«Նոյյան տապանը», վկայակոչելով «Մարմարային», նոր տեղեկություններ է հրապարակել հունվարի 10-ին Լաս Վեգասի իրենց բնակարանում սպանված երկու հայ կնոջ եւ մոտակայքում գտնված մեկ երիտասարդի մասին: Հունվարի 13-ին տեղի ոստիկանությունը հրապարակել է զոհերի անունները՝ մայր եւ դուստր Անուշ եւ Մարիամ Սարգսյաններ, եւ Գրեգ Թոմաս: Ըստ «Մարմարայի»՝ սպանությունը կատարել է 22-ամյա Մարիամ Սարգսյանի նախկին զուգընկերը՝ 23-ամյա Գրեգ Թոմասը, որից Մարիամը մեկամյա զավակ ունի: Թոմասը առանց նախապես տեղեկացնելու եկել է Մարիամի տուն, բռնությամբ բացել է դուռը եւ կրակել դռան հետեւում կանգնած Մարիամի, ապա՝ 50-ամյա Անուշի վրա: Երբ Մարիամի կրտսեր քույրը փորձել է միջամտել, Թոմասը բացականչել է. «Դուք չեք կարող խլել իմ երեխային», ապա դուրս է եկել եւ ինքնասպան եղել: Շտապօգնության անձնակազմը անմիջապես դեպքի վայր է հասել, սակայն Անուշ եւ Մարիամ Սարգսյանները արդեն մահացած են եղել, երիտասարդը փոխադրվել է հիվանդանոց, ուր եւ մահացել է: Թոմասի ազգականները պնդել են, որ երեխայի խնամքի առիթով հաճախ վիճաբանություններ են եղել, եւ երիտասարդ հայրը դժգոհ է եղել երեխայի հետ շփվելու համար իրեն հատկացված ժամանակից:
Սարգսյանների ընտանիքը 1990-1991 թվականներին ապօրինի կերպով գաղթել էր ԱՄՆ: Իշխանությունները բազմիցս սպառնացել են արտաքսել ընտանիքը՝ օրինական կարգավիճակ եւ փաստաթղթեր չունենալու պատճառով: 2009-ին երկու ամսով բանտարկվել է ընտանիքի մայրը, 2005-ին՝ մեկ ամսով ավագ դուստրերը՝ Մարիամն ու Էմման: Այդ առիթով նրանց ազգականները բողոքի ցույցեր են կազմակերպել տեղական իշխանության շենքի առջեւ: «Լաս Վեգաս Սան» թերթի վկայությամբ, պաստառներից մեկի վրա գրված է եղել. «Ամերիկացի դառնալը հանցագործություն չէ»: Այդ թվականին կոնգրեսական Հարրի Ռեյտը միջնորդագիր նամակ է հղել պատկան մարմիններին, եւ աղջիկները ազատ են արձակվել բանտից, ու արտաքսման հարցը հետաձգվել է:
Արտաքսվելու էր ընտանիքի մի մասը միայն, քանի որ Անուշի հինգ դուստրերից երեք կրտսերները ծնվել են Ամերիկայում եւ ինքնաբերաբար քաղաքացիություն են ունեցել: Նախկին ամուսինը ամուսնալուծվել է եւ ամերիկական քաղաքացիություն ունեցող կնոջ հետ ամուսնանալուց հետո քաղաքացիության իրավունք է ձեռք բերել:
Ընտանիքի ողջ մնացած անդամները 25 տարեկանից փոքր են, այդ թվում նաեւ՝ Մարիամի դուստրը: