Պատճառն այն է, որ դրանք, այսպես ասած, «փող բերող» հաստատություննե՞ր չեն
Երեւանի թիվ 6 արհեստագործական ուսումնարանի
շենքը անմխիթար վիճակում է:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր տարեվերջյան ասուլիսում ի լուր բոլորի հայտարարեց. «Ինձ համար ֆավորիտ ոլորտներ գոյություն չունեն»: Նա նկատի ուներ, որ ԿԳՆ-ն համակ ուշադրությամբ հետեւելու է կրթության բնագավառի յուրաքանչյուր ոլորտի գործունեությանը: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ նախարարը վստահեցնում էր, որ, օրինակ՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) ոլորտը նախարարության ուշադրության առումով չի ստորադասվելու հանրակրթությանը եւ այլն: Սակայն դժվար չէ նկատել, որ, վատ ավանդույթի համաձայն՝ նախնական մասնագիտական կրթության ոլորտը համարվում է 2-րդ, 3-րդ դասի բնագավառ: Այն, որ ուսումնարանները բուհերի կամ քոլեջների պես չեն կարողանում «փող բերել», դեռ չի նշանակում, որ այստեղ պետք է շենքեր յուրացվեն, չգործի նույնիսկ գնահատման ընդհանուր համակարգ, ավարտական քննությունների անցկացման ընդհանուր կարգ անգամ մշակված չլինի, ուսումնարանները չունենան կրթական գործընթացը պատշաճ կերպով կազմակերպելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա:
Ժամանակը ցույց կտա, թե որքանով ԿԳ նախարարը տեր կկանգնի իր խոսքին, սակայն այժմ մանրամասնենք այս ոլորտում տեղ գտած մի շարք հիմնախնդիրներ:
«Առավոտի» զրույցը ԿԳՆ կրթության պետական տեսչության նախնական մասնագիտական արհեստագործական կրթության տեսչավորման բաժնի պետ Խաժակ Թոմոյանի հետ ծավալվեց հենց այս ուղղությամբ: Նա նշեց, որ մի շարք կարգերի բացակայության պատճառով իրենք փաստական հիմք չունեն ուսումնարաններում խոսելու այս կամ այն խախտման կամ բացթողնման մասին: Նա նշեց. «Ուսումնարանների համար նախատեսված դասագրքերի հարցը դեռ լուծված չէ, առարկայական, մասնագիտական ծրագրերի մի մասն արդեն հնացած է: Չունենք առարկայական ադապտացված ծրագրեր, այսինքն՝ եթե հանրակրթական հաստատությունում ժամաքանակը բաշխված է, կարծում եմ, որ արհեստագործականում այդ ժամաքանակը պիտի թեթեւացված լինի, ինչը դեռ այդպես չէ: Չկան առարկայական ծրագրեր, մեթոդական ձեռնարկներ, չկա հանրակրթական առարկաների մասով ավարտական քննությունների կարգ: Օրինակ, երբ գնում ենք ստուգումների, պարզվում է, որ մի ուսումնարանում ավարտական քննությունը թելադրություն է, մյուսում՝ թեստ, մեկում՝ փոխադրություն… նրանք չգիտեն՝ ինչ անեն: Մասնագիտականը հասկանալի է. կա երկու տարբերակ՝ պետական ամփոփիչ ատեստավորման քննության կարգով եւ դիպլոմային աշխատանքով, ինչպես բուհում: Հանրակրթական առարկաների մասով դա չկա, չկա գնահատման միասնական համակարգ, մի ուսումնարանում ներդրված է 10 միավորանոց գնահատման համակարգ, մյուսում՝ 5-ը եւ այլն: Սա նշանակում է, որ չի կարելի ամեն ինչ թողնել տնօրենի վրա եւ հետո պահանջել: Լավ, դժվա՞ր է մի տեղ գրել, որ արհեստագործական ուսումնական հաստատություններում գնահատման համակարգը սահմանվի, օրինակ՝ 10 միավորանոց: Իհարկե, քայլեր արվում են, բայց տեմպերն են դանդաղ»:
1991-ի անկախությունից հետո ստեղծված 34 ուսումնարաններից քչերն այսօր ունեն տիպային շենքեր: Դրանց մի մասը ժամանակին սեփականաշնորհվեց կամ յուրացվեց, եղած շենքերն էլ չեն փայլում իրենց վիճակով: Խ. Թոմոյանը նկատեց. «Արհեստագործական ուսումնական հաստատությունը չունենա իր լաբորատորիան, արհեստանոցը, տիպային շենքը՝ դա շատ մեծ հիմնախնդիր է: Նույնիսկ ունենք այնպիսի հաստատություն, որի միջանցքով իրար զիջելով հազիվ 2 հոգի են անցնում»:
«Առավոտը» զրուցեց նաեւ որոշ ուսումնարանների տնօրենների հետ: Նրանց խոսքից պարզ դարձավ, որ արդեն մի տեսակ համակերպվել են եղած իրավիճակի հետ: Հույսի նշույլներ էլ առանձնապես չնկատեցինք: Օրինակ, երբ թիվ 1 ուսումնարանի տնօրեն Սլավիկ Դավթյանի հետ զրույցում հերթով թվարկեցինք վերոնշյալ հիմնախնդիրները, նա փոքր-ինչ նեղսրտելով ասաց. «Ի՞նչ պիտի անենք, յոլա ենք գնում: Ամեն տարի մեր առաջարկներն ընդունում են, բայց արդյունքը նույնն է»: Դասագրքերի հետ կապված խնդրի մասին նա ասաց. «Գիտեք, մենք սովորել ենք լեկցիոն ձեւին, երբ արտադրական ուսուցման վարպետները ռուսերենից թարգմանություններ են անում եւ հաղորդում սովորողներին»: Քննական ընդհանուր համակարգի բացակայության մասին խոսելիս էլ ասաց. «Ցանկալի կլիներ, որ բոլոր ուսումնարանները նույն սկզբունքով վարվեին, բայց դա վարչության խնդիրն է: Գուցե դեռ չենք հասել նրան, որ այս հարցերին կարեւորություն տրվի»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է խանգարում: Պարոն Դավթյանը պատասխանեց. «Պիտի հասունանա ժամանակը, քանի որ, որպես կանոն՝ ուսումնարանները երկրորդ, երրորդ պլանում են թողնվում, հանրակրթության վրա ուշադրությունը միշտ ավելին է եղել, մենք էլ ինքնահոսով յոլա ենք տարել: Այս երեք տարում դեռ մի փոքր վիճակը բարելավվել է: 4 տարի առաջ կարելի էր նույնիսկ քննություն էլ չանել, այնքան որ՝ վերահսկողությունը ցածր մակարդակի վրա էր դրված»:
Հարցրինք՝ խտրականությունը կամ կրթական բաղկացուցիչների միջեւ ոչ հավասար պայմանները չե՞ն խանգարում աշխատել: Զրուցակիցս պատասխանեց. «Ուրեմն ուսումնարաններն այդ են վաստակել, եթե ավելիին արժանի լինեինք, գուցե ավելին տային մեզ: Եթե ես 30 հազար դրամ աշխատավարձ եմ տալիս իմ հավաքարարին, աննորմալ կլինի նրանից 100 հազարի աշխատանք պահանջելը: Ուսումնարանում այն մակարդակի երեխաներ չեն հավաքվում, որոնց միջոցով հնարավոր լինի ռեպետիտորական ինստիտուտ աշխատեցնել, փող վաստակել, ուստի ինչո՞ւ պիտի իմ դասատուներն առաջնակարգ լինեն»:
Մեր այն հարցին, թե ասվածից կարելի՞ է ենթադրել, որ ուսումնարաններն ապագա չունեն, պարոն Դավթյանն այսպես պատասխանեց. «Ուսումնարանների ապագան լավ որակի արհեստավոր պատրաստելն է: Դրանք շատ ավելի անհրաժեշտ են, քան ուրիշ կրթօջախներ, դրա համար էլ այստեղ հանրակրթության պահանջներն այն մակարդակի վրա պիտի դրված չլինեն, ինչ որ հանրակրթական դպրոցներում: Այստեղ ավելի շատ տեխնիկական բազայի անհրաժեշտություն կա: Եթե ես խոհարար եմ պատրաստում, լավ խոհանոց պիտի ունենամ: Բայց եթե նյութատեխնիկական բազան աղքատիկ է, նույնիսկ ծրագիրն էլ չի կարող օգնել: Օրինակ՝ մենք մինչեւ հիմա չունենք սառնարան, խոհանոցի անհրաժեշտ պարագաներ, այնինչ՝ երեխաները դրանք օգտագործելով պիտի սովորեն: Գործատուների շահագրգռությունն էլ չկա, չեն ուզում ներդրումներ անել»:
Թիվ 3 ուսումնարանի տնօրեն Հարություն Բաղդասարյանն էլ վրդովվեց. «Ուսումնարան հիմնականում գալիս են այն երեխաները, որոնք անապահով, ցածր սոցիալական խավերից են: Մեկ տարի սովորում են, հետո ծեծել-ջարդելով չենք կարողանում դասի բերել, քանի որ աշխատում են: Հազարավոր դեպքեր կարող եմ բերել, երբ տուն եմ զանգում՝ ասելով, թե երեխան ինչո՞ւ դասի չի գալիս, ծնողներն ասում են, թե մեր երեխան տուն է պահում, ի՞նչ անենք, ուսո՞ւմն է կարեւոր, թե՞ մեր օջախի գոյությունը: Այնպես որ, հատուկ ուշադրություն եւ մոտեցում է պետք, ինչը չի կարող լինել, քանի որ երկիրը ճգնաժամի մեջ է»: