Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթուցիկները պատուհանից ներս են նետել ու փախել

Հունվար 15,2010 00:00

Կենցաղային նշանակության հրագործական արտադրանքները, այսպես ասած՝ ճայթիչ-պայթուցիչները, անհանգստության ու վրդովմունքի պատճառ են դառնում հատկապես Ամանորի նախաշեմին: Նկատի ունենալով այն, որ այդ կարգի պայթուցիկները կարող են բավականին լուրջ վնասներ պատճառել,  դրանց վաճառքը օրենքով արգելված է, սակայն առեւտրականները, այնուամենայնիվ, դրանք ձեռք բերելու եւ վաճառելու ճանապարհ գտնում են: Եվ եթե մայրաքաղաքում այդ պայթուցիկների առեւտուրն էլի ինչ-որ կերպ վերահսկվում է, ապա մարզերում այն լրիվ անվերահսկելի է: Ամանորի տոներին մեծ պահանջարկ ունեցող պայթուցիկները լավ եկամտի աղբյուր են, եւ վերավաճառողները հաջողացրել էին դրանց վաճառքը կազմակերպել մայրաքաղաքի վերահսկողների աչքից հեռու՝ մարզերում: Համենայնդեպս, մի քանի մարզերում, մասնավորապես՝ Գեղարքունիքում եւ Արարատում, դրանք անարգել վաճառվել են, ինչի հետեւանքով էլ, բնականաբար, բացասական միջադեպեր են գրանցվել:  
Արարատի մարզի Զովաշեն գյուղի մի քանի անհանգստացած եւ վրդովված բնակիչներ «Առավոտին» պատմեցին, որ Նոր տարվա շեմին՝ դեկտեմբերի 31-ի առավոտից մինչեւ ուշ երեկո, ճայթիչների աղմուկից պրծում չեն ունեցել: Բնակիչներից մեկի պատմելով՝ անհայտ խուլիգանները այս տարի չեն բավարարվել միայն դրսում իրենց գործն անելուց, պայթուցիկներ են նետել նաեւ պատուհաններից ներս՝ ահուսարսափի մատնելով խաղաղ բնակիչներին.  «Մեր խոհանոցի պատուհանից ներս էին նետել, այդ ընթացքում մենք տոնական սեղանի շուրջ էինք հավաքվել ու րոպեներն էինք հաշվում Ամանորը դիմավորելու համար: Ահա քեզ Ամանորի նվեր, բոլոր ապակիները մեծ աղմուկով փշրվեցին ու մեր խոհանոցը վերածվեց բացօթյա տարածքի, բարեբախտաբար, այդ ժամանակ ոչ ոք չկար խոհանոցում, թե չէ ստիպված կլինեինք Ամանորը հիվանդանոցում դիմավորել»:
Վիճակագրությունը փաստում է, որ նախորդ տարիներին արձանագրված դժբախտ պատահարների մի զգալի մասը այս կարգի պայթուցիկ միջոցների հետ անզգույշ վարվելու հետեւանք էր, տուժածներն էլ հիմնականում անչափահասներ են: Նման դեպքերը կանխելու նպատակով ոստիկանությունը նախատոնական օրերին որոշակի միջոցառումներ էր կազմակերպել: Ոստիկանության լրատվական բաժնի պատասխանատու Ս. Շիրինյանը տեղեկացրեց, որ ոստիկանության աշխատակիցները համապատասխան ստուգայցեր են կատարել Երեւանի եւ մարզերի առեւտրի կենտրոններ՝ սերտիֆիկատին եւ ստանդարտին չհամապատասխանող հրագործական առարկաների ապօրինի առեւտրի դեպքերը հայտնաբերելու եւ դրանց վաճառքը կանխելու ուղղությամբ: Դեկտեմբերի 19-ին Երեւանում անցկացրած  ստուգայցերի  արդյունքում, ոստիկանները հայտնաբերել ու առգրավել են 1800 հրագործական արտադրատեսակ: Դեկտեմբերի 11-22-ը ընկած ժամանակահատվածում առգրավվել ու պահեստավորվել է 11 հազար 265 պայթուցիկ- հրագործական արտադրատեսակ: Ոստիկանությունն էլ հատուկ  զգուշացնում է, որ բնակելի շենքերի մուտքերում եւ բակերում, փողոցներում եւ այլ հասարակական վայրերում, բնակելի տարածություններում եւ դրանից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության  հետ, առաջացնում են նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել