Կամ մերժված արժեքի պատմություն
Թոմա Աքվինացին հայտնել է այսպիսի մի միտք. «Առաջնորդներն ավելի կարիք ունեն իմաստունների, քան իմաստունները՝ առաջնորդների»։ Որպես օրինաչափություն՝ առաջնորդներին խանգարողները լինում են խորհրդականներն ու նրանց մոտ կանգնած մարդիկ։
Այն, ինչ տեղի ունեցավ պետական մրցանակի հանձնման արդյունքում, անհասկանալի է մի քանի առումով։ Թատրոնի եւ կինոարվեստի ոլորտում 9 հոգուց կազմված մասնագիտական հանձնախմբի հինգ անդամները փակ քվեարկությամբ պետական մրցանակի են առաջադրել Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Ak.Ak.» ներկայացումը՝ ըստ Գոգոլի «Շինել» վիպակի (ռեժիսոր՝ Ռուբեն Բաբայան)։ Գրականության եւ արվեստի բնագավառում ՀՀ պետական մրցանակի շնորհման կարգում հստակ ձեւակերպված է, որ «Մրցանակների շնորհման մասին հանձնախմբերի առաջարկությունների հիման վրա (ընդգծումը մերն է) մրցանակները շնորհում է ՀՀ նախագահը՝ համապատասխան հրամանագրով» (կետ 25)։ Դատելով այս ամենից՝ կարելի է ենթադրել, որ մրցանակի շնորհման ընթացքն ունի առավելապես արարողակարգային բնույթ, հակառակ դեպքում անհասկանալի է դառնում մասնագիտական հանձնախմբի՝ որպես միջնորդ օղակի գոյությունը, նրա դերն ու նշանակությունը պետության մշակութային կյանքում՝ մասնագիտական կարծիքի, գեղարվեստական չափանիշների ձեւավորման, արժեքների գնահատման խնդրում։ Հրապարակելով սույն հոդվածը՝ համապատասխան մարմիններից ակնկալում ենք նախ կանոնադրության վերոհիշյալ կետի մեկնաբանություն, մասնագիտական հանձնախմբի որոշման մերժման իրավական լուսաբանում, այնուհետեւ՝ այդ որոշման բարոյական հիմնավորումը։ Եթե մեծարգո պարոն նախագահը չի դիտել ներկայացումը եւ մերժում է մասնագիտական հանձնախմբի վճիռը, ապա ո՞ւմ տեսակետն է նկատի առնվել նման որոշում կայացնելիս։ Չի՞ նշանակում, արդյոք, որ այս քայլով կասկածի տակ է առնվում բնագավառի առաջատար մասնագետների իրազեկությունը թատերական իրողությունների արժեւորման խնդրում, ավելին՝ չի՞ անտեսվում, արդյոք, նրանց մասնագիտական արժանապատվությունը, անաչառությունն ու օբյեկտիվ կեցվածքը։ Ի դեպ, մասնագիտական հանձնախմբի կազմը հաստատում է ինքը՝ նախագահը։
Տեղի ունեցածի հանդեպ ակնկալում ենք նաեւ թատրոնի եւ կինոարվեստի ոլորտում պետական մրցանակներ շնորհող մասնագիտական հանձնախումբը նախագահողի կեցվածքի բացատրությունը։ Փաստի հանդեպ ի՞նչ դիրքորոշում ունի հանձնախմբի նախագահը, ինչո՞վ է հիմնավորում նա նման վճիռը եւ իր լռությունը այդ վճռի հանդեպ։
Անկախ այս պատմության հանգուցալուծումից՝ Ազգային թատերական ստեղծագործական միավորումը շնորհավորում է Ռուբեն Բաբայանին մասնագիտական բարձր գնահատանքի արժանանալու կապակցությամբ։ Համոզված ենք, որ «Ak.Ak.» ներկայացմամբ գեղագիտական նոր արահետ է բացվում հայ տիկնիկային արվեստում, նվաճվում է բեմական մշակույթի ու մտածողության նոր աստիճան, եւ դրա ազդեցությունն ու արդյունքներն արդեն ակնհայտ են երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներում։
Աղոթքներից մեկում ասվում է. «Տե՛ր, տո՛ւր ինձ հոգու անդորր՝ ընդունելու այն, ինչ չեմ կարող փոխել, տուր ո՛ւժ՝ փոխելու այն, ինչ կարող եմ, եւ իմաստնություն՝ տարբերելու դրանք միմյանցից»։