Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» հայցերն ընդունվել են

Հունվար 15,2010 00:00

«Առավոտը» այս տարվա օգոստոսի 19-ին էլեկտրոնային հարցում էր ուղարկել ՀՀ բոլոր 10 մարզպետարաններ: Խնդրել էինք մեզ տրամադրել տեղեկություններ, թե ինչպես են ծախսվել ՀՀ պետական բյուջեով «Այլ նպաստներ բյուջեից» տողով մարզպետարանների ստացած 20-ական միլիոն դրամները:
«Առավոտի» օգոստոսի 28-ի համարում «10-ից 9-ը խախտեց օրենքը» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ մեր հարցմանը, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում, պատասխանեց միայն Արագածոտնի մարզպետարանը: Հրապարակումից մեկ օր անց ստացանք Արմավիրի մարզպետարանի պատասխանը: Հրապարակումից հետո Տավուշից եւ Սյունիքից պատասխանեցին, որ նամակը չեն ստացել տեխնիկական պատճառներով եւ պատասխանեցին մեր հարցերին: Սեպտեմբերի 17-ին՝ հարցումից երկու ամիս անց, ստացանք Արարատի մարզպետարանի պատասխանը: Կոտայքն էլ պատասխանեց սեպտեմբերի 24-ին՝ նշելով, որ հարցումը չի ստացել: Գեղարքունիքից էլ պատասխանեցին, որ հարցումը չեն ստացել ինտերնետ կապի անորակության եւ նման այլ տեխնիկական պատճառներով: Շիրակից պարզաբանեցին, թե նման հարցում իրենց մոտ գրանցված չէ, Լոռու մարզպետարանից զանգեցին եւ կռվարար տոնով պնդեցին, որ հարցում չեն ստացել:
2009-ի օգոստոսից սկսված ոդիսականը շարունակվելու է նաեւ 2010-ին, քանի որ «Առավոտը» «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության օգնությամբ դատական հայցեր է ներկայացրել Լոռու, Շիրակի մարզպետների դեմ` խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել նրանց անգործությունը, որն արտահայտվել է հարցված տեղեկատվությունը չտրամադրելով եւ պարտավորեցնել 5-օրյա ժամկետում սպառիչ տեղեկատվություն տալ այն մասին, թե ի՞նչ նպատակներով են ծախսվել «Այլ նպաստներ բյուջեից»՝ մարզպետարաններին 2005, 2006, 2007, 2008 եւ 2009 թվականներին հատկացված գումարները, ամեն տարի քանի՞ որոշում է կայացվել, ինչքա՞ն գումար է ծախսվել ամեն որոշմամբ: ՀՀ վարչական դատարանի Վանաձորի եւ Գյումրու նստավայրերից դատավորներ Ա. Ալավերդյանը եւ Էդ. Նահապետյանը մեզ տեղեկացրել են, որ «Առավոտի» հայցերն ընդունվել են վարույթ:
«Առավոտն»՝ ընդդեմ Շիրակի մարզպետի հայցը կլսվի հունվարի 29-ին, ժամը 12-ին: Լոռու մարզպետի դեմ հայցի քննության օրը դեռ որոշված չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել