Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՎԵԼՈՒ ԵՆ ԸՍՏ ԳԼԽԱՔԱՆԱԿԻ՞

Հունվար 15,2010 00:00

\"\"Հայաստանի խորհրդարանի ղեկավարությունը փորձում է սահմանափակել միջխորհրդարանական կառույցներում ընդդիմության հանդես գալու հնարավորությունը:

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն «Առավոտի» հետ զրույցի ընթացքում երեկ հայտնեց. «Այս պահին դեռեւս որեւէ պաշտոնական տեղեկատվություն չեմ ստացել իմ իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ»: Մինչդեռ ինչպես հրապարակել էինք՝ հունվարի 12-ին ԱԺ նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտնի է դարձել, որ մտադրություն կա ԵԽԽՎ պատվիրակության հիմնական կազմում Զարուհի Փոստանջյանի փոխարեն ընդգրկել «Օրինաց երկրի» անդամ Արծրունի Աղաջանյանին, իսկ «Ժառանգության» ներկայացուցչին փոխադրել փոխարինող կազմ: ԱԺ նախագահի խոսնակ Նաիրի Պետրոսյանը երեկ բնական է համարել այս խնդրին դրական լուծում տալը. «ԵԽԽՎ պատվիրակությունը պետք է ներկայացնի ԱԺ-ի ողջ համամասնական կազմը, եւ ընդամենը սրանով է պայմանավորված պատվիրակության կազմի փոփոխությունը»: Զարուհի Փոստանջյանը պնդեց. «Նման կարգադրության մասին՝ ըստ ընթացակարգի, ես պետք է տեղեկացվեմ: Եվ եթե կա նման իրավական ակտ, ապա այն պետք է հանձնվի ինձ»: Նաեւ զգուշացրեց. «Եթե իրոք ընդունվի նման որոշում՝ անօրինական կլինի, եւ դրա դեմ իհարկե կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»: Վերջին դիտարկումն արվեց ի պատասխան մեր հարցի, թե արդյոք մտադի՞ր է ակնհայտ քաղաքական նկատառումներով արված այս քայլի մասին տեղեկացնել ԵԽԽՎ ղեկավար մարմիններին: 
Խորհրդակցությանը ներկա է եղել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, որը մեզ փոխանցեց, թե հարցը դիտարկվում է ավելի լայն համատեքստում. «Այժմ խնդիր է առաջադրված բոլոր միջխորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի պատվիրակությունների համար սահմանել մասնակցության կարգ կամ սկզբունքներ: Իհարկե, այս պահին հրատապ է ԵԽԽՎ-ն: Բայց ուզում եմ հիշեցնել, որ դեռեւս 2009-ի ամռանը խոչընդոտվեց իմ մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նիստին: Խնդիր կա ընդդիմությանը մեկուսացնել միջխորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի իրավիճակի վերաբերյալ գնահատականներ տալու հնարավորությունից: Եվ այս առումով առաջինը հենց ԵԽԽՎ-ն է: Առաջարկվում է կարգ, ըստ որի՝ ԱԺ նախագահին կից ստեղծվում է պատվիրակությունների ղեկավարների խումբ: Դավիթ Հարությունյանը եւ Հովիկ Աբրահամյանն առաջարկեցին, որ պատվիրակության ղեկավարը որոշի, թե ո՛ր նիստին ո՛ր փոխարինող անդամն է մասնակցելու: Եվ առաջարկվում է կարգ, թե ինչպես է կազմվում պատվիրակությունը: Մինչ այժմ պատվիրակությունները կազմելիս նկատի է առնվել սկզբունքը, թե ԱԺ-ում քանի տեսակետ կա: Այսօր ԱԺ-ում կա 3 տեսակետ՝ կոալիցիայի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության». սա է եղել իմ պատասխանն այդ առաջարկներին: Բազմաթիվ խնդիրներում՝ անգամ արտաքին քաղաքական եւ ազգային հարցերի վերաբերյալ, «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն ունեն տարբերվող մոտեցումներ: Ի դեպ, խորհրդակցության բոլոր մասնակիցները դա հաստատել են: ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունն» այսօր նույնական առարկություններ ունեն ընդամենը հայ-թուրքական արձանագրությունների բովանդակության վերաբերյալ: Բայց Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման, Ադրբեջանի՝ ԽՍՀՄ-ում հայերի Ցեղասպանության եւ այլ հարցերի առնչությամբ մենք ՀՅԴ-ի հետ ունենք տարբեր մոտեցումներ: Էլ չեմ խոսում ներքին քաղաքական խնդիրների մասին. ՀՅԴ-ն քաղբանտարկյալ եզրը չի օգտագործում, խոսքի ազատության, ժողովրդավարության հետ կապված «Ժառանգության» խիստ գնահատականները նույնական չեն ՀՅԴ մոտեցումներին: Այսպիսով՝ հիմնավորել եմ, թե «Ժառանգությունը» չի ցանկանա, որ ՀՅԴ-ն իրեն ներկայացնի, եւ նույն կերպ՝ ՀՅԴ-ն էլ չի ցանկանա, որ իրեն ներկայացնի «Ժառանգությունը»: Հետեւաբար, եթե ԱԺ-ում կա 3 տեսակետ՝ պատվիրակությունները պետք է կազմվեն այդ 3 տեսակետներն արտացոլելով: Այն դեպքում, երբ կոալիցիայի ներսում ո՛չ ներքին, ո՛չ արտաքին խնդիրների վերաբերյալ չկան տեսակետների տարբերություններ, եւ հետեւաբար՝ կոալիցիայի ներսում կարող են միմյանց փոխարինել ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի եւ «Օրինաց երկրի» ներկայացուցիչները: Իսկ «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի փոխատեղումն ուղղակի անհնարին եւ անցանկալի է: Բայց ինձ հիշեցվել է, որ որոշումը կայացնում է ԱԺ նախագահը: Տպավորությունն այնպիսին էր, որ այդ որոշումը կայացվելու է, եւ այսուհետ ԱԺ պատվիրակությունների ձեւավորման մեխանիզմը լինելու է հետեւյալը՝ առաջին հերթին, գլխաքանակով է որոշվելու, եւ եթե տակը տեղ մնա՝ «Ժառանգությունը» կլինի, իսկ եթե չմնա՝ «Ժառանգությունը» կլինի փոխարինող: Իսկ բոլոր պատվիրակությունների ղեկավարներն, արդեն հաշվի առնելով, թե ինչ հարցեր են քննարկվելու տվյալ վեհաժողովում՝ կորոշեն, թե «Ժառանգության» փոխարինող անդամները գնա՞ն, ասենք՝ Ստրասբուրգ, թե՞ ոչ: Հաշվի առնելով այն, որ մեր խորհրդարանը վերջերս հաճախակի է սկսել խոսել պատվիրակությունների մեկնումների արդյունքում ստեղծված ֆինանսական խնդիրների մասին՝ բնականաբար, «Ժառանգության» անդամները՝ եթե փոխարինող լինեն, չեն մեկնի վեհաժողովների նիստերին»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե չի՞ կարծում արդյոք, որ նման փոփոխության պատճառը նաեւ այն է, որ ՀՅԴ ներկայացուցիչը ԵԽԽՎ-ում համագործակցաբար է հանդես գալիս կոալիցիայի ներկայացուցիչների հետ՝ արտաքին քաղաքական հարցերում, եւ ներքին քաղաքականության վերաբերյալ էլ առանձնակի սուր քննադատության չի ենթարկում Հայաստանի իշխանությանը՝ ի տարբերություն «Ժառանգության» ներկայացուցչի: Արդյոք իշխող մեծամասնությունը նախաձեռնելով այս փոփոխությունը՝ նաեւ այս ամենը նկատի չի՞ ունեցել, հարցին Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Ո՛չ, կարծում եմ՝ նկատի են ունեցել այն, որ ՀՅԴ խմբակցությունն ավելի մեծ է, քան «Օրինաց երկիրն» ու «Ժառանգությունը» միասին վերցրած: Այսինքն՝ նաեւ հաշվի է առնվել խմբակցության մեծությունը: Երկրորդը՝ հաշվի է առնվել, որ մեր խմբակցությունը պատվիրակության մեջ ներկայացված է կուսակցության ղեկավարով, որը նույնպես կարեւոր է տեսակետ հայտնելու իմաստով: Ինչ վերաբերում է Ձեր կասկածին՝ նման համագործակցություն չկա: Ուղղակի մենք ունենք մեր գերակայությունները՝ ազգային եւ պետական հարցերի վերաբերյալ, եւ շատ լավ հասկանում ենք, թե ո՛ր հարցերի շեշտադրումը կոնկրետ ո՛ր միջազգային ատյանում Հայաստանի համար ավելի օգտավետ է կամ ավելի վնասակար»:

Հ. Գ. Նկատենք, որ ԵԽԽՎ-ում փոխարինող պատվիրակները նույնպես հանդես են գալիս ելույթներով (հիմնական կազմի անդամի բացակայության դեպքում), ներկայացնում նախաձեռնություններ: Ասենք, Հերմինե Նաղդալյանը թեեւ փոխարինող կազմում է՝ ե՛ւ ելույթներ է ունենում, ե՛ւ մի դեպքում էլ հանդես է եկել իբրեւ ԵԽԽՎ զեկուցող: Ինչը ոչ մի կերպ հնարավոր չէ ասել Արծրունի Աղաջանյանի մասին, որի հրապարակային նախաձեռնությունները ԵԽԽՎ-ում սահմանափակվել են միայն պատվիրակության կազմած փաստաթղթերին իր ստորագրությամբ միանալով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել