ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երեւան գալու առաքելության
իմաստը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումը Մոսկվայում նախապատրաստելն էր:
Երկուշաբթի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ ե՛ւ ղարաբաղյան, ե՛ւ հայ-թուրքական խնդիրներից յուրաքանչյուրն առանձին-առանձին լուծելը առանց այն էլ շատ բարդ է, ուստի ինքը ճիշտ չի համարում բոլոր խնդիրները մեկ զամբյուղի մեջ դնելը: «Եթե մենք դրա հետ միասին բոլորը մի կույտի մեջ հավաքենք, ապա լուծման հեռանկարը ինքնաբերաբար շատ ավելի կհեռացնենք»,- ասել էր նա՝ շեշտելով, որ մարտավարական ու ռազմավարական տեսանկյուններից նպատակահարմար չի գտնում այդ երկու խնդիրներն իրար կապելը: Արդեն երեկ, Երեւանում, նույն միտքը շեշտել է նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ էլի մեկ անգամ հայտարարելով, թե հիշյալ գործընթացները փոխկապակցված չեն: Լավրովի այցը Երեւան հայաստանյան շատ փորձագետներ պայմանավորեցին Էրդողանի՝ Մոսկվա կատարած այցով, ինչը, սակայն, երեկ Լավրովը կտրականապես հերքեց: «Զարմանալի կլիներ, եթե Լավրովի նման փորձառու դիվանագետը ուղղակիորեն նշեր իր այցի իրական շարժառիթը, որն, անշուշտ, կապված է Թուրքիայի վարչապետի Մոսկվա կատարած այցի, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ նախօրեին արած հայտարարության հետ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում նկատեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը՝ պնդելով, թե հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան գործընթացը փոխշաղկապված գործընթացներ են, որովհետեւ երկուսն էլ նպաստելու են տարածաշրջանային համագործակցությանն ու անվտանգության միասնական համակարգի ձեւավորմանը: «Իհարկե, կապ կա, բայցեւ երկու գործընթացների սպոնսորները հասկանում են, որ մասնավորապես Հայաստանի իշխանությունը չի կարող միաժամանակ սպասարկել երկու պրոցեսներն էլ, որովհետեւ նրանք, որպես գործընկերներ, լավ գիտեն՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը քաղաքական եւ բարոյական լեգիտիմության այնքան ռեսուրս չունի, որ կարողանա երկու բարդ պրոցեսները միանգամից սպասարկել: Հենց դրա համար էլ նրանք անընդհատ փորձում են ժեստեր անել Հայաստանի իշխանությանը՝ հայտարարելով երկու պրոցեսների միջեւ կապ չլինելու մասին՝ ի վերջո, այդ հարցերը հանգուցալուծելու համար»,- կարծիք հայտնեց Սուրենյանցը:
Արդյոք Լավրովը Հայաստան էր եկել միայն Պուտինի՝ Ռուսաստանի դիրքորոշումը Սերժ Սարգսյանին անձամբ փոխանցելո՞ւ առաքելությամբ: Սուրենյանցի կարծիքով, իհարկե՝ ոչ. «Ես գրեթե վստահ եմ, որ Լավրովը նախապատրաստում է երկու նախագահների առաջիկա հանդիպումը, որը կարող է տեղի ունենալ արդեն հունվարին»:
Ս. Սուրենյանցը մեզ հետ զրույցի ընթացքում նաեւ համոզմունք հայտնեց, թե ե՛ւ հայ-թուրքական, ե՛ւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցերում աշխարհի որոշող կենտրոնները որոշակի կոնսենսուսի են հանգել. «Համենայնդեպս, այդ են վկայում հրապարակային հայտարարությունները: Եվ ես վստահ եմ, որ փետրվար-մարտ ամիսները կդառնան հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ամիսներ, որից մեկ-երկու ամիս հետո կստորագրվի շրջանակային համաձայնագիր՝ արդեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում»:
Թուրքիան մինչ օրս ամեն ինչ արել է Ադրբեջանին համոզելու, որ առանց ԼՂ հարցում որոշակի առաջընթացի հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիան չի վավերացնի: Արդյոք Սուրենյանցը կանխատեսո՞ւմ է, որ մինչ այդ արձանագրությունների ստորագրումը ԼՂ հարցում որոշակի առաջընթաց կլինի: «Այո, բայց այդ առաջընթացը մեր երկրների հասարակությունների համար մատչելի չի լինի: Կարծում եմ, որ կլինեն ներքին պայմանավորվածություններ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հասարակության համար Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացումը ընկալելի դարձնելուն, ապա, ըստ իս, իմ նշած պայմանավորվածությունների մասին Ադրբեջանի նախագահ Ալիեւն, իհարկե, տեղեկացված կլինի: Ես չեմ բացառում, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանն են հաջորդելու արմատական զարգացումները Ղարաբաղի խնդրի շուրջ»,- ասաց ընդդիմադիր գործիչը: Կարծիք կա, որ հայ հասարակությունը, գուցեեւ, անտարբեր է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման նկատմամբ, բայց անտարբեր չի կարող մնալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման՝ բանակցությունների սեղանին դրված տարբերակի իրագործման հանդեպ: Արդյոք արձանագրությունների վավերացման առնչությամբ հասարակության դիրքորոշումն ու կեցվածքը կարո՞ղ է ցուցիչ լինել նաեւ ԼՂ հարցում նրա հնարավոր ընդվզման իմաստով:
«Ընդվզում որեւէ հարցում չի էլ լինելու: Սա շատ ակնհայտ է: Հասարակությունն իր մեծամասնությամբ խաղաղության եւ բարիդրացիության, բարեկեցիկ կյանքի կողմնակից է: Եթե որեւէ ուժ այսօր կարծում է, որ մեր հասարակությանը հնարավոր է համախմբել հայ-թուրքական կամ անգամ ԼՂ գործընթացի շուրջ՝ չարաչար սխալվում է»,- հայտարարեց Սուրեն Սուրենյանցը: