Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐԸ ԵՐԵԽԱՅԻՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ

Հունվար 15,2010 00:00

Ընդօրինակելով հայկական հեռուստասերիալների հերոսներին՝ մեր մանուկները ձգտում են կյանքում դառնալ ավելի շուտ հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ, քան օրինապաշտ ոստիկաններ:

\"\"

«Այսօր ցուցադրվող հայկական սերիալների մեծ մասը խաթարում է երեխաների հոգեբանությունը եւ դարձնում նրանց պոտենցիալ հանցագործներ»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց հոգեբան Արման Առաքելյանը: Նրա համոզմամբ, ֆիլմերը շատ մեծ ազդեցություն են թողնում երեխաների վրա, ուստի պատահական չէ, որ շատ պետություններ վերահսկում են հեռուստաեթերով ցուցադրվող ֆիլմերը եւ թույլ տալիս հեռարձակել միայն այնպիսի սերիալներ ու ֆիլմեր, որոնք հենված են ազգային գաղափարախոսության վրա. «Մեր հայկական սերիալները, որպես այդպիսին, ազգային գաղափարախոսությանը նույնիսկ հակասում են եւ նպաստում երեխաների հանցագործ դառնալուն: Մեր բոլոր ֆիլմերում ոստիկանի, օրենքի մարդու կերպարն այնքան է ընկել, որ այսօր ոչ մի երեխա չի ուզում ոստիկան դառնալ, ուզում են դառնալ «Որոգայթ» սերիալի Հովոն, Միրոն, Երեմը եւ հանցագործ աշխարհի այլ ներկայացուցիչներ: Ոչ մի ուսուցողական բան այդ հեռուստասերիալներում ես չեմ տեսնում: Որքան էլ ֆիլմը ստեղծողներն արդարանան, որ թող երեխաները տեսնեն վատը ու հասկանան դա վատ է՝ չանեն, այդ ֆիլմերում հանցագործների կերպարներն այնքան իդեալականացված են ներկայացված, այնքան լավ ֆոնի վրա է, որ երեխաները հենց նրանց են ուզում նմանվել»:
«Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Որոգայթ» սերիալում հանցագործները ոստիկաններին մատների վրա ֆռռացնում են, ոստիկանության պետ Ավագյանը գնում է հանցագործ աշխարհի ներկայացուցիչ Հովոյի տուն՝ սպանության վերաբերյալ ինֆորմացիա ստանալու, ինչը ցավալի է եւ նույնիսկ ամոթալի՝ ոստիկանի համար: Ըստ հոգեբանի, ֆիլմերում պետք է այնպես անեն, որ հասարակության վերաբերմունքը փոխվի ոստիկանության վերաբերյալ, որ մարդիկ հարգեն ոստիկանին. «Ռուսական սերիալներում նույնպես մաֆիա կա, կան հանցագործություններ, բայց երբ նայում ես այդ ֆիլմերը՝ ուզում ես այդ ոստիկանի տեղը լինել: Ֆիլմերից են երեխայի մեջ ձեւավորվում գաղափարները: Մեր ֆիլմերում հանցագործությունն է գլխավոր գաղափարախոսությունը, չկա ոստիկանի կերպարի նկատմամբ հարգանքը: Հայկական սերիալներում բազմաթիվ հանցագործություններ են արվում ու չեն բռնվում, եւ հենց դա է ձեւավորվում մեր երեխաների մեջ»:
Շատ բանկային գողություններ կան, որոնց գաղափարներն ու մեթոդները սերիալներց ու ֆիլմերից են վերցված: Եթե մարդու երեւակայությունը չի բավականացնում գողություն անելու համար, ֆիլմը հուշում է եւ լրացնում մարդու երեւակայությունը:
Ներկայումս հեռուստաեթերում ցուցադրվող կրիմինալ սերիալների հեղինակներն ասում են՝ եթե ծնողը գտնում է, որ իր երեխային վնաս է տվյալ սերիալը, ուսուցողական չէ, թող փոխի ալիքը եւ չթողնի, որ իր երեխան նայի այն: Մինչդեռ, մեր զրուցակցի համոզմամբ, միայն հեռուստացույց չնայելով խնդիրը չի լուծվում. «Երեխան դուրս է գալիս, շրջապատում բոլորը խոսում են այդ օրվա սերիայի մասին, ու երեխան ուզում է ինքն էլ տեղեկացված լինել ու մասնակցել զրույցին»: Այսօր փողոցում բոլոր երեխաների խոսակցության թեման Ջոկերն է, հանցագործ աշխարհի արխիվների որոնումները, Ռուդոլֆի հանցագործությունները:
Վերջերս ավարտված «Կյանքի գինը» հեռուստասերիալում նույնպես քարոզվում էր անպատժելիությունը, ֆիլմում հերոսներին չիպեր էին տալիս, հրահանգում, որ սպանի՝ սպանում էին, ծեծում էին, մեքենաներ էին պայթեցնում, փողոցի մեջտեղում մարդ էին գնդակահարում ու այդ ամբողջ ընթացքում ոստիկանները «էշի ականջում քնած էին»: Այդ ֆիլմում նաեւ ցուցադրեցին, որ մեր դատախազները ծախված են, նրանց դեմ խաղ չկա, տարիներ ի վեր նրանք իրենց պաշտոնում են, ով փող է տալիս՝ նրան էլ ծառայում են… Սա են քարոզում այսօրվա հայկական սերիալները:
Բնականաբար, այդ հեռուստասերիալները կոմերցիոն նպատակով են ստեղծված, եւ ֆիլմերի հեղինակներն արդարանում են, որ նման կրիմինալ ֆիլմերի պահանջարկ կա, սակայն, հոգեբանի կարծիքով, առաջարկն է ծնում պահանջարկ, եթե նման ֆիլմեր չստեղծեն, մարդիկ չեն նայի, ինչ հրամցնում են՝ դա էլ հեռուստադիտողն ընդունում է:
Տեսություն կա, որ հանցագործներ ոչ թե դառնում են, այլ ծնվում. մեր զրուցակիցը այդ կարծիքին չէ: Ըստ նրա՝ հանցագործներ ձեւավորվում են. «Հայաստանում շատ բաներ կան, որոնք դրդում են մարդուն հանցագործ դառնալու: Օրինակ, վատ սովորող դպրոցականը հանցագործ դառնալու մեծ վտանգի տակ է, որովհետեւ մեր դպրոցներում հենց երեխան մի քիչ չի հասցնում դասերը կատարել, թե՛ ուսուցչուհին, թե՛ տնօրենը նրան այլ կերպ են վերաբերվում, ծույլիկ են ասում, ծնող են կանչում, բոլորի մոտ նրան փնովում: Մինչդեռ հնարավոր է երեխան պարզապես չի հասցնում սովորածը մարսել, նրան դպրոցում այլ երեխաներից տարբերակելով՝ նրա հոգեբանական վիճակը փոխվում է, նա ընկնում է փողոց ու ընկերություն անում իր նման մերժվածների՝ ծույլիկների հետ: Բավական է երեխան դպրոցում մի չարաճճիություն անի, ինչը նորմալ է բոլոր երեխաների համար, դպրոցում ծնող են կանչում ու ասում՝ ձեր տղան խուլիգանություն է արել: Երեխան սա լսելով՝ քիչ-քիչ դառնում է իսկական խուլիգան: Նա մեղավոր չէ, որ իր վրա ազդել է ուսուցչի դիտողությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել