Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՊԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՈՐԾԱՆԻ

Հունվար 15,2010 00:00

\"\"Հիշեցնելով Լենինին՝ Ռուբեն Թովմասյանը խորհուրդ է տալիս վերջապես զերծ մնալ անգրագիտությունից, սնապարծությունից եւ կաշառակերությունից:

«Բոլշեւիզմը կործանեց Հայաստանը». այս միտքը, որը բնավ դուր չի եկել ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանին, հնչել է վերջերս, հայկական հեռուստաեթերներից մեկով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան հայր Շահե աբեղա Անանյանի շուրթերից: «Այդ երեխան, անկախ նրա կոչումից, չի կարդացել նույնիսկ Վեհափառ Վազգեն Ա-ի խոսքերը, որ նոյեմբերի 29-ի բարեբեր գալուստը պետք է պատռեր Ալեքսանդրապոլի սեւ դաշնագիրը եւ փրկեր հայ ժողովրդին իսպառ բնաջնջումից: Սա Վեհափառի գնահատականն է, ոչ թե սեւ վեղարով եւ մորուքով պատահական մարդկանց: Դրա համար պետք է գոնե ազգի պատմությունը կարդալ»,- այդ հայտարարության առիթով «Առավոտին» իր վրդովմունքը փոխանցեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը՝ հավելելով, որ այդ միտքն արտասանելիս «այդ երեխան» աչքի պոչով նայում էր իր կողքին նստած Հայաստանը քանդած կուսակցության ներկայացուցչին (խոսքը ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանի մասին է-Ն. Գ.)՝ փորձելով հասկանալ՝ հաճոյացե՞լ է նրան»: Նման «մանկական» հայտարարությունների փոխարեն, ընկեր Թովմասյանը եկեղեցու սպասավորներին խորհուրդ է տալիս աղանդների դեմ պայքար տանել, որոնք կրծում են ազգի սիրտն ու հոգին: Ի դեպ, վերոնշյալ խնդիրները ընկեր Թովմասյանը պատրաստվում է քննարկել Վեհափառի հետ:
Մեր զրուցակցին վրդովեցրել են նաեւ «նորահայտ» մի քաղաքագետի՝ «ում դիպլոմի թանաքն էլ չի չորացել, Շաքարյանց ազգանունով», դիտարկումները, թե ՌԴ-ում էթնիկ հողի վրա ավելի շատ հայ է սպանվում, քան Թուրքիայում, եւ որ հայ երիտասարդներն ավելի շատ ձգտում են Թուրքիայում բարձրագույն կրթություն ստանալ, քան ՌԴ-ում: «ՌԴ-ում 2,5 միլիոն հայ է բնակվում, եւ հայաստանյան ընտանիքների մեծ մասն ապրում է ի հաշիվ ՌԴ-ում ապրող հայերի: Նման չմտածված հայտարարությունները ծանր հետեւանքներ կարող են թողնել»: Հիշեցնելով նաեւ վերջին sms արշավը՝ ռուսական զորքերը Հայաստանից դուրս բերելու առիթով միավորվելու, մեր զրուցակիցը հայտարարում է, որ այդ ամենը Հայաստանի նկատմամբ դավաճանություն է, մանավանդ՝ հայ-թուրքական անհասկանալի հարաբերությունների, ԼՂՀ հարցում պատերազմական գործողությունների հնարավոր վերսկսման ֆոնին: «Թերեւս վախից ելնելով՝ Հայաստանում վերջին շրջանում առավել ինտենսիվորեն, անընդհատ տոն են տալիս հակակոմունիստական հիստերիային»,- կարծում է ընկեր Թովմասյանը՝ վերահաստատելով, որ ՀԿԿ-ն մնում է հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ջատագով: «Այս լոպազությունը վատ վերջաբանի կարող է հանգեցնել»,- գտնում է ՀԿԿ առաջնորդը, հիշեցնելով կուսակցության հոր՝ Լենինի խոսքերը, ով զգուշացնում էր զերծ մնալ անգրագիտությունից, սնապարծությունից եւ կաշառակերությունից. գործոններ, որոնք այսօր խեղդել են Հայաստանը:
Իսկ ինչ վերաբերում է նոր տարում Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական զարգացումներին եւ սպասումներին. «ՀԿԿ-ի վերաբերմունքը եվրոպաներին՝ հայտնի է: Ոչ նրանք, ոչ էլ ԱՄՆ-ը երբեք հայամետ որեւիցե բան չեն անի: Միայն մեր պատմությունը պետք է կարդալ ու դասեր քաղել»: Հայ-թուրքական հարաբերությունների մասով իր ամփոփիչ դիտարկումներում ընկեր Թովմասյանը նկատում է. «Այդ արձանագրությունների եւ բանակցությունների պոչն ԱՄՆ-ի տակ է, կոնկրետ՝ Օբամայի: Խաղաղության Նոբելյան մրցանակ են տվել մի մարդու, ով ինքն էլ չգիտի, թե ինչի համար: Պատահական ստացած մրցանակ: Խաղաղության մրցանակ է ստանում՝ Աֆղանստանում զորքերն է ավելացնում, Իրանի վրա հարձակում է նախապատրաստում: Անցած տարի ապրիլի 22-ին Թուրքիայում Հայաստանի դեմ նրա լարած որոգայթի ձայնը մենք 2010-ի նույն ժամանակահատվածում կլսենք: Ինչո՞ւ Էրդողանին ոչ ոք չսանձեց ԱՄՆ կատարած այցի ընթացքում արած հայտարարությունների համար: Որովհետեւ այդ հայտարարությունները բխում էին Օբամա-Էրդողան հարաբերություններից»:
Նկատի ունենալով այս ամենը, թե ինչպիսին կլինի 2010-ը՝ ընկեր Թովմասյանը կարծում է. «2010 թվական ենք մտնում մոլորված: Իշխանությունն էլ չգիտի, թե ուր է տանում երկիրը: Եթե հավելենք նաեւ տնտեսական իրավիճակի էլ ավելի վատացման միտումները՝ Հայաստանի դիմադրողականությունը 2010-ին իսպառ կկորչի: Այս «ժողովրդավարների» բարեփոխումները վերածվել են չարեփոխումների. վկան՝ 2009-ի ՀՆԱ-ի կրճատումը, ահռելի արտաքին պարտքերը, արտագաղթը, գործազրկությունը, գիտակրթական, մշակութային ոլորտների ողբալի վիճակը»: «Առավոտի» դիտարկմանը, թե ձեզ չե՞ն ոգեւորում վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարելու՝ վերջերս ավելի ինտենսիվ դարձած հայտարարությունները, ընկեր Թովմասյանը պատասխանեց. «Ես վարչապետին խորհուրդ եմ տալիս կոռուպցիայի եւ կաշառակերության թեմաներով խորհրդակցությունների դահլիճները ոչ թե ցուցադրել հեռուստաեթերից, այլ հենց այդտեղ փնտրել դրանց արմատները: Այլապես, այդ թեմայով հայտարարությունները բարձրախոսից այն կողմ չեն անցնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել