Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԺԻՇԿՆԵՐԻ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՀԱՍԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ

Հունվար 15,2010 00:00

Տարբեր երկրներում բարեգործական համերգներից ստացված հասույթը ուղղվում է կարիքավորներին

\"\"
Շտեֆան Վիլիխը (ձախից)՝ հայազգի բժիշկ-երաժիշտների հետ:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հունվարի 17-ին առաջին անգամ հայ հանդիսատեսին կներկայանա իր տեսակի մեջ միակ` Բժիշկների համաշխարհային նվագախումբը (ԲՀՆ)՝ հիմնադիր դիրիժոր Շտեֆան Վիլիխի ղեկավարությամբ:
Բնավ չվիճարկելով միակը լինելու հանգամանքը` նշենք, որ դեռեւս 1960-70-ականներին Երեւանի բժշկական ինստիտուտում գործել է, ԽՍՀՄ-ում միակ, ապագա բժիշկներից կազմված կամերային նվագախումբ՝ վաղամեռիկ կոմպոզիտոր, դիրիժոր Սերգեյ Աղաջանյանի ղեկավարությամբ: Հայկական նվագախումբը հայտնի էր ԽՍՀՄ-ում, նույնիսկ մի քանի համերգ էր ունեցել Արեւմուտքում, բայց խորհրդային «երկաթյա» վարագույրը խոչընդոտեց կոլեկտիվի համաշխարհային ճանաչմանը: Ցավով պետք է փաստել, որ հայաստանցի ապագա բժիշկների նվագախումբը ղեկավարի մահից հետո մոռացության մատնվեց…
Նախօրեին «Առավոտը» ներկա գտնվեց ԲՀՆ-ի առաջին փորձին: Մեզ հետ զրույցում ներկայացնելով իրենց առաքելությունը` Շ. Վիլիխը նախ նշեց, որ նվագախումբը հիմնադրվել է 2007թ.՝ Բեռլինում, գլխավոր նպատակը բուժօգնության մատչելիության ապահովումն է եւ առողջապահական քաղաքականության զարգացումը ողջ աշխարհում: «Նվագախմբի առաջին համերգը կայացել է Բեռլինի ֆիլհարմոնիայի դահլիճում, երկրորդը՝ Քլիվլենդի (ԱՄՆ) Սեվերանս սրահում, երրորդը՝ կրկին Բեռլինում: Հայաստանյան համերգը մեր չորրորդ բեմելն է: Ստացված հասույթը ծառայում է տվյալ երկրի առողջապահական խնդիրներին: Ինչ վերաբերում է հայաստանյան ելույթին, համերգի հասույթը փոխանցվելու է «Փրկություն» հաշմանդամ երեխաների կենտրոնին»,- հավելեց նա:
Հետաքրքրությանը՝ ինչպե՞ս կբացատրի նվագախմբի նպատակի իրականացումը 6 միլիարդից ավելի բնակչություն ունեցող աշխարհում, մեր զրուցակիցը, որը Բեռլինի Շարիտե համալսարանի բժշկական կենտրոնի բժշկագիտության պրոֆեսոր է եւ շուրջ 400 գիտական հոդվածների հեղինակ, ասաց. «Տարվա ընթացքում համերգներով շրջում ենք աշխարհում, օրինակ՝ Երեւանից կմեկնենք Բեռլին, այնուհետեւ՝ Թայվան, ԱՄՆ, Չինաստան… Մեր բարեգործական համերգներից ստացված հասույթը տարեկան կազմում է շուրջ 50 հազար դոլար: Անշուշտ, սա բավարար չէ աշխարհի բնակչության բժշկական կարիքները հոգալու համար, սակայն համոզված եմ, որ նմանատիպ նվագախմբերի ստեղծումը ինչ-որ կերպ կթեթեւացնի մարդկանց հոգսերը: Մեր երաժիշտների կարգախոսն է՝ կարեւոր չէ, թե ինչքան ես տալիս, կարեւոր է, թե տվածիդ մեջ որքան սեր կա…»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե հերթական համերգի համար ինչո՞ւ ընտրվեց հատկապես Հայաստանը. «Երեւանյան համերգի գաղափարն ինձ հուշեց հայաստանցի ատամնաբույժ, ջութակահար, մեր նվագախմբի արտիստ Արմինե Բաժինյանը: Բանակցությունների ընթացքում զգացի Հայաստանի առողջապահության եւ մշակույթի նախարարությունների, Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինության, նույնիսկ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ոգեւորությունն ու աջակցությունը: Նշեմ նաեւ, որ կայանալիք համերգին նվագախմբի շուրջ 90 անդամների թվում են հայաստանցիներ Ռուբեն, Մարիա Խաչիկյանները, Գեղամ Պետրոսյանը, ԱՄՆ-ից Լի Շահինյանը եւ Լեհաստանից Տիգրան Թորոսյանը: Իսկ որպես մենակատար հանդես կգա մասնագիտությամբ ոչ բժիշկ, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Ծրագրում՝ Չայկովսկու ջութակի եւ նվագախմբի համար գրված կոնցերտից, Բեթհովենի թիվ 3 սիմֆոնիայից բացի, ընդգրկել ենք նաեւ Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանքը»: Ասեմ նաեւ, որ ցանկացած երկիր հյուրախաղի մեկնելիս անպայման հնչեցնում ենք տվյալ երկրի կոմպոզիտորի գործ»:
Հնուց ի վեր երաժշտությունն օգտագործվել է որպես բուժման մեթոդ, իսկ հիտլերյան Գերմանիայում երբեմն այն իր ահռելի ներգործուն ուժով նաեւ պատժամիջոց էր դառնում, որով գերիներից կորզվում էր ամենաանհրաժեշտ ինֆորմացիան: Հարցին՝ այսօր աշխարհում կա՞ն այնպիսի հիվանդություններ, որ բուժվում են զուտ երաժշտությամբ, Շ. Վիլիխը պատասխանեց. «Այո, այդպես վարվում են երկու դեպքում՝ ցավի եւ սթրեսի թուլացման»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել