Լրահոս
Օրվա լրահոսը

Դումայի պատգամավորները նեղացել են Ուկրաինայից

Հունվար 15,2010 00:00

Ուկրաինական դատարանը Ստալինին ճանաչել է որպես մարդասպան: Կիեւի վճռաբեկ դատարանի որոշումը, որով 1930թ.-ին Ուկրաինայում եղած սովը՝ գոլոդոմորը, ճանաչվել է որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն, Ռուսաստանի հետ գժտվելուն ուղղված ծրագրի մի մասն է: «Newsru»-ի փոխանցմամբ, նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը: «Գոլոդոմորի եւ ԽՍՀՄ իշխանության կողմից 30-ականներին ուկրաինացի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն գործելու գաղափարը բացարձակապես անհիմն է»,- ասել է Գրիզլովը: Իր հերթին Դումայի՝ միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը հայտարարել է, թե դատարանի կողմից «այսպես կոչված՝ գոլոդոմորի գնահատականը լուսանցքային է» եւ Ուկրաինայի գործող նախագահի նախընտրական քարոզարշավի մաս է կազմում:
Փոխարենը Ուկրաինայի նախագահ Յուշչենկոն, մեկնաբանելով Կիեւի դատարանի սույն որոշումը, հույս է հայտնել, որ այն միջազգային իրավունքի համար նախադեպ կդառնա. «Ուկրաինական դատարանի որոշումը գոլոդոմորի շուրջ բանավեճերը քաղաքականից տեղափոխում է իրավական հարթություն: Այսուհետեւ գոլոդոմորի շուրջ բանավեճերում միակ փաստարկը կարող են լինել փաստերը, այլ ոչ թե քաղաքական կամ պատմական ստերեոտիպերն ու միֆերը»:
Ուկրաինայի նախագահը վստահ է, որ Կիեւի դատարանի որոշումը «լրացուցիչ փաստարկ կլինի Ուկրաինայի խորհրդարանի համար՝ մարդկության դեմ կատարված այդ հանցագործությունը մերժողներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենք նախատեսելու գործում»: Յուշչենկոն միաժամանակ առաջարկել է կոմունիստական ռեժիմից տուժած Արեւելյան Եվրոպայի պետությունների առաջնորդներին՝ Ռուսաստանին, Լեհաստանին, Վրաստանին, բալթյան եւ մյուս երկրներին՝ միջազգային համաձայնագիր ստորագրել այդպիսի տրիբունալի ստեղծման շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել