3 սենյականոց բնակարանը ձեռքից վերցրել՝ փոխարենը հատկացրել են ընդամենը 1 սենյակ
«Ադրբեջանական ջարդից հազիվ փրկվեցինք-եկանք Հայաստան, հույս ունենալով, որ գոնե խաղաղ կյանք կունենանք, բայց պարզվեց ընկանք մոնղոլ-թաթարների ձեռքը: Մեր բնակարանը պետությունը խաբեությամբ ձեռքներիցս վերցրեց»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Անժելա Զալյանը:
Արցախյան պատերազմի տարիներին, որպես բուժքույր, լինելով ամենաթեժ կետերում, տիկին Անժելայի մտքով չէր էլ անցնում, որ մի օր հայրենիքում կզրկվի սեփական բնակարանից: Ա. Զալյանը մոր հետ երկար տարիներ բնակվել է Ֆուչիկի 19 շենքի 19 բնակարանում: Շենքը վթարային էր, եւ 2000 թվականին կառավարությունը թիվ 682 որոշումն ընդունեց, որով մայրաքաղաքի վթարային շենքերի բնակիչներին տրամադրվեց մեկ այլ բնակարան՝ նախկինում զբաղեցրած բնակարանի սենյակների թվով, բայց ոչ ավելի, քան ՀՀ բնակարանային օրենսդրության նորմերն են պահանջում: Սակայն կառավարության այս որոշումը Երեւանի քաղաքապետարանն իրականացրեց ըստ իր հայեցողության: Ֆուչիկի 19 շենքում տիկին Անժելան մոր հետ զբաղեցնում էր 3 սենյականոց բնակարան եւ ակնկալում էր փոխհատուցում ստանալ սենյակների նույն քանակությամբ: Այնինչ քաղաքապետարանը որոշեց, որ նրա հասանելիքը 1 սենյականոց բնակարան է եւ տրամադրեց 1 սենյականոցի համար փոխհատուցում՝ ընդամենը $3000:
Տիկին Անժելայի պատմելով՝ այդ ընթացքում մայրը ծանր հիվանդ էր, ինքն էլ չէր աշխատում՝ մորն էր խնամում. «Այդ գումարը իհարկե ինձ համար հսկայական գումար էր, բայց ես ամեն կերպ պայքարում էի, որ փոխհատուցումն արդարացի լինի. 3 սենյակի համար տրվի այդ գումարը, բայց ուր գնում էի՝ պաշտոնյաներն ասում էին՝ 1 սենյակ է ու վերջ: 4-5 անգամ դիմել եմ նախագահի վերահսկողական, բայց ոչ ոք մարդատեղ չդրեց: Իսկ ինձ կառավարության աշխատակազմի պաշտոնյաներից մեկը վստահեցրել էր, որ 3 սենյակ է իմ հասանելիքը, եւ պետք է պայքարեմ: Բայց իմ պայքարով ոչ մի բանի չհասա: Այս երկրում հասարակ քաղաքացուն ո՞վ է բանի տեղ դնում: Ո՞նց պայքարեի, ձմռան կեսին տնից վտարեցին: Տանիքն այնպես էին ջարդում, քարերը գլխիս էր թափվում: Այսօրվա պաշտոնյաները գիշատիչներ են՝ մարդկային կերպարանքով: Ավելի հեշտ կնայեմ խաչափայտին, քան դրանց աչքերին»: Ճարահատյալ, տիկին Անժելան քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքեց եւ ստացավ այդ 3000 դոլարը, սակայն դա հազիվ բավականացրեց, որպեսզի բնակարանի վարձ տա ու մոր հուղարկավորության ծախսերը հոգա: Մնալով անօթեւան՝ տիկին Անժելան դիմեց Երկրապահների միությանը, որն էլ նրան որպես ազատամարտիկ 1 սենյականոց բնակարան տրամադրեց: Տիկին Անժելան 2-րդ կարգի հաշմանդամ է, պատերազմի տարիներին կոնտուզիա է ստացել: Անժելան, որպես արցախյան պատեազմի մասնակից, արժանացել է «Մարտական գործողությունների մասնակից», «Ազատամարտիկ», «Վազգեն Սարգսյան» կրծքանշանների, Արցախի մայրերի կողմից «Մայրական երախտագիտություն» հուշամեդալին եւ մի շարք այլ պարգեւների: Բայց այսօր նրա թոշակը հազիվ է բավականացնում դեղորայքի, չոր ու ցամաք սննդի համար: Ձմռանը սենյակը տաքացնելու համար Անժելան նույնիսկ չի համարձակվում էլեկտրական սալիկ միացնել: Բնակարանում եղած-չեղած իրերն էլ ծանոթ-մտերիմներն են հատկացրել. «Իմ երիտասարդությունն անցավ պատերազմում, ես հայրենիքիս համար էի պայքարում, բայց այսօր իմ հայրենիքն ինձ արհամարհում է: Չեմ հասցրել ամուսնանալ: Ինձ ճիշտ հասկացեք, ես ագահ չեմ, ես պարզապես օրենքով ինձ հասանելիք բնակարանն եմ պահանջում: Այսօր Ֆուչիկի 19 հասցեում նոր շենք է կառուցվել եւ շուտով բնակարանները բաշխելու են, ես պահանջում եմ ինձ հասանելիք սենյակը»:
Մենք բազմիցս անդրադարձել ենք վթարային շենքերի բնակիչների անարդար փոխհատուցումներին: «Առավոտի»՝ «3 սենյակի դիմաց՝ 1 սենյակ» (04.08.2009) հրապարակման մեջ նմանատիպ խնդիր էին բարձրացրել Շինարարների թիվ 14 վթարային շենքի բնակիչները: Դեռեւս նախորդ տարվա օգոստոս ամսին Երեւանի քաղաքապետարանից վստահեցրել էին, որ այդ բնակիչների խնդիրները մանրամասն կուսումնասիրվեն, սակայն, բնակիչների հավաստմամբ, մինչ օրս ոչ մի հարց էլ չի լուծվել: