Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՄԿՆԵՐԸ

Հունվար 15,2010 00:00

Բջջային հեռախոսների էլեկտրամագնիսական ճառագայթումը ի վիճակի է կանխել ծերունական թուլամտությունը եւ նույնիսկ կարգավորել գլխուղեղի ֆունկցիաները ծեր տարիքում: Այս եզրահանգմանն են եկել ամերիկացի գիտնականները՝ երկարատեւ փորձարկումների ընթացքում: Այդ փորձարկումներն արվել են այն մկների վրա, որոնք նմանատիպ հիվանդությունների զարգացման գենետիկ նախատրամադրվածություն ունեին: Ընդհանուր առմամբ, փորձարկվել է մոտ 96 մուկ: Կրծողների վանդակները տեղադրվել էին հավասար հեռավորության վրա էլեկտրամագնիսական ճառագայթներից, որոնց ազդեցությունը կենդանիների վրա նույնն է, ինչ աշխատող բջջային հեռախոսինը:
Փորձարկմանը մասնակցող մկների մի մասը բջիջներում եւ հյուսվածքներում բետա-ամիլոիդ սպիտակուցի կուտակման գենետիկ  նախատրամադրվածություն ուներ: Այդ գործընթացը, որը զարգանում է ծեր հասակում, ուղեկցվում է հիշողության խախտումներով, մտավոր կարողությունների թուլացմամբ եւ պայմանավորված է Ալցգեյմերի հիվանդության տարածված ձեւի առաջացմամբ:
7-9 ամիս մկներն օրական 2 ժամ ենթարկվում էին էլեկտրամագնիսական ճառագայթների ազդեցությանը: Այնուհետեւ գիտնականները մի շարք ստանդարտ թեստեր են անցկացրել՝ մկների մտավոր կարողության եւ հիշողության ստուգման համար: Ինչպես պարզվել է, էլեկտրամագնիսական ճառագայթների շարունակական ընդունումը կանխել էր վերոնշյալ հիվանդությունների առաջացումը, եւ նմանատիպ հիվանդությունների զարգացման գենետիկ նախատրամադրվածություն ունեցող մկները ոչնչով չէին զիջում առողջ մկներին: Հարկավոր է ընդգծել, որ փորձարկմանը մասնակցած առողջ մկները ավելի հեշտ էին հաղթահարում թեստերը՝ ի տարբերություն ճառագայթում չընդունած սովորական մկների:
Ամերիկացի գիտնականների կարծիքով, հայտնաբերված դրական ազդեցությունը կապված է արյան արագ շրջանառության, ինչպես նաեւ ուղեղի հյուսվածքներում ընթացող նյութափոխանակության հետ: Այն, մեծ հավանականությամբ, կարող է տարածվել նաեւ մարդկանց վրա: Գիտնականները չեն բացառում, որ հետագայում այս մեթոդը կարող է օգտագործվել Ալցգեյմերի հիվանդության կանխարգելման եւ բուժման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել