Լրահոս
Օրվա լրահոսը

Հուզմունք ու պարտքի զգացում

Հունվար 15,2010 00:00

Հայ խաղաղապահները՝ Աֆղանստանում

Վերջին տարիներին անվտանգության քաղաքականության ոլորտում հայ-գերմանական համագործակցությունը շոշափելիորեն զարգանում է. հայ զինվորականները Գերմանիայում մասնակցում են կրթական եւ վերապատրաստման դասընթացների: Հայաստանը մոտ ժամանակներս Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ՄԱԱՈՒ) կազմում առաքելություն իրականացնելու նպատակով զորախումբ կուղարկի: Բայց մինչ Աֆղանստան մեկնելը, հայ խաղաղապահները երեքշաբաթյա պատրաստություն կանցնեն Գերմանիայում: Երեկ հայկական զորախմբին Գերմանիա ճանապարհելու առիթով իր առանձնատանը ընդունելություն էր կազմակերպել Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը: Նրա խոսքով՝ «Հայաստանը, գտնվելով ռազմավարական առումով շարունակաբար կարեւորվող եւ, ցավոք, շարունակ լարված տարածաշրջանում, անհրաժեշտ է համարում կառուցողական հարաբերություններն ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ, եւ հնարավորության սահմաններում իր մասնակցությունը բերում անվտանգության քաղաքականության առումով կարեւոր խաղաղապահ առաքելություններին»: ՄԱԱՈՒ-ի առաքելության մեջ Հայաստանի ընդգրկվածությունը դրական գնահատելով՝ Հանս-Յոխեն Շմիդթը մասնավորապես նշեց. «Հայաստանը խաղաղապահ առաքելություն իրականացնելու գործում արդեն մեծ փորձ ունի՝ կապված Իրաքի եւ Կոսովոյի հետ: Հնարավորություն կունենաք շփվել գերմանացի խաղաղապահների հետ, կլինի նաեւ փորձի փոխանակում»:
Ներկաներին դիմելով՝ դեսպանը նաեւ հավելեց. «Գիտեմ, որ շատ ծնողների համար հեշտ չէ համակերպվել ձեր՝ Հայաստանը լքելու մտքի ու Աֆղանստանում ծառայելու մտքի հետ: Հույս ունեմ, որ ձեզ համար շատ դժվար չի լինի»: Նշենք, որ առաքելությունը իրականացվելու է 6 ամսով: Հայկական շարակազմն իր առաքելությունը պետք է իրականացնի գերմանական զորախմբի կազմում՝ հյուսիսային ռեգիոնալ հրամանատարության ներքո եւ պահպանի Քունդուս քաղաքի օդանավակայանի անվտանգությունը գերմանական կողմի հետ, որը ՆԱՏՕ-ի շրջանակում առաջնային պատասխանատվություն է ստանձնել Աֆղանստանի հյուսիսում:
«Առավոտի» հետ զրույցում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը հայտնեց, որ Աֆղանստան մեկնող խաղաղապահների թիվը 40 է, որոնցից մի քանիսը սպաներ ու սերժանտներ են, մնացածը՝ պայմանագրային ծառայողներ: Իսկ Քունդուսի մասին գեներալ Խաչատուրովը վստահեցրեց. «Շատ անվտանգ վայր է»: Մեկնող հայ խաղաղապահների տրամադրությունն իմանալու համար զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ: Նրանցից շատերի համար օտար երկրում ծառայելը աշխատանք է: 2006 թվականից խաղաղապահ գումարտակում ծառայող 26-ամյա Արման Մելոյանը նման առաքելությամբ հանդես է եկել ե՛ւ Կոսովոյում, ե՛ւ Իրաքում: Արմանն արդեն ամուսնացած է, բայց երեխա դեռ չունի, ասում է՝ եթե երեխա ունենամ՝ չեմ գնա: «Հուզմունք կա, բայց մարտականորեն ենք տրամադրված: Կյանքում ամեն ինչ հաղթահարելի է, վախը, քաջությունը, ազնվությունը հենց զինվորի համար են»,- ասաց մեր զրուցակիցը: Իսկ 24-ամյա Սեդրակ Պետրոսյանը հուսով է, որ իր ապագա երեխային կտեսնի Աֆղանստանից վերադառնալուց հետո:
Խաղաղապահ բրիգադի ջոկի հրամանատար, ավագ սերժանտ Միհրան Աղաբաբյանի խոսքով՝ «Դրսում ավելի պարտավորված ու մեծ պարտքի զգացում ես ունենում, որովհետեւ օտար երկրում ներկայացնում ես հայրենիքիդ դրոշը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել