Երեւանի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երեկ կայացած նիստում անվավեր ճանաչեց ընտրատարածքի երկու տեղամասերում՝ 10/15 եւ 10/19, հունվարի 10-ին անցկացված քվեարկության արդյունքները՝ հիմնվելով ստացած դիմում-բողոքների վրա: Նշյալ տեղամասերում ընտրությունների մասնակիցների թիվը՝ համապատասխանաբար 582 եւ 599՝ կհամարվի անճշտություն, իսկ այդ տեղամասերում ընտրախախտումների վերաբերյալ նյութերը կուղարկվեն դատախազություն: Հանձնաժողովը մերժեց թիվ 10/34 ընտրատեղամասում քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարելու դիմումը՝ հիմնավորումով, որ դրանում մատնանշված են ոչ թե կոնկրետ կեղծիքների, այլ վիճաբանությունների եւ բռնությունների փաստեր, որոնցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ, թիվ 10 ընտրատարածքում անցկացված Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում հաղթող ճանաչվեց «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը: Քվեարկության արդյունքների մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արձանագրությունը ստորագրել է հանձնաժողովի 7 անդամ: ՀՅԴ-ն ներկայացնող ԸԸՀ անդամը՝ Արմեն Ավետիսյանը, չի ստորագրել: Այդ առիթով երեկ «Առավոտի» հետ զրույցում պարոն Ավետիսյանը պարզաբանեց. «Որպես հանձնաժողովի անդամ, ես ընտրությունները եւ ընտրական գործընթացները բացասական եմ գնահատել՝ հիմնվելով եւ դիմում-բողոքների, եւ տիրող ընդհանուր մթնոլորտի վրա: Այս իսկ պատճառով ինքնակամ հրաժարվել եմ ստորագրել այդ արձանագրությունների տակ»:
Իսկ Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Պատվական Հովակիմյանը «Ա1+»-ին ասաց, որ օրենքով ԸԸՀ-ն պարտավոր էր բողոքներ ընդունել մինչեւ հունվարի 15-ը, բայց երբ ինքը զանգահարեց ԸԸՀ նախագահ Սիլվա Մարկոսյանին եւ ասաց, որ պատրաստվում է նոր բողոքներ բերել, հենց դրանից հետո հանձնաժողովը դադարեցրեց իր աշխատանքը եւ հայտարարեց Արա Սիմոնյանի հաղթանակի մասին: