«Առավոտի» հունվարի 13-ի համարում տեղեկացրել ենք, որ Գյումրիում աճել է ծնունդների թիվը: 2008-ին ծնվել էր 1280 երեխա, 2009-ին՝ 1534: Ծնունդների աճ է արձանագրվել նաեւ Տավուշի մարզում: Ըստ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանի, 2009 թվականին ծնվել է 1707 երեխա՝ 347-ով ավելի, քան 2008-ին:
«Այսօր վստահորեն կարող եմ ասել, որ մարզում լիարժեք կայացած է ծննդօգնության հավաստագրերի ներդրման գործընթացը, որի արդյունքում 2009-ի ընթացքում չի արձանագրվել դրամաշորթության որեւէ դեպք: Մարզի համար ստացված ծննդօգնության բոլոր 2060 հավաստագրերը բաշխվել են բուժհաստատություններին»,- հայտարարել է Կարինե Դովլաթբեկյանը: Ինչպես եւ Շիրակի մարզկենտրոն Գյումրիում, Տավուշի մարզկենտրոն Իջեւանում էլ Առողջության առաջնային պահպանման կենտրոնում վերանորոգվել եւ կահավորվել է «Մայրության դպրոցը», որտեղ մայրության դասեր եւ խորհրդատվություն են ստանում ապագա մայրիկները: