Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԻՍԱԲԱՑ» ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ «ԲԱՑ» ՕՐԵՐԸ

Հունվար 15,2010 00:00

Դատախազությունը չի նշել հիմքերը

9 տարվա ազատազրկման դատապարտված մանկավարժ Սիլվա Ասատրյանը 5,5 տարի է, ինչ գտնվում է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:
Ս. Ասատրյանը 2 դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որոնցից մեկը վերաբերում էր ապօրինի անազատության մեջ պահելուն, իսկ մյուսն էլ արդար դատաքննություն իրականացնելուն:
Հիշեցնենք, որ դատապարտյալը անցյալ տարվա օգոստոսի 28-ին հաղթել էր ՀՀ Սահմանադրական դատարանում եւ հնարավորություն ստացել նոր հանգամանքի հիմքով կրկին դիմել ՀՀ վճռաբեկ դատարան:
Ս. Ասատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին: Առիթը ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի անցյալ տարվա հոկտեմբերի 2-ի թիվ 845 արձանագրության կիրառումն էր: Ըստ այդ մարմնի որոշման, Ս. Ասատրյանը կիսաբաց տեսակի ուղղիչ հիմնարկից տեղափոխվել էր բաց տեսակի հիմնարկ: Ինչ էր դա նշանակում: Ս. Ասատրյանը ամեն օր դուրս էր գալիս «Աբովյան» ՔԿՀ-ից, լինում տանը կամ աշխատում, ապա գիշերը ժ.11-ից մինչեւ առավոտյան ժ.7-ը վերադառնում ՔԿՀ: «Ազատությունից» Ասատրյանն օգտվեց 20 օր:
20 օր հետո Ասատրյանին այլեւս չթողեցին դուրս գալ ազատազրկման վայրից, պատճառաբանելով, թե նա զգուշացում ունի: Մինչդեռ, Ասատրյանը մասնակցում էր ցուցահանդեսների (նկարում է եւ կավագործությամբ զբաղվում), ստանում էր խրախուսանքներ՝ բարձր պահելով ՔԿՀ-ի պատիվը:
Հետագայում պարզվել է, որ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների ու հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ Զ. Ստեփանյանը որոշում է կայացրել այդ տեղաբաշխման մարմնի որոշումը կասեցնելու մասին, գտնելով, որ այն հակասել է օրենսդրությանը:
ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովը կրկին քննության է առել Ասատրյանի հարցը եւ թիվ 910 արձանագրությամբ Ս. Ասատրյանին վերջնականապես տեղափոխել կիսաբաց «Աբովյան» ՔԿՀ:
Փաստաբանը Օմբուդսմենին տեղեկացնում է, որ իր պաշտպանյալը «բաց ուղղիչ հիմնարկում» բացասական վարքագիծ չի դրսեւորել: Ի դեպ, Ասատրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում գոյություն չունի: Հետեւաբար, տեղաբաշխման հանձնաժողովը կատարել է գլխավոր դատախազության վերոնշյալ վարչության ապօրինի ցանկությունը, դրանով իսկ խախտելով պատժի կեսը կրած դատապարտյալի իրավունքները: Դատախազության առարկության մեջ չի նշվում, թե օրենքի ո՞ր դրույթին չի համապատասխանել տեղաբաշխման հանձնաժողովի թիվ 845 արձանագրային որոշումը: Այսինքն՝ որտեղ է օրենսդրությանը հակասող ակտի հիմքը: Ըստ փաստաբան Կ. Մեժլումյանի, «Դատախազն իրավունք ուներ կասեցնել ակտի գործողությունը, եթե, իր կարծիքով, այն բերել է ծանր հետեւանքների»: Այսինքն՝ Ս. Ասատրյանը կիսաազատության ժամանակ մի այնպիսի քայլ է արել, որը առաջացրել է ծանր հետեւանքներ:
Դատապարտյալի նկատմամբ երբ փոխվում է պատժի տեսակը, պետք է առկա լինի նրա դիմումը: Բաց հիմնարկից ավելի բարձր աստիճանի կիսաբաց հիմնարկ տեղափոխվելու մասին Ասատրյանը դիմում չի գրել, ինչը նույնպես օրենքի կոպիտ խախտում է (ՀՀ քրեակատարողական օրենսգիրք):
Կատարվածը, փաստաբանի գնահատմամբ, «Ասատրյանի նկատմամբ դատախազության կողմից իրականացված ու իրականացվող անհիմն հետապնդման շարունակությունն է»:
«Առավոտի» տեղեկություններով, Ս. Ասատրյանի տույժը վերաբերել է 3 տարի առաջ ստացած տույժին, իսկ Քրեակատարողական օրենսգրքի 97 հոդվածի 6-րդ մասի համաձայն, դատապարտյալը համարվում է տույժ չունեցող, եթե տույժը կրելուց հետո 6 ամսվա ընթացքում չի ենթարկվել նոր տույժի կամ նախկին տույժը հանվել է:
Բացի Օմբուդսմենից, դատապարտյալի փաստաբանը դիմելու է դատարան՝ կատարվածին իրավական գնահատական տալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել