշման հետեւանքները վերացնելու համար: Կունենա՞նք լրացուցիչ ռեսուրսներ՝ մասնակցություն ունենալու կամ օգնելու մյուս խնդիրներով ՀՅԴ-ին կամ այլ ընդդիմադիրների, դա նույնպես կանենք»:
«Տեսակետ» ակումբում հյուրընկալված ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին «Առավոտը» փոխանցեց Ստեփան Սաֆարյանի այս հայտարարությունները եւ հետաքրքրվեց՝ փաստորեն «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի ճանապարհները սկսում են բաժանվե՞լ. «Ես կարծում եմ՝ մեր ճանապարհները չեն կարող բաժանվել, որովհետեւ երկուսիս գլխավոր նպատակն էլ այս արձանագրությունների՝ այն ձեւով, ինչ ձեւով առկա են, կյանքի կոչելու վիժեցումն է: Եվ այստեղ մենք ունենք բնական շահեր, որոնք համընկնում են: Այլ բան, թե մարտավարական առումով մեզնից յուրաքանչյուրը ինչպես է դա պատկերացնում»: Արծվիկ Մինասյանը «Ժառանգության» մասին ասաց. «Չեմ ուզում գնահատական տալ քաղաքական այդ կարեւոր ուժի վարքագծին, բայց կարծում եմ՝ իրենք մի քիչ շտապեցին գնահատական տալու առ այն, որ ՍԴ որոշումը ոչ մի բան չի տալիս եւ այլն: Իրականում գործընթացը ոչ միայն քաղաքական է, այլեւ իրավական: Եվ մենք հայտարարելով, որ սկսում ենք պայքարի հաջորդ փուլը՝ ԱԺ-ում պատգամավորների հետ աշխատանքը, պետք է համատեղ ուժերով հասնենք նրան, որ արձանագրությունները չվավերացվեն այն տեսքով, ինչ ստորագրվել են»։
Հ. Գ. «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դեկտեմբերի 30-ին Արեւմտյան Հայաստանից բերված հող էր նվեր ուղարկել ՍԴ անդամներին եւ ԱԺ պատգամավորներին: Արծվիկ Մինասյանը վրդովմունք արտահայտեց այս առնչությամբ. «Սա հարիր չէ այն անձին, որն իրեն համարում է ազգայնական եւ փորձում է այդպիսի նվեր մատուցել մեկ այլ ազգայնական քաղաքական ուժի ներկայացուցիչներին»: