ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի խորհուրդը «Ժառանգությանը»
Իրավագետ Հրայր Թովմասյանն «Առավոտի» հետ զրույցի ընթացքում անդրադառնալով այն փաստին, որ ՀՅԴ նախաձեռնությամբ անցկացված ցույցի մասնակիցների անունից իրավական հիմնավորումներով դիմում էր հանձնվել ՍԴ-ին, որը կցվեց գործին՝ ասել էր, թե նման վարքագիծը քննադատելի է, եւ սա քաղաքական ճնշման միջոց է. «ՍԴ-ն չգիտի՞ մեր Սահմանադրությունը եւ օրենքները ու դրա համա՞ր են նրա համար ինչ-որ բան պատրաստում, տանում-հանձնում: Չի՛ կարելի»: ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը երեկ «Արցախ» ակումբում անդրադառնալով այս առնչությամբ քննադատությանը՝ դա անվանեց «կատարյալ ապուշություն» եւ հիշեցրեց «ՍԴ մասին» օրենքը, ըստ որի՝ «Սահմանադրական դատարանը պարտավոր է ընդունել գործին վերաբերող յուրաքանչյուր փաստաթուղթ ու ապացույց: Մենք էլ ներկայացրեցինք փաստարկներ ու ապացույցներ»:
Անդրադառնալով ՍԴ որոշմանը հետեւած արձագանքներին՝ Վահան Հովհաննիսյանը հեգնանքով նշեց. «Կան քաղաքական ուժեր, որոնք հուսահատ իրենց ծեփում են պատեպատ՝ ասելով, վե՛րջ, խայտառակվեցի՜նք եւ այլն»: «Առավոտը» հիշեցրեց, որ ՍԴ որոշմանը խիստ բացասական գնահատական է տվել նաեւ «Ժառանգությունը»՝ ի տարբերություն ՀՅԴ-ի, որն այնուամենայնիվ դրական կողմեր էլ է մատնանշում ՍԴ որոշման մեջ: Եվ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է բացատրում հայ-թուրքական արձանագրությունների դեմ միասնաբար հանդես եկող ուժերի այս տրամագծորեն հակադիր գնահատականները: Վահան Հովհաննիսյանն ի պատասխան նախ՝ հստակեցրեց, թե «պատեպատ ծեփվողների» մասին իր որակումը չէր վերաբերում «Ժառանգությանը», բայց իրենց խորհրդարանական գործընկերոջը նաեւ հիշեցրեց, որ այս առումով շատ անելիք ունեն. «Եվ կոչ եմ անում՝ չհիասթափվել, քանի որ պայքարի նոր ասպարեզ է բացվում, ու պայքարի լուրջ հնարավորություններ է տալիս մեզ ՍԴ որոշումը՝ որքան էլ դա ոմանց դուր չգա: Ընդհանրապես՝ դուռ շրխկացնելով փակում ես սեփական ճանապարհը դեպի հաղթանակ: Եվ պետք է հասկանալ, որ պայքարի մեջ կարող են ստեղծվել տարբեր իրավիճակներ, ու այս առումով՝ հիմա հիասթափվելն ավելորդ է: Հակառա՛կը՝ մենք հիմա այս փաստաթղթով ուժ ենք ստանում: Այնպես որ՝ կարծում եմ, պայքարի հետագա փուլերը լավ չտեսնելու հետեւանք է այսօր ոմանց հիասթափությունը»:
ՀՅԴ խմբակցության ղեկավարն իրենց հետագա խնդիրը հռչակեց հասնելը նրան, որ այս արձանագրությունները խորհրդարանում վավերացվեն վերապահումներով, նշելով. «Դա նաեւ արտաքին ճնշումները կթուլացնի ՀՀ նախագահի նկատմամբ, քանի որ այսօր բոլորը հասկանում են, որ վերապահում ներկայացնելու իրավունք ունեցողը ՀՀ նախագահն է»:
Իսկ երբ հիշեցրինք իրավագետների պնդումները, թե ըստ «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի՝ բացառվում է երկկողմ պայմանագրերում վերապահումներ կատարելը, միայն բազմակողմ պայմանագրերի դեպքում է հնարավոր վերապահումներ անել՝ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Խորապես սխալվում են այս հարցում: Նրանք խոսում են ավանդույթի մասին, բայց ոչ օրենքի: Վիեննայի կոնվենցիան երկկողմ համաձայնագրերի մեջ վերապահումներ անելը չի՛ արգելում՝ այդ հնարավորությունը կա: Պարզապես շատ ավելի հաճախ կիրառվում է բազմակողմ համաձայնագրերի դեպքում»: Նաեւ պնդեց, թե որեւէ իրավագետ «ոչ մի կետ չի կարող ցույց տալ, որ Վիեննայի կոնվենցիաներից գոնե մեկն արգելի երկկողմ պայմանագրերի մեջ անել վերապահում»: