Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՇԻՎ ԵՆ ՏԱԼՈՒ

Հունվար 15,2010 00:00

Երեկ կառավարության այս տարվա առաջին նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլոր նախարարներին հանձնարարել է «հանրության առջեւ հնչեցնել առնվազն երեք ծրագիր, որոնք գտնվելու են իրենց անմիջական հսկողության տակ եւ որոնք ապահովելու են բեկումային զարգացում: Տարեվերջին նրանք պետք է հաշիվ տան, թե որ ոլորտներում են գրանցել լուրջ առաջընթաց»: Վարչապետի 2-րդ հանձնարարականը վերաբերում է տնտեսական աճի ցուցանիշին. «Ամփոփելով 2009-ի արդյունքները, լսելով ձեր հաշվետվությունները, մենք պետք է հիմնական շեշտը դնենք այն հանգամանքի վրա, թե ինչ ներուժ է կուտակված եւ ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք 2010-ին, որոնք կհանգեցնեն տնտեսական աճի ցուցանիշի բարելավմանը, ինչ ռեզերվներ ունենք, ինչ խոչընդոտներ կան, որոնց վերացումը կարող է ապահովել տնտեսական աճ, կամ ինչ կոնկրետ նախագծեր կան, որոնց իրականացումը ապահովելու է այն»:
Կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2009թ. հոկտեմբերի 12-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը: Ծրագիրն ընդգրկում է Ագարակ-Կապան-Երեւան-Գյումրի-Բավրա մայրուղիները եւ ճանապարհային ենթակառույցները: Այն հնարավորություն կտա բարելավել ճանապարհային կապը Իրանի եւ Վրաստանի հետ՝ ապահովելով ելք դեպի միջազգային առեւտրային ուղիներ եւ շուկաներ: Այդ աշխատանքների իրականացման համար ընթացիկ տարում նախատեսվում է ծախսել $120 մլն:
Գործադիրը դեմ է արտահայտվել ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, քանի որ այն, ըստ կառավարության անդամների, հստակ չէ եւ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս:
Քննարկվել է նաեւ ՀՀ արդյունաբերության զարգացման հայեցակարգը, որի նպատակն է ստեղծել Հայաստանը ինդուստրիալ ուղղվածությամբ երկիր դարձնելու համապատասխան միջավայր՝ տարեցտարի ավելացնելով արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ի կառուցվածքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել