Զբոսայգու տնօրեն Մակար Սարուխանյանը:
Գեղանկարիչ եւ ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին:
Քիչ անց իմ առջեւ հայտնվեց «Արգիշտի լիճ» ռեստորանային համալիրը: Աշխատակիցն ասաց, որ անհնար է հանդիպել ռեստորանի տիրոջը: Ասելու տոնը հուշում էր. «Սովորական մահկանացու ես, ողորմելի գրչակ, ո՞վ ես, որ ռեստորանի տիրոջ հետ հանդիպես»:
– Այստեղ լրագրողներին արգելված է ինտերվյու վերցնելը,- ասաց նա:
– Բայց դուք այդպես օրենք եք խախտում, քանի որ իրավունք չունեք չպատասխանել լրագրողի հարցերին:
– Ընդհակառակը, դուք իրավունք չունեք, բացի սնունդ պատվեր տալուց՝ սրահ մտնել: Եթե մտել ես մեկի տուն, ուզում ես զրուցել, նա չի ուզում, մի՞թե դա նրա իրավունքը չի: Հիմա դու մեր օջախն ես մտել, ու մենք արգելում ենք ինտերվյու վերցնել:
Որոշեցի, որ նման ընդունելությունից հետո երբեք սննդի այս օբյեկտը չեմ մտնի: Ու գերադասեցի սոված մնալ, քան թե մի ափսե ապուր պատվիրել:
Երբ Էրեբունու տարածքային կառավարման կենտրոնում (ոչ անցյալում՝ թաղապետարան) հարցրի. «Մի՞թե ձեր ենթակայության տարածքում մի պայծառ կետ չկա, որ ներկայացնեմ հասարակությանը», խորհուրդ տվեցին հանդիպել Նոր Արեշի բնակչուհի, գեղանկարիչ եւ ազգագրագետ Լուսիկ Ագուլեցուն: Պարզվում է, որ նա ինչ- որ հարցով թաղապետարանում է գտնվում: Նա Երեւանում ազգային տարազով միակ կինն է, ուստի եւ նրան հեշտ կճանաչեմ: Կառավարման կենտրոնի բաժիններում չհանդիպելով, դուրս եկա փողոց: Փողոցի հակադիր մայթին ազգային տարազով, ժպտադեմ կին տեսա: Անցորդները սիրալիր բարեւում էին, մի քանի խոսք փոխանակում: Հավանաբար, թաղամասի ամենահեղինակավոր անձերից է: Ինձ թվում է, որ մինչեւ տուն հասնելը մի քանի ժամ կտեւի, ուստի հարմար պահ որսալով մոտեցա:
– Նոր եմ վերադարձել Աղավնավանքից, Իջեւանի կողմերում է: Գյուղում տուն ենք գնել, հարմարեցրել ու ամուսնուս՝ Յուրայի հետ տարվա կեսն այնտեղ ենք անցկացնում: Հայկական ճոխ բնաշխարհից հետո քիչ անսովոր եմ զգում քաղաքում, բայց հանդիպելով մարդկանց, հարմարվում եմ քաղաքային կյանքին:
– Ի՞նչ եք կարծում, մարդիկ շա՞տ են փոխվել:
– ԱՄՆ գնացած նոր հայերը փչանում են, կորցնում ազգային նկարագիրը, կտրվում հայկական մշակութային կյանքից: Խելոք հայ մարդը ԱՄՆ չի գնա: Հայրենիքում մնացած մարդը իր նկարագրով հայ է մնում: Դա է կարեւորը:
– Բայց ոչ ոք ազգային տարազ չի հագնում:
– Եթե խանութներում առաջարկեն, երեւի կրողներ էլ կլինեն: Համենայնդեպս, իմ ողջ կյանքում իմ կենսափորձով ես դա եմ քարոզում: Էսքիզները ինքս եմ գծագրում, ինքս էլ գործում եմ:
Երկհարկանի տունը արտաքին տեսքով, ձեւավորմամբ առանձնանում էր թաղամասում: Մեզ դիմավորեց ամուսինը՝ քանդակագործ Յուրի Սամվելյանը:
– Դուք ճանաչո՞ւմ եք իրար,- հարցրեց տիկին Լուսիկը:
– Հա, երեսուն տարուց ավելի կլինի, ինչ գիտենք իրար,- պատասխանեց ամուսինը:
Տան բակը լցված է քանդակագործի աշխատանքներով, որն էլ նախապատրաստում է այցելուին, որ արտասովոր տուն է մտնում: Հնաոճ պահարանները լցված են հին կենցաղային իրերով: Ի հակադրություն թանգարանի, այստեղ ամեն մի իր շնչում է, ապրում ու պատմում իր մասին:
– Դուք փաստորեն թանգարանում եք ապրում:
– Ամուսնուս հետ շրջում էինք Հայաստանի շրջաններում, ում տանը հին իր էի տեսնում՝ գնում էի: Այդպես հավաքել եմ 1200 իր, դրանք գորգեր են, կարպետներ, արծաթե գոտիներ, պղնձյա իրեր: Շուտով լույս կտեսնի ազգային այս մասունքների մասին իմ գիրքը: Ես կորստից փրկել եմ այս արժեքները, հիմա վերադարձնում եմ հայ հասարակությանը: Մեր ընտանիքը 12 հոգուց է բաղկացած: Բոլորն էլ՝ երեխաներս, թոռներս, կապված են մշակույթի հետ, քանի որ հենց այս մթնոլորտում են դաստիարակվել:
– Գլոբալացումն այս միջավայրում անելիք չունի,- ասացի ես:
– Գլոբալացումը շատ հին երեւույթ է,- ասաց տիկին Լուսիկը,- մենք պետք է սովորենք օգտվել նրա ընձեռած հնարավորություններից: Նվաճողներ են եկել ու գնացել, իսկ հայ կինը իր փեշի տակ պահպանել է հայ մշակույթը, ծեսերը, ավանդությունները, սովորությունները նրբորեն փոխանցել հետագա սերունդներին: Խորհրդային ժամանակաշրջանում եւս զարգացում ենք ապրել: Պահպանել ենք մեր լեզուն: Ու հիմնականում կինն է պահպանել, երեխաներին դաստիարակել որպես նոր ընտանիքի նահապետ, մայր:
– Անշուշտ,- ասացի ես,- այդ իմաստով պետականության կայացման, հասարակության ազգային կերպարի պահպանման գործում վճռական դերը կնոջն է, իհարկե, ես չեմ ժխտում մանկապարտեզի, փողոցի, դպրոցի, բուհի դերը: Ու հայ կնոջ մտածելակերպից, դաստիարակելու ունակությունից է կախված, թե 20-30 տարի հետո ինչ երկիր կլինենք:
– Այսօր կնոջ մեջ գենդերային հասկացություն է մտել: Բայց մի՞թե հայ տանտիրուհին ազատ չի եղել: Նա միշտ էլ շերեփի տեր է եղել: Հիմա գենդերային մտածելակերպ են մտցնում: Բայց հայ կինը միշտ այն ունեցել է: Ես արվեստագետ եմ, ազատ եմ եղել իմ երեխաների դաստիարակության, ընտանիքը ամուր պահելու գործում: Եթե կինը կարողանում է իր տեղը գտնել կյանքում, եթե կայացել է, երեխաներ է ունեցել, դաստիարակել է, նա հզոր է: Երվանդ թագավորի կինը հինգ թագավոր է դաստիարակել:
– Ընդունում եմ,- ասացի ես,- որ կինը կարեւոր դեր ունի, մանավանդ երկրի նոր քաղաքացիների դաստիարակության գործում, այդ դեպքում որտեղի՞ց են այսօրվա մարդատյաց ու կոռումպացված չինովնիկները: Պաշտոնյաների 60- 70 տոկոսը այդպիսին է, որն էլ խանգարում է երկրի առաջընթացին:
– Այդ 70 տոկոսին պետք է բարոյականություն դաստիարակել: Փրկությունը մշակույթն է, գրականությունը:
– Բայց նրանք ի՞նչ մայր են ունեցել: Արինբերդի շինությունների պատերին մրոտում են, իրենց անունները փորագրում: Նրանց մայրերն ասում են. փախի՛ր բանակից, օտար երկիր գնա, որտեղ հաց՝ այնտեղ էլ կաց… Ես գրող եմ ու գիտեմ, որ գիրք չեն ընթերցում: Այսպես մենք թուլանում ենք:
– Դասախոսներ պետք է ունենանք, որոնց խոսքը հասնի ուսանողին: Դպրոցական ուսուցիչների որակով չենք փայլում: Ընթերցող չկա, քանի որ մարդ չի իմանում, թե ինչ կարդա:
– Լավ, գանք գեղանկարչությանը: Յուրան ցույց տվեց ձեր գեղանկարները: Ես շատ եմ հավանում գույնի, բնության ձեր զգացողությունը, ընկալումն ու կտավի վրա վերարտադրությունը: Դուք, իրոք, մեծ գեղանկարիչ եք: Կարծում եմ, որ այսօրվա պայմաններում դժվար է գեղանկարիչ լինել:
– Խորհրդային երկրում պետությունն էր նկար գնում, այդպես նպաստում, որ արվեստագետը մի տարի էլ ստեղծագործի մինչեւ հաջորդ տարի: Կարգերի փլուզումը շատերին հունից հանեց: Մի մասը մշտապես ցուցադրում է Վերնիսաժում: Ես Ֆրանսիա, Նորմանդիա, Հունաստան էի գնացել: Ես չուզեցի մնալ այդ երկրներում, չնայած ստեղծագործելու եւ գնահատվելու հրաշալի պայմաններ կային: Հայաստանն ինձ ասես ձգեց, նույնիսկ արգելեց: Եթե լավ արվեստագետ ես, ապա նույնիսկ մեր պայմաններում չես կորչի:
– Բայց եւ տեսնում եմ տան աշխույժը:
– Ես նախ մայր եմ, տատիկ, ապա նոր միայն արվեստագետ: Շուտով ծոռ կունենամ:
– Տան տարբեր անկյուններում կենաց ծառեր են տեղադրված:
– Ես Նախիջեւանի մարզի Ագուլիս քաղաքում եմ ծնվել, հետո ապրել եմ Ազա գյուղում: Հիշում եմ ազգային ծիսակատարությունները, փորձում վերականգնել, երբեմն՝ զարգացնել:
– Ես 1987 թվականին եմ եղել Ագուլիսում եւ Ազայում: Իհարկե, հայոց Գողթն ու Արեւիկ գավառների բնակիչները ծիսակատարությունների տեսանկյունից ամենապահպանողականն են եղել,- ասացի ես,- առիթ եմ ունեցել անձամբ համոզվելու դրանում, երբ ճանապարհորդում էի Րաֆֆու հետքերով:
– Հա՞, պապս Ագուլիսում երկու տարի աշակերտել է Րաֆֆուն: Ագուլիսից հետո մենք Ազայում ենք ապրել:
– Իսկ Ազայում դպրոցի տնօրեն Արտավազդ Սուխանյանը, որը երեսուն տարի պահել, պահպանել էր դպրոցը, թուրք Սալեհին վաճառեց իր հոյակերտ տունն ու Երեւան մեկնեց: Տան նոր տերը ճանապարհելիս ասել էր. «Երբ փոշմանես ու ետ գաս, տունը քոնն է, հարեւան- հարեւան կապրենք»: Մեկ տարի չանցած Արտավազդը ետ եկավ: Տանտիրոջ կինը չթողեց էլ դարպասից ներս մտնի, ասելով. «Եթե մի միլիոն էլ տաս, տունը ետ չեմ տա»: Արտավազդը կամրջին նստած գիշեր-ցերեկ իր տանն էր նայում: Այդպես էլ դարդից ու կարոտից մեռավ կամրջին: Այդ մասին ես գրել եմ իմ «Հարյուր տարվա երկխոսություն» գրքում:
– Ազայում ես հիշում եմ այդ տունը, գյուղի ամենաշքեղ տունն էր: Իսկ առաջին կենաց ծառը ծնունդ առավ չիչխանի արմատից,- ասաց Լուսիկ Ագուլեցին,- այն զարդարեցի իմ իսկ ստեղծած տիկնիկներով: Օգտագործում եմ նաեւ ավանդական խորհրդանիշները: Ծեսերը հիմնականում այստեղ խորհրդանիշներով են փոխարինվում: Հետո ստեղծեցի Տրնդեզի ծառը, Վարդավառի «Խնդում տոք» ծառը: Գողթնի Ավետիսը, երդիկից նվեր գցելը, Զատիկը ուրիշ հմայք ունեն… Ամեն տարի Խաչվերաց տոնը Ցղնայի անտառում էինք դիմավորում, «Ուլունց տոն» էինք ասում: Հիշում եմ զոհասեղանը, հարիսայի, լավաշի ծեսերը: Աղջիկները չորս ամսվա լավաշ հաց էին թխում, կսկրանքներ գործում: Զատկին տատս խնձոր ու վարունգ է կախել մեր դոշից, տարել եկեղեցի: Այս հիշողությունները այսօր իմ ընտանիքում սեր ու հարգանք են սերմանում:
– Ովքե՞ր են ձեր անցյալները:
– Պապս՝ Հարություն Հարությունյանը, զոկ էր: Պապս իր կնոջ՝ Հայկանուշի հետ հարսանիքներում քամանչա ու թառ էին նվագում: Տատս նաեւ կար էր անում ու գյուղի բժիշկն էր: Չբեր կանանց էր բույսերով բուժում:
– Հետաքրքիր է, Րաֆֆին զոկերի հանդեպ ինչ-որ չարություն ուներ,- ասացի ես:
– Հա, վիպասանը սիրահարվել էր մի զոկ աղջկա,- ասաց տիկին Լուսիկը,- իսկ վերջինիս ծնողները մերժել էին:
– Րաֆֆին կին ուներ:
– Չգիտեմ, այդպես էին ասում: Թուրքերը Ագուլիսում հիմնականում ունեւոր հայերի տանն էին ծառայում ու սպասավորություն անում: 1919 թվականին թուրքական բանակի զինվորներն ու մուսավաթականները նրանց հայտնեցին, որ կարող են սպանել իրենց տերերին եւ տիրանալ նրանց ողջ ունեցվածքին: Այդպես իրականացրին Ագուլիսյան եղեռնը: Երբ թուրքերը Ագուլիսի բնակչությանը լցնում են Թովմա եկեղեցին, որ ողջակիզեն, մի թուրք գոչում է՝ «Թառչի Հարութը, թառչի Հարութը…» ու նրան դուրս է հանում եկեղեցու բակից: Իսկ կինն էլ կպել էր ամուսնու մեջքից ու ազատվել: Հետո պատմում էին, որ պատի վրայից անցնելիս գրպանից թափվում է ոսկե դրամը: Սակայն հավաքելու ժամանակ չունեին: Դեպի Ցղնա էին շտապում: Տեսան, թե ինչպես հրկիզվեց եկեղեցին ու բակում նախապես փռած չոր խոտը: Երկար ժամանակ նրանց ականջներում լսվում էին ողջակիզվող մարդկանց աղաղակները: Վեց ամիս հետո պապս ետ՝ իր տուն վերադարձավ: Հիշում եմ, պապս ցույց էր տալիս մի թուրքի, որը հացթուխ էր աշխատում, թե՝ «Նա է Ագուլիսի հայերի կոտորածի կազմակերպիչը»:
Հիշեցի ագուլիսցիներին 1752 թ. պատահած մեկ այլ պատուհաս եւս: Նադիր շահի սպանությունից հետո Իրանում անիշխանություն էր տիրում: Իրանի հյուսիսում տիրում էր Ազադ խանը: Վրացիներից կրած պարտությունից հետո նա վերադարձի ճանապարհին թալանում էր Նախիջեւանի հայաբնակ գյուղերը: Ագուլիսը շահից «Խաս» կոչվող կարգավիճակ էր ստացել ու հարկ էր վճարում ուղիղ արքունիքին, ուստի եւ մերժում է Ազատ խանի՝ տուրք վճարելու առաջարկը: Մելիք Եսային, որը շատ հարուստ եւ մեծամիտ մարդ էր, հրաժարվում է բանակցել խանի հետ ու զենք է բաժանում բնակիչներին: Խանն առաջարկեց գոնե սնունդ փոխ տալ, ու իրենք կհեռանան: Գոռոզ մելիքը հրաժարվեց: Պարսից բանակը հարձակվում է, թալանում ողջ քաղաքը, կոտորում շատերին: Մելիքն իր մերձավորների հետ փակվում է Թովմա Առաքյալի վանքում: Զինվորները բացում են երկաթյա դռներն ու կոտորում բոլորին: Ագուլիսցիների մի մասը անցել էր լեռներն ու հասել Շուշի, այդտեղ հիմնելով Ագուլեցիների թաղամասն ու եկեղեցին:
– 1905 ու 1920 թվականներին Շուշիում կրկին թուրքերն ու մուսավաթականները նոր կոտորած ու ավեր սարքեցին,- ասացի ես:- Հիշում եմ, Վերին Ագուլիսում սկզբում իմ առջեւ հայտնվեցին Սբ. Աստվածածին վանական համալիրի փլատակները: Վանքը չորրորդ դարում հիմնվել է հեթանոսական տաճարի տեղում: Հետո իմ առջեւ հայտվեցին Սբ.Հակոբ-Հայրապետի, Ստեփաննոսի, Հովհաննես- Մկրտչի, Շմավոնի, Քրիստափորի տաճարները, որոնք փայլելով հայ ճարտարապետների տաղանդով, ասես մրցակցում էին իրար հետ: Իսկ Գողթնի գեղեցկության թագը Սուրբ Թովմայի վանքն էր, որի առջեւ Ագուլիսի մեծահարուստ վաճառականների ապարանքներն էին: