Մենք՝ ներքոհիշյալ բնակիչներս, մեր տարակուսանքն ու բողոքն ենք հղում ընդդեմ «ՀայՌուսգազարդի» կողմից ստիպողաբար ներտնային սպասարկման վարձ գանձելուն։ Աշխարհում չլսված, հավանաբար նախադեպը չունեցող մի որոշում, որով բնակիչներից գանձվում է գումար՝ դեռ չկատարված աշխատանքի համար, անունը դնելով «Ներտնային տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճար»։ Քաղաքակիրթ աշխարհում ծառայություններ մատուցելուց հետո են գումարները գանձում։ Հայաստանում հակառակն է, ստիպողաբար են գանձում, այն էլ դեռ չկատարած ծառայությունների համար։ Մենք սա դիտարկում ենք որպես գազի սակագնի բարձրացում, պարզապես՝ նոր անունով։
Այսօր «ՀայՌուսգազարդը» ունի 500 000-ից ավելի բաժանորդ։
Անգամ ամենամիջին հաշվարկներով, յուրաքանչյուր բաժանորդից սպասարկման համար գանձվող գումարները հասնում են միլիոնների:
Այսօր խանութներում վաճառվող գազի ժամանակակից սարքավորումների մեծ մասը օժտված է անվտանգությունը ապահովող բազմատեսակ սարքերով ու ավտոմատիկայի տեսակներով։ Խանութներից ապրանք գնելիս տրվում է 1-3 տարվա երաշխիքային սպասարկման պարտավորություն, որով պարտավորվում են իրենց իսկ մասնագետների միջոցով վերացնել առաջացած անսարքությունները։ Մեր թաղամասի մի խումբ բնակիչներով խնդրում ենք, այդ որոշումը վերանայել եւ չեղյալ համարել: