Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Հովհաննիսյանի հիշատակին

Հունվար 15,2010 00:00

Երեկ՝ անվանի կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդգար Հովհաննիսյանի ծննդյան տարելիցի օրը, մի խումբ մշակույթի գործիչներ, երկրպագուներ այցելել են Քաղաքային պանթեոն՝ կոմպոզիտորի շիրիմին հարգանքի տուրք մատուցելու: Վարպետի առաջին շրջանավարտներից կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը խոստովանեց, որ մասնագիտական կյանքում կայանալու հարցում պարտական է ուսուցչին, իսկ տարիներ անց նաեւ գործընկերոջը. «Ես նրա առաջին աշակերտներից եմ եղել, հետո միասին աշխատել ենք ռադիոյում, նրանից ընդօրինակել եմ որոշ հատկանիշներ, որոնք մինչ օրս փորձում եմ պահել: Բարձր եմ գնահատում նրա աշխատանքը մանկավարժության մեջ, մարդկային տեսակը եւ այն, որ Էդգար Հովհաննիսյանը երբեք չէր ներխուժում աշակերտների նոտաների մեջ, այլ խոսքով՝ առաջնորդում էր փոփոխությունների»:
Կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Կոմիտաս» քառյակի գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թադեւոսյանն էլ պատմեց, որ պատիվ է ունեցել վարպետի հետ աշխատել միեւնույն ստեղծագործությունների վրա. «Ես երջանկություն եմ ունեցել նրա հետ առնչվել ոչ միայն ստեղծագործական բնագավառում, նրա 4 կվարտետներից 2-ը նվիրված էին Կոմիտասին, մենք միասին ենք աշխատել այդ ստեղծագործությունների վրա: Բացի մեծանուն եւ տաղանդաշատ կոմպոզիտոր լինելուց, նա նաեւ լավ ընկեր էր՝ չնայած մեր տարիքային տարբերությանը: Հովհաննիսյանն ուներ բազմաթիվ ծրագրեր, որոնք անկատար մնացին»:
Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանին էլ կոմպոզիտորի ստեղծագործություններից հոգեհարազատ են հատկապես խմբերգերը. «Կոմպոզիտորն իր ակունքներում մշտապես զգացել է հայ մելոսը, նա գնահատել է հայկական ժողովրդական երգը եւ իր ստեղծագործություններում բազմաթիվ ձեռքբերումներով ներկայացրել՝ լինի կվարտետ, թե խմբերգային օպերա, բալետ կամ կամերային ստեղծագործություն: Մեր ժողովուրդը պարտք ունի վարպետի նկատմամբ՝ պետք է հրատարակել նրա ստեղծագործությունները, մեր համերգային դահլիճներում ավելի հաճախ հնչեցնել Էդգար Հովհաննիսյան»:
Երաժշտագետ Արմեն Բուդաղյանի հիշողություններում անվանի կոմպոզիտորը տպավորվել է նաեւ հասարակական գործունեությամբ. «Կոնսերվատորիայի ռեկտոր էր, Հայաստանի մանկական ֆոնդի նախագահ: Հիշում եմ, թե ինչքան ճկուն էր, խելացի եւ հնարամիտ: Նրան ու նրա վաստակը գնահատել դժվարանում եմ, Հովհաննիսյանն անգնահատելի էր իր բազմակողմանիությամբ, երաժշտի ջերմ հոգով, իր քաղաքացիական կերպարով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել