Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան օրերս այցելել է Բաքվի քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին, այդ թվում՝ «Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլ Ֆատուլաեւին: Ինչպես Օմբուդսմենի գրասենյակի մամուլի ծառայությունից են հայտնել «ԽՈՉՍՈջրՍՌռ ցջպս»-ի թղթակցին, Ֆատուլաեւը չի բողոքել Բաքվի ՔԿՀ-ի պայմաններից: Բայց հայտարարել է, որ դեկտեմբերի 29-ին թիվ 12 մեկուսարանում իր բաճկոնից եւ կոշիկի միջից հայտնաբերված թմրանյութն իր դեմ կատարված «զրպարտանք» է: Նա համոզված է, որ թմրանյութերն իր մոտ «գցվել են»: Լրագրողը կարծում է, որ դա կապված է իր գործով Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հետ: Ֆատուլաեւը նաեւ ընդգծում է, որ դեկտեմբերի 30-ին նրանից արյան անալիզ են վերցրել, սակայն մինչ օրս ստացված արդյունքները չեն բացահայտել: «Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիրը թմրանյութի հայտնաբերումից հետո իրեն պատժախուց նետելը համարել է Եվրոպական կոնվենցիայի խախտում, խոշտանգումների դեմ իր իրավունքների ոտնահարում եւ անմարդկային վերաբերմունք: Հիշեցնենք, որ այն մեկուսարանում, որտեղ պահվում էր Ֆատուլաեւը, անց է կացվել ստուգում, որի արդյունքում, բանտի ղեկավարների խոսքերով, հայտնաբերվել էր 0.22 գրամ հերոին: Գործի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Այս նոր մեղադրանքի հետ կապված՝ մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարություններով: Հունվարի 4-ին տեղի է ունեցել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նիստ՝ կապված Ֆատուլաեւի նոր քրեական գործի հետ: Իրավապաշտպանները կոչ են արել, որ Արեւմուտքը միջոցներ կիրառի չինովնիկների դեմ, որոնք խախտում են խոսքի ազատությունը: Ավելի վաղ Ֆատուլաեւը Բաքվի Յասամալսկի շրջանի դատարանում դատապարտվել էր 2.5 տարվա ազատազրկման, 2007 թվականի ապրիլի 20-ին մեղադրվել էր Խոջալուի ողբերգության մասին զրպարտություն տարածելու մեղադրանքով: 2007 թվականի հոկտեմբերի 30-ին Ֆատուլաեւը մեղավոր է ճանաչվել եւ դատարանի կողմից դատապարտվել է 8.5 տարվա ազատազրկման: