«Առավոտի» 2009 թվականի դեկտեմբերի 18-ի համարում «Հայջրմուղկոյուղու «վեջը» չէ՞» հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղից ստացված ահազանգի համաձայն, դեկտեմբերի 15-ին գյուղի ջրատարներից մեկը վթարվել է, եւ երկու օր շարունակ ջուրը լցվել է գյուղի բնակիչներից մեկի տունը, սակայն «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը որեւէ ձեւով չի արձագանքել տեղի ունեցածին, եւ վթարը վերացվել է սեփական ուժերով: Այս լուրը հաստատել էր նաեւ Քասախի գյուղապետ Արա Մկրտչյանը:
2010թ. հունվարի 13-ին ներկայացրել ենք «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Կ. Աղաբաբյանի նամակը, ուր հեղինակը տեղեկացնում է, որ Քասախի ջրամատակարարումը իրականացնում է ոչ թե «Հայջրմուղկոյուղի», այլ՝ «Երեւան ջուր» ընկերությունը:
«Հայջրմուղկոյուղու» պարզաբանումը հրապարակելուց հետո՝ նույն հունվարի 13-ին ստացել ենք «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեի նամակը: Պարոն Ռուայեն պարզաբանում է. «Ահազանգը Քասախ գյուղի բնակիչներից մեկի տանը դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած վթարի մասին՝ ընկերության «1-85» հեռախոսային կենտրոնում գրանցվել է դեկտեմբերի 17-ին, ժամը 15.22-ին: Եվ քանի որ ստուգումից պարզվել է, որ խոսքը ոչ թե «Երեւան ջրի» կողմից սպասարկվող բաշխիչ ցանցի ջրագծի վթարի մասին է, այլ տվյալ բնակչի սեփականություն հանդիսացող ջրագծի, ընկերության միջամտությունը սահմանափակվել է միայն ջրագծի խցափակումով՝ զոդման միջոցով: Դեկտեմբերի 19-ին, ժամը 10-ի դրությամբ խնդիրը կարգավորվել է»: