Բնապահպանների ահազանգերը եւ հարցումները անպատասխան են թողնում ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր կառույցները:
Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը մտադիր է դատի տալ ՀՀ բնապահպանության նախարարությանը, եթե նա այս անգամ էլ խախտի «Ինֆորմացիայի ազատության մասին» օրենքը ու հերթական անգամ չտրամադրի անհրաժեշտ եւ պետական գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն: Հ/կ-ն, որը զբաղվում է Կապան քաղաքի բնապահպանական խնդիրների ուսումնասիրությամբ, որոնք հիմնականում քաղաքում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի գործունեության հետեւանքով են առաջանում, բազմիցս է փորձել բնապահպանության նախարարությունից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն տարածաշրջանում անցկացված ստուգումների արդյունքների վերաբերյալ: Սակայն նախարարությունը մինչ օրս դեռեւս չի հրապարակել 2007-2008 թվականներին «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ում անցկացրած իր ստուգումների արդյունքը, ինչպես նաեւ անպատասխան է թողել կոմբինատի կողմից տարածաշրջանում առաջացրած բնապահպանական մի շարք հիմնախնդիրների (որոնց անդրադարձել ենք եւ դեռ էլի կանդրադառնանք) վերաբերյալ իրեն ուղղված գրությունները:
Հունվարի 11-ին հ/կ-ն նախարարությանը նոր գրություն է ուղարկել, որն այս անգամ վերաբերում է «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությանը պատկանող թափոնավայրին: «2008 թվականից մինչ օրս Կապան եւ Գեղանուշ համայնքների տարածքներում գործում է «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ին պատկանող թափոնավայրը (պոչամբարը): Մեզ անհանգստացնում է այն հարցը, որ առայսօր թափոնավայրը չունի անձնագիր, եւ հայտնի չէ, թե որ դասակարգին է պատկանում: «Թափոնների մասին» ՀՀ օրենքում հստակ ամրագրված է, որ թափոնների պետական հաշվառումը, անձնագրավորումը եւ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելը իրականացնում է բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը: Ինչո՞ւ մինչեւ այսօր բնապահպանության նախարարությունը չի տրամադրում այդ անձնագիրը եւ պարզ չէ թափոնավայրի դասակարգը, որից էլ եւ հայտնի կլինի սահմանված բնավճարների չափը: Իսկ, որ ամենակարեւորն է, դրանց առկայության դեպքում Կապան եւ Գեղանուշ համայնքները պահանջատիրոջ իրավունքով կարող էին լուծել իրենց համայնքներում առաջացած բնապահպանական եւ սոցիալական շատ հիմնախնդիրներ»,- ասում են «էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:
Բացի վերոհիշյալ խնդրից, կազմակերպությունը բնապահպանության նախարարությանը խնդրել է նաեւ 2009 թվականին ընկերությունում իրականացված ստուգումների արդյունքները տրամադրել: Նույն հարցերը հասարակական կազմակերպությունը ուղղել է նաեւ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետային՝ նշելով, որ դրանք չեն դասակարգվում ընկերության գաղտնի փաստաթղթերի շարքում, եւ հասարակությունը ունի այդ տեղեկություններին ծանոթանալու իրավունք: Այսօր հ/կ-ին հայտնի է միայն, որ 2009 թվականին ընկերության մուծած բնավճարն ընդամենը 3 միլիոն դրամ է: Այս առթիվ Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը բազմիցս է արտահայտվել՝ նշելով, որ 3 միլիոնը ծիծաղելի գումար է Կապան քաղաքի էկոլոգիային հասցված վնասների դիմաց:
Հասարակական կազմակերպությունը դեռեւս սպասում է գրությունների պատասխաններին եւ հերթական քայլը, որ պատրաստվում է անել, դատարան դիմելն է: «Մենք բազմաթիվ ջանքեր գործադրեցինք ՀՀ բնապահպանության նախարարության, Սյունիքի տարածքային բնապահպանական պետական տեսչության եւ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի հետ համագործակցության եզրեր գտնելու համար, սակայն՝ ապարդյուն: Ուստի մենք իրավունք ենք մեզ վերապահել օրենքով սահմանված ժամկետներում տեղեկատվություն չստանալու դեպքում, ղեկավարվելով «Ինֆորմացիայի ազատության մասին» օրենքով, հունվարի 30-ին դիմել դատական ատյաններին՝ տեղեկատվությունը գաղտնի պահելու եւ չտրամադրելու համար»,- տեղեկացնում են կազմակերպությունից:
Հ. Գ. «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունը, բացի այս խնդիրներից, աշխատողների հետ կապված էլ խնդիրներ ունի: Նախատոնական օրերից սկսած, ընկերության աշխատողները ղեկավարությանը հերթական բողոքն են նեկայացրել՝ կապված իրենց աշխատապայմանների հետ: Բացի այդ, ընկերությունում տեղի են ունեցել աշխատատեղերի կրճատումներ: Ցածր աշխատավարձերից, աշխատանքային վատ պայմաններից ու կրճատումներից դժգոհ ու խռովություն բարձրացրած աշխատողներին ղեկավարության հետ վերջնական ընդհանուր հայտարարի գալ չի հաջողվում արդեն երկար ժամանակ: