Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հունվար 15,2010 00:00

ԼԵՎՈՆԻՆ՝ «ԱՐԾԱԹ», ՎԼԱԴԻՄԻՐԻՆ՝ «ԲՐՈՆԶ»

\"\"Բուրսայում ավարտված շախմատի աշխարհի թիմային 7-րդ առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականն անմասն մնաց մրցանակային տեղերից: Սակայն մեր ամենափորձառու երկու գրոսմայստերները, այնուամենայնիվ, մեդալ նվաճեցին:
Առաջին խաղատախտակի առջեւ հանդես եկող Լեւոն Արոնյանը մասնակցեց բոլոր ինը տուրերին եւ իր անվան դիմաց գրանցելով 6,0 միավոր, նույնքան, որքան առաջինը ճանաչված Հիկարու Նակամուրան՝ արժանացավ անհատական արծաթե մեդալի: Ամերիկացին հայ շախմատիստից առաջ անցավ միայն նրա համար, որ խաղացել էր ութ պարտիա: Սա բարձր ցուցանիշ է, քանի որ բոլոր թիմերը գլխավորում էին այդ երկրների առաջատարները:
Անհատական «բրոնզ» նվաճեց Վլադիմիր Հակոբյանը (2-րդ խաղատախտակ), որն աշխարհի առաջնությունում 9 հնարավորից վաստակեց 9,0 միավոր:

ԻՆՉՈ՞Ւ ԱՐՈՆՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ «Corus Chess»-ԻՆ

Այսօր Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում մեկնարկում է շախմատի «Corus Chess» ավանդական գերմրցաշարը, որի «A» կարգի մրցաշարին մասնակցում են աշխարհի 14 ուժեղագույն գրոսմայստերներ՝ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Պետեր Լեկոն (Հունգարիա), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա), Սերգեյ Կարյակինը (նա արդեն ներկայացնում է Ռուսաստանը), Լենյեր Դոմինգեսը (Կուբա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Նայջըլ Շորթը (Անգլիա), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Սերգեյ Տիվյակովը, Լյուկ վան Վելլին, Յան Սմիթը (բոլորն էլ՝ Նիդեռլանդներ): «Corus»-ի կազմակերպիչները, անկասկած, հրավեր ուղարկել են Վեյկ-ան Զեեի վերջին երկու մրցաշարերի հաղթող Լեւոն Արոնյանին: Սակայն մեր լավագույն գրոսմայստերի անունը մրցաշարի պաշտոնական կայքում բացակայում է: Քանի որ Լեւոնը հիմնականում գտնվում է Հայաստանից դուրս, միշտ բազմազբաղ է, եւ նրա ծրագրերի մասին դժվար է հստակ տեղեկություն ստանալ, կարելի է միայն ենթադրություններ անել: Կարծում ենք, Արոնյանն այս անգամ «Corus Chess»-ից հրաժարվել է աշխարհի թիմային առաջնությանը մասնակցելու պատճառով եւ, որքան տեղյակ ենք, նա այդ մասին ասել է դեռ անցած տարվա վերջին: Բանն այն է, որ աշխարհի թիմային առաջնությունն ավարտվեց հունվարի 13-ին, իսկ «Corus Chess»-ը մեկնարկում է արդեն այսօր: Հետեւաբար, բոլոր տուրերին մասնակցած Լեւոնին ծանր մրցաշարից հետո հանգստանալու, էլ չենք ասում՝ ուժերը վերականգնելու ժամանակ չէր մնում: Իսկ ինչ վերաբերում է դեռ տարեվերջին հրաժարվելուն, կարծում ենք, որ այդ քայլը նույնպես տրամաբանական է, քանի որ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն աշխարհի թիմային առաջնությունում պայքարելու էր չեմպիոնի կոչման կամ առնվազն՝ մրցանակային տեղ գրավելու համար: Եվ դա այդպես էր: Եզրափակիչ տուրում մեր տղաները դեռ մրցանակային տեղ գրավելու, թեկուզ, աղոտ, բայց հույս ունեին: Նման դեպքերում հասկանալի է, որ խաղատախտակների առջեւ պարտադիր պետք է նստեր հավաքականի հիմնական կորիզը:
Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, Արոնյանը հաստատ մասնակցելու է փետրվարի 12-25-ը կայանալիք մեկ այլ ավանդական՝ Լինարեսի գերմրցաշարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել