Անշարժ գույքի շուկայում առուվաճառք չլինելու պատճառով՝ այդ բիզնեսով զբաղվող գործակալություններից շատերը փակվել են
Վերջին մեկ տարում Գյումրիի անշարժ գույքի շուկան լճացել է. գյումրեցիները, հայրենիքը լքելու նպատակով, համատարած վաճառքի են հանում իրենց բնակարանները, սակայն շատերին գնորդ գտնել այդպես էլ չի հաջողվում: Այս մասին փաստում են ինչպես անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող գործակալությունների ղեկավարները, այնպես էլ տեղական թերթերի խմբագիրները, որոնց թերթերում այս ոլորտին վերաբերող հայտարարությունները անհամեմատ նվազել են: Բանն այն է, որ տնտեսական ճգնաժամից բացի, Գյումրիի անշարժ գույքի շուկայի վրա առանձնահատուկ բացասական ազդեցություն է թողել «Բնակարանների գնման վկայագիր» (ԲԳՎ) ծրագրի դադարեցումը: Ինչպես հայտնի է, նախորդ տարվանից կառավարությունը բնակարան գտնելու տաժանակիր գործը այլեւս անօթեւանի վրա չի գցում, այլ հարցը լուծում է նրանց համար բնակելի շենքեր կառուցելով: Իսկ ԲԳՎ-ի դադարեցումը ուղղակիորեն ազդում է «բրոքերների» բիզնեսի վրա, ըստ նրանց, նույնիսկ բնակարանների գների էժանացումը իրենց չի փրկում: Նշենք, որ մոտ մեկ տարի առաջ փակվեց Գյումրիում բավականին մեծ ճանաչում ունեցող գործակալություններից մեկը՝ «Գլոբուսը»: Ինչպես հավաստում են գործակալության նախկին աշխատակիցները, պատճառը եղել է սնանկացումը:
Գյումրիում հրատարակվող «Հինգշաբթի» շաբաթաթերթի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ թեեւ 2008-ի համեմատությամբ Գյումրիում բնակարանների գները իջել են, սակայն իր թերթում բնակարանները վաճառելու հայտարարությունները շատ ավելի են, քան գնելու: «Գիտե՞ք ինչից ենք զգում, որ շարժ չկա. սովորաբար այն մարդիկ, ովքեր հաջողացնում են վաճառել իրենց բնակարանները, գալիս եւ պահանջում են հանել հայտարարությունը, նմանատիպ դեպքերը շատ չեն, բացի այդ, մենք աշխատում ենք անշարժ գույքի գործակալությունների հետ, եւ եթե անցած տարիներին, օրինակ, 20-30 հայտարարություն էին բերում, ապա հիմա՝ 5-6: Ցավն այն է, որ բնակիչների հետ մեր շփումները ցույց են տալիս, որ մեծ մասը բնակարանը վաճառում է հայրենիքից արտագաղթելու համար»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը: Գրեթե նույնն է փաստում 2007-ից գործող «Լամիո ռեալիթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հասմիկ Սողոմոնյանը: Մեր զրուցակցի ասելով, իր գործունեության առաջին իսկ օրվանից նկատել է, որ Գյումրիում առաջարկը շատ ավելի է, քան պահանջարկը, նույնիսկ ամիսներ կան, երբ գործարք ընդհանրապես չի կատարվում: «Հիմա առավել եւս այդպես է, ըստ երեւույթին ճգնաժամն է ազդել, դրսից եկող գումարները քչացել են, դրա համար էլ պահանջարկը շատ քիչ է, նույնիսկ մարդիկ, որոնք ի վիճակի են գնելու, հիմա դեռ սպասում են, իրենց անընդհատ թվում է, թե նորից տների գները պիտի իջնեն եւ չեն ուզում ռիսկի գնալ»,- ասում է տիկին Սողոմոնյանը:
Իսկ թե գործակալների աշխատանքի վրա ինչպե՞ս է ազդել ԲԳՎ-ների չտրամադրումն ու կառավարության կողմից բազմաբնակարան շենքերի կառուցումը, Հ. Սողոմոնյանն այսպես է մեկնաբանում. «Կառուցվող բնակարանները տրամադվելու են անօթեւաններին, այն մարդկանց, ովքեր հերթացուցակում գրանցված են եւ սպասում են իրենց հերթին, նրանք, այսպես ասած, չքավոր խավն են, հնարավորություն չունեն իրենց միջոցներով բնակարան ձեռք բերել, եթե հնարավորություն ունենային, էս 20 տարիների ընթացքում իրենց բնակարանային հարցը բարելավելու համար ինչ-որ բան արած կլինեին, եւ այս դեպքում բնական է, որ բնակարանաշինությունը չի կարող էական ազդեցություն ունենալ մեր բիզնեսի վրա, ես կարծում եմ, որ բնակարանաշինությունը ավելի շուտ նորից առաջարկ կբերի մեր շուկային: Երեւի թե կստանան իրենց բնակարանները, ինչ-ինչ պատճառներով շատերը գուցե վաճառեն՝ մեկ այլ փոքր բնակարան ձեռք բերելու կամ իրենց կենցաղային կարիքները հոգալու համար: Իսկ ԲԳՎ-ի չտրամադրելը անխոս ազդել է մեր բիզնեսի վրա, դա առձեռն գումար էր, որ տրվում էր մարդկանց՝ իրենց ուզած բնակարանը գնելու»: Մասնագետի փաստելով, թեեւ Գյումրիում 30-40%-ով նվազել են բնակարանների գները, սակայն կենտրոնական հատվածներում բնակարան ձեռք բերելը դարձյալ թանկ հաճույք է, կան շենքեր, որտեղ բնակարանների արժեքը չի զիջում մայրաքաղաքայինին: Օրինակ, Սայաթ-Նովայի փողոցի նորակառույց շենքում վերանորոգված 2 սենյականոցը $50-60 հազար արժե, իսկ նմանատիպ երկու սենյականոցը ծայրամասային Անի թաղամասում՝ $30-35 հազար: «Իհարկե, սրանք մաքսիմում գներն են, բայց կան բնակարաններ, որոնք վերանորոգված չեն, պետական վիճակի տներ են, որոնք արժեն $16 հազար, $18 հազար, $20 հազար եւ այլն: Գյումրիում գների տատանումն շատ մեծ է, կախված է նրանից, թե որտեղ է եւ ինչ կարգի շենք է, ինչ վիճակում եւ ինչ շտապողականություն ունի վաճառողը»,- ասում է Հասմիկ Սողոմոնյանը: Մեր զրուցակցի ասելով, նույն պատկերն է նաեւ սպասարկման օբյեկտների պարագայում, բոլորը շքեղ կառույցներ են սարքում, վաճառքի հանում, սակայն գնորդ չկա: Արտասահմանցի մեծահարուստներին Գյումրին չի հրապուրում, իսկ օբյեկտներով փոքր-ինչ սկսել են հետաքրքրվել մայրաքաղաքի բնակիչները: «Ընդամենը հետաքրքրվում են, մտածում են՝ ինչ բիզնես կարելի է ծավալել Գյումրիում, բայց ասել, թե կտրուկ քայլեր են անում, այդպես չէ: Օբյեկտները եւս վաճառել հնարավոր չէ, թանկ են, պատկերացրեք, եթե մի օբյեկտը պիտի լինի 100-200 հազար դոլարի կարգի եւ ավելի, դրա գնորդը Գյումրիում շատ լինել չի կարող, սա Երեւան չէ, Գյումրիում միջին գինը օբյեկտի համար կարող է տատանվել $50-60 հազարի սահմաններում, բնակարաններինն էլ՝ $20-30 հազար, այն մեծ գումարը, որ այս կամ այն կառույցի համար տալիս են՝ էնքան հազվադեպ է լինում, որ ամբողջ քաղաքը միանգամից իմանում է»,- ասում է գործակալության տնօրենը:
Մասնագետները դժգոհում են նաեւ հարկային քաղաքականությունից: Նրանց ասելով, թեեւ ամիսներ կան, որ Գյումրիում գործարք գրեթե չի կատարվում, սակայն այսպիսի ճգնաժամային պայմաններում անգամ իրենց հանդեպ հարկային քաղաքականությունը չեն մեղմացնում: «Եթե մարդկանց գնողունակությունը նվազել է, առուվաճառք չի կատարվում, ինչքա՞ն ժամանակ կարող է գործակալությունը գոյատեւել, ի վերջո գրասենյակ պահելը մեծ ծախսեր է պահանջում, ցանկալի կլիներ հարկային նոր մոտեցում, որպեսզի գործակալությունները չփակվեն: Եթե մարդը չի լքում էս երկիրը, չի փնտրում ավելի հեշտ ապրելու ճանապարհ, այլ շենացնում է հայրենիքը, ինչ-որ բիզնես է ծավալում, գոնե պետք է հնարավորություն տալ, որպեսզի կարողանա աշխատել, այլ ոչ թե փակել, պետք է հարկային օրենքները վերանայել»,- առաջարկում է «Լամիո ռեալիթի» գործակալության տնօրենը: