ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն դիմել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսոֆֆին: «Համոզված ենք, որ կարիք չկա հիշեցնելու, որ Ֆրանսիայի քաղաքացի եւ մեր հայրենակից, քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանն առ այսօր գտնվում է բանտում: ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ Հացպանյանը մինչեւ վերջին կաթիլը ըմպի շինծու գործով իրեն պարտադրված տառապանքների բաժակից՝ ի վերջո հուսալով կոտրել հանուն Հայաստանի ժողովրդավարացման պայքարելու նրա կամքը: Համոզված ենք, որ անմարդկային այդ գործելաոճը հաջողություն չի բերի եւ քաղբանտարկյալ Հացպանյանը այս փորձությունից հաղթանակած դուրս կգա: Ձեզ դիմելու առիթը, սակայն, այլ է: Սարգսից տեղեկացանք, որ կտրուկ վատացել է նրա հոր առողջական վիճակը, սակայն նրան վերջին հրաժեշտը տալու օրինական հնարավորությունից էլ են զրկում: Մեծարգո պարոն դեսպան, մեր խնդրանքն այն է, որ Դուք, օգտագործելով Ձեր եւ Ձեր երկրի հեղինակությունը, միջնորդեք ՀՀ իշխանությունների առջեւ՝ քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին՝ հորը տեսակցելու նպատակով կարճատեւ արձակուրդ տրամադրելու հարցում», ասված է դիմումի մեջ: