Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկական բացիկների պահանջարկը մեծացել է

Հունվար 15,2010 00:00

Միմյանց բացիկ նվիրելու ավանդույթը վերականգնվում է

Ամանոր, Սուրբ Ծնունդ, տարեդարձ… Այս եւ այլ միջոցառումներին, առիթներին բարեմաղթանքներով բացիկներ ստանալը շատերին է հաճելի, մասնավորապես, երբ բացիկը աչքի է ընկնում իր յուրահատուկ ոճով, նկարազարդությամբ եւ այնտեղ զետեղված քառատողով:
Խորհրդային տարիներին գրախանութներում, նվերների, հուշանվերների վաճառակետերում, թերթերի կրպակներում, հայերեն ինքնագրերով բացիկներ շատ քիչ էին վաճառում, գերակշռում էին ռուսերեն բարեմաղթանքներով բացիկները: Հետխորհրդային շրջանում ավելի լայն տարածում գտան անգլերեն, ֆրանսերեն եւ այլ լեզուներով գրառումներով, եվրոպական նկարազարդումներով բացիկները: Բայց այսօր պատկերն այլ է, եւ բազմաթիվ են այն կրպակները, որտեղ վաճառվող բացիկների մեջ շատ են նաեւ հայերեն ու Հայաստանը բնութագրող բացիկները. այդ մասին համոզվեցինք՝ շրջելով Երեւանում տեղակայված կրպակներով:
«Հայերեն բարեմաղթանքերով ու Հայաստանը բնութագրող բացիկներն այսօր ավելի մեծ պահանջարկ ունեն, քան օտարալեզուները»,- մեզ հետ զրույցում ասաց մետրոյի «Բարեկամություն» կայարանի տարածքին հարող գրենական պիտույքների խանութի աշխատակից Նարինեն:
«Մուշեղ Իշխան» գրենական պիտույքների խանութի վաճառողն էլ հայտնեց. «Այս տարի միայն հայկական բացիկներ են հարցնում, օտարալեզու եւ ամերիկյան պատկերներով բացիկները կարծես էլ ոչ մեկին չեն գրավում՝ որքան էլ որ գեղեցիկ են, հեքիաթներ հիշեցնող պատկերներով, միեւնույն է, յուրաքանչյուր հաճախորդ անմիջապես ցուցատախտակի վրա փնտրում է հայկական բացիկ` հիմնականում այնպիսին, որի վրա Հայաստանն է պատկերված»:
«Նոյյան տապան» գրախանութում պատկերն այլ էր, այնտեղի աշխատակից Գոհարի խոսքով, հայկական բացիկներն այնքան էլ մեծ պահանջարկ չունեն. «Չեմ ժխտում՝ շատերն են հարցնում՝ իսկ չունե՞ք հայերեն բարեմաղթանքներով բացիկներ: Բայց երբ ցուցադրում եմ բացիկների մեր առաջարկած տեսականին՝ հայկականի մասին մոռանում են, որովհետեւ հայկական բացիկներ արտադրողները չեն կարողանում այնպիսի նկարազարդ, գրավիչ շապիկներ ստեղծել, ինչպիսին օտարալեզուներն են: Եվ հետո հայկականները չունեն լավ որակ: Իսկ իրականում շատ քիչ են հայկական բացիկներ տպող ընկերությունները, եթե տպում էլ են՝ ցածրորակ, իսկ ցածրորակները մենք մեր գնորդներին չենք առաջարկում: Չնայած չեմ ժխտում, որ հայկական գեղեցիկ բացիկներ եւս կան, հիմնականում ձեռքի աշխատանքներ են, եւ դրանց ինքնարժեքը բավական բարձր է»:
Մաշտոցի պողոտայի անցումում գտնվող բացիկների եւ հուշանվերների խանութի վաճառողուհի Սոնան էլ ասաց. «Հայկական բացիկներ որպես այդպիսին չկան: Բայց այս տարի, հատկապես տոն օրերին, մեծ պահանջարկ նկատվեց, քանի որ ամեն երկրորդ նվեր ընտրող ցանկանում էր գնել հայերեն գրված բացիկներ: Հետաքրքիրն այն էր, որ այս տարի բացիկներն ասես ավելի կարեւոր տեղ էին զբաղեցնում, քան նվերները, այսինքն՝ մարդիկ ավելի կարեւորություն էին տալիս բացիկներին եւ դրանցում առկա բարեմաղթանքներին, քան նվերին կամ դրա արժեքին»:
Հայկական բացիկների գները, ի տարբերություն օտարալեզուների, տատանվում են ու հիմնականում պայմանավորված են տվյալ կրպակի հայտնիությամբ: Օրինակ, «Նոյյան տապան» գրախանութի հայկական բացիկները, որոնք միայն ձեռքի աշխատանքներ էին, սկսվում էին 700 դրամից մինչեւ 1100 դրամ, իսկ օտարալեզուները՝ 500-ից միչեւ 1800: «Մուշեղ Իշխանում» հայկական բացիկների գները սկսվում են 300 դրամից, իսկ մնացյալը՝ 200-ից: Մաշտոցի պողոտայի կրպակներում էլ հայկական բացիկների գները տատանվում են 600-800-ի սահմաններում, իսկ արտասահմանյանը սկսվում էր 250 դրամից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել