Երեկ «Հայացք» ակումբի հրավերով հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ՍԴ որոշման մասին իրենց պարզաբանումները տվեցին ՀՀ սահմանադրական դատարանի միջազգային պայմանագրերի բաժնի պետ Վլադիմիր Վարդանյանն ու սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
«Միջազգային իրավունքը թույլ չի տալիս վերապահումներ անել երկկողմանի պայմանագրերում, քանի որ դա անիմաստ է ու անհեթեթ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը: Նրա տեղեկացմամբ, մինչ պայմանագիր ստորագրելը՝ տեքստը կազմելիս, կողմերը պետք է միմյանց հետ համաձայնեցնեն բոլոր կետերը: Ստորագրելուց հետո որեւէ կետի առումով վերապահում անելն այլեւս անիմաստ է, քանի որ եթե մյուս կողմը չընդունի այդ վերապահումը, այն իրավական ուժ չի ունենա: «Եթե մեր ՍԴ-ն հայ-թուրքական արձանագրությունների նկատմամբ վերապահումներ աներ, Թուրքիան կհարցներ, թե ինչո՞ւ մենք նախկինում չենք բարձրաձայնել մեզ համար անընդունելի դրույթները»,- հավելեց Վ. Վարդանյանը:
Վերջինս նաեւ նշեց, որ «հայկական դիվանագիտությունը կոպիտ սխալ է թույլ տվել՝ ընդունելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փաստացի առկա սահմանը ճանաչելու մասին դրույթը»: Վ. Վարդանյանի դիտարմամբ, ԱԺ-ն վերապահում անելու կարիք չունի, քանի որ ՍԴ-ի վճիռը պարտադիր է ՀՀ բոլոր պետական մարմինների եւ պաշտոնյաների համար:
Ի դեպ, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն, ՍԴ որոշումները չեն մեկնաբանվում: ՍԴ իրավաբանական վարչության պետ Լիաննա Հակոբյանը «Առավոտի» հարցին, թե արդյո՞ք Վ.Վարդանյանը չի խախտել օրենքը՝ ասուլիսի հրավերն ընդունելով, ասաց. «Նա մեկնաբանելու իրավասություն չունի: Իսկ պարզաբանումներ տալը որեւէ իրավական հետեւանք չի առաջացնելու, դա պաշտոնական չի լինելու»: Սակայն որտեղ է սահմանը «մեկնաբանության» եւ «պարզաբանումներ տալու»՝ հստակ չէր: