Ռազմական հաղթանակներ եւ դիվանագիտական պարտություններ
«Որպես քաղաքական գործիչ՝ կարող եմ ասել, որ հիմա ՀԱԿ-ը գտնվում է սխալ քաղաքական գործընթացների մեջ։ Որովհետեւ այս բախտորոշ հարցին պետք է հստակ, ամբողջական դեմ կանգնել»,- Երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը՝ հավելելով, որ դժվար է հասկանում ոչ միայն հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարում, այլ նաեւ մնացյալ հարցերում, թե Հայ ազգային կոնգրեսն ի՞նչ է անում: Անդրադառնալով օրախնդիր հարցերին՝ հայ-թուրքական հարաբերություններ եւ ԼՂՀ հարց ու դրանց համատեքստում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցին՝ Արամ Կարապետյանը կարծիք հայտնեց, որ. «2010թ. Հայաստանին պարտադրելու են հանձնել ԼՂ-ի 5 շրջանները: Դա կփորձեն անել Ռուսաստանի ճանապարհով։ Իմ անձնական կարծիքն է, որ հիմա եթե դա էլ չստացվի, ապա նորից Ամերիկան կմտնի խաղի մեջ եւ կփորձի թուրքերին համոզել, որ առանց Լեռնային Ղարաբաղի վավերացնեն այդ փաստաթուղթը, որն, իմ կարծիքով, թուրքերը չեն անի»: Ըստ բանախոսի՝ Հայաստանի իշխանություններն այնպիսի փակուղու առջեւ են, որ կամ պետք է համաձայնեն շրջանները հանձնելուն, կամ պատերազմական գործողությունների վտանգի առաջ կանգնեն։ Առաջին տարբերակի դեպքում ՆԺԿ նախագահը Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսում։
Որ Թուրքիայի վարչապետի այցը Մոսկվա եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի այցը Երեւան շաղկապված են՝ երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նաեւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա նկատեց, որ Թուրքիայի վարչապետը Մոսկվայում խոսեց միայն Ղարաբաղի մասին:
Սերգեյ Լավրովը Հայաստանում նույնպես խոսեց միայն ղարաբաղյան հարցի մասին: «Թուրքիան միշտ ճգնաժամի ժամանակ Հարավային Կովկասում իր խնդիրները լուծում էր Ռուսաստանի միջոցով: Թուրքիան եւ Ադրբեջանը միշտ պարտվում էին հայերին ռազմի դաշտում, հետո դիվանագիտական դաշտում լուծում իրենց հարցերը Ռուսաստանի միջոցով»,- նկատեց քաղաքագետը՝ հավելելով, որ համանման սցենարի իրականացման ականատեսն ենք այժմ: Նա նաեւ վստահ է. «Այն, որ ԱԺ-ն արագ չի վավերացնում արձանագրությունները, դուրս չի բերում Հայաստանն այս պրոցեսից, դրանով հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը դեմ եւ Ղարաբաղի հարցը հայ-թուրքական հարաբերություններին կապող ուժերին շանսեր եւ ժամանակ է տալիս: Չեմ հասկանում, թե ինչու սա ԱԺ-ում չեն հասկանում: Գիտեմ, նրանք զբաղված մարդիկ են, Հայաստան շաքար, ալյուր ներկրելը լուրջ գործեր են, այդ դեպքում թող մեզ չխանգարեն, մենք զբաղվենք քաղաքականությամբ»:
Իր հերթին Արամ Կարապետյանն էլ նկատեց, որ ՍԴ որոշմամբ առավել հստակ ներկայացվեց, որ ստորագրված արձանագրություններում նախապայմաններ կան: Այլապես, ըստ նրա, ՍԴ որոշումը կլիներ ոչ թե 7 էջ, այլ ընդամենը 2 տող. «Մտահոգությունները քաղաքական տեսակետից ՍԴ-ի դատավորները նույնպես նկատել են եւ համապատասխան այս որոշման կետերի՝ փորձել են այդ մտահոգություններին իրավական պատասխան տալ, որն, իմ կարծիքով, իրենց մոտ շատ լավ ստացվել է»։ Ամեն դեպքում, Ա. Կարապետյանի համար փոքր-ինչ անսպասելի էր ՍԴ որոշման այսքան ռադիկալ լինելը: ՆԺԿ նախագահը գտնում է, որ այսպիսով Սահմանադրական դատարանն ապագայում իրավական տեսակետից իմպիչմենտի հարց բարձրացնելու հնարավորություն է ընձեռել սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին դեմ գործողությունների համար։ Նա նաեւ կարծում է, որ ՍԴ-ն իր այդ որոշմամբ փաստեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերի ճշմարտացիությունը, որ Հայաստան-Թուրքիա զույգ արձանագրությունների պես փնթի փաստաթուղթ երբեք չի կազմվել: