Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՏԵՎԻՑԱ ԿՈՒԶՄԱՆՈՍԿԻՆ՝ «ԲԱՆԱՆՑԻ» ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ

Հունվար 14,2010 00:00

\"\"Երեւանի «Բանանցը» հերթական մրցաշրջանին նախապատրաստվում է հերթական նոր մարզչի գլխավորությամբ

Ակումբի ղեկավարությունը առաջիկա երկու մրցաշրջանների համար թիմ է հրավիրել մակեդոնացի մասնագետ Ստեվիցա Կուզմանոսկուն՝ իր մարզչական շտաբի հետ միասին, որի կազմում են ֆիզիկական պատրաստության սերբ մասնագետ Ռադոե Սմիլյանիչն ու դարպասապահների մարզիչ Նիկոլայ Դամեեւը: Իսկ ահա տեղի մասնագետներից Կուզմանոսկուն օգնելու է Աշոտ Բարսեղյանը:
Արդեն հունվարի 11-ից «Բանանցը» մարզվում է մակեդոնացի մասնագետի գլխավորությամբ, որը երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ծանոթացավ նաեւ հայ լրագրողների հետ ու պատասխանեց նրանց հարցերին:
Կուզմանոսկին, իր իսկ խոսքերով, 30 տարի է ֆուտբոլում ու իրեն պրոֆեսիոնալ է համարում թե որպես ֆուտբոլիստ, թե որպես մարզիչ: Խոսելով իր ֆուտբոլային կարիերայի մասին՝ մակեդոնացի մասնագետը նշեց, որ միջին կարգի ֆուտբոլիստ է իրեն համարում եւ մշտապես հանդես է եկել թիմի հիմնական կազմում, այդ թվում եւ՝ «Չեմպիոնների լիգայի» խաղերում՝ Թուրքիայի «Գալաթասարայի» կազմում: Ի դեպ, հենց դա էլ մարզիչը համարում է իր՝ ֆուտբոլիստի, կարիերայի կարեւորագույն ձեռքբերումներից մեկը: Ինչ վերաբերում է մարզչական ասպարեզին, ապա այստեղ Կուզմանոսկին հույս ունի, որ ամենամեծ հաջողությունները դեռ առջեւում են՝ «Բանանցի» հետ միասին. «Ես ծանոթ եմ «Բանանցի» պատմությանը, նրա հաջողություններին եւ գիտեմ, որ թիմի առջեւ միշտ բարձր նպատակներ են դրված եղել: Իմ աշխատանքում ես նույնպես առաջնորդվում եմ այդ սկզբունքով, ուստի կանեմ ամեն ինչ, որպեսզի «Բանանցը» հասնի այն բոլոր բարձր նպատակներին, որ ես եմ իմ առջեւ դրել»:
Իսկ այդ նպատակներին հասնելու համար մարզիչը մտադիր է ակտիվ նախապատրաստական շրջան անցկացնել: «Բանանցը» Կիպրոս՝ արտասահմանյան 19-օրյա հավաքի կմեկնի փետրվարի 2-ին, որտեղ էլ նախատեսված է անցկացնել 5 ստուգողական հանդիպում: Եվս մի կիպրոսյան հավաք նախատեսված է փետրվարի 24-ից մարտի 11-ը: Իսկ մինչ այդ, հունվարի 24-ին եւ 30-ին, մակեդոնացի մասնագետի գլխավորությամբ «Բանանցը» Երեւանում 2 ընկերական խաղ կանցկացնի, որոնք որոշիչ կդառնան փորձարկվող ֆուտբոլիստների ընտրության համար: Այսօրվա դրությամբ «Բանանցում» արդեն 3 նորեկներ կան, որոնք գլխավոր մարզչի հետ Երեւան են ժամանել Բուլղարիայի «Մոնտանայից»: Խոսքը բուլղարացիներ՝ դարպասապահ Ցվետոմիր Ցանկովի, պաշտպան Նիկոլայ Նիկոլովի եւ բրազիլացի կիսապաշտպան Բետուի մասին է: Վերջիններս պայմանագիր կստորագրեն ակումբի հետ մոտ ապագայում, սակայն, ինչպես խոստովանեց մարզիչը, թիմը դեռ համալրման կարիք ունի դարպասապահով, 2 կենտրոնական պաշտպանով, 2 կիսապաշտպանով եւ 2 հարձակվողով: Ըստ մարզչի, առաջիկա օրերի ընթացքում եւս 2 ֆուտբոլիստ կժամանի Երեւան՝ փորձաշրջան անցնելու: Բացի այդ, ժամանակավորապես թիմի հետ մարզվում է Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստ հանդիսացող Արարատ Առաքելյանը, որի ճակատագիրը դեռեւս անհայտ է: Մարզումներին մասնակցում է նաեւ Վահե Թադեւոսյանը: Նա նույնպես դեռ թիմի լիարժեք անդամ չի համարվում: Իսկ ահա թիմից հեռացել են Հովհաննես Գրիգորյանը, Արտակ Օսեյանը եւ Հրանտ Գեւորգյանը: Եվս մեկ ֆուտբոլիստ՝ Արտակ Դաշյանը, այժմ փորձաշրջան է անցնում Դոնեցկի «Մետալուրգում»:
Ամեն դեպքում, ինչպես նշեց Կուզմանոսկին, երեւանյան երկու ընկերական խաղերից հետո պարզ կլինի, թե ովքեր են մեկնելու կիպրոսյան հավաքին, հետեւաբար՝ ովքեր են խաղալու արդեն Հայաստանի առաջնությունում:
Նորանշանակ մարզիչը նշեց նաեւ, որ նախընտրում է հարձակվողական, դիտարժան ֆուտբոլ եւ առանց ավելորդ համեստության հայտարարեց. «Իմ մարզած յուրաքանչյուր թիմ ամենագեղեցիկ ֆուտբոլն է ցուցադրել իր առաջնությունում»: Հուսանք, որ «Բանանցի» պարագայում Կուզմանոսկու օրինաչափությունը բացառության չի վերաճի, նրա աշխատանքն առաջին հերթին արդյունավետ կլինի, իսկ այդ արդյունքն էլ՝ արդեն դիտարժան:
Ի դեպ, թեեւ Կուզմանոսկին հաղորդակցվում էր թարգմանչի միջոցով, սակայն հույս հայտնեց շատ արագ սովորել հայերենը՝ թե ֆուտբոլիստների եւ թե լրագրողների հետ հաղորդակցումն ավելի հեշտ ու անմիջական դարձնելու համար: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ ֆուտբոլային լեզուն մեկն է եւ այն շատ հեշտ է սովորել:

«Բանանցը» Մարգարյանին չէր սպասում
Շուրջ մեկ ամիս առաջ ուրուգվայցի մասնագետ Սերխիո Մարգարյանը պարբերականներից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ մերժել է ՀՖՖ առաջարկը՝ գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը: Մարզիչը նշել էր, որ երբեք դեմ չի եղել մարզել իր հայրենիքի գլխավոր թիմը, իսկ մերժման հիմքում ընկած էր այն փաստը, որ ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը համալիր առաջարկ է կատարել՝ գլխավորել հավաքականը եւ հայաստանյան ակումբներից որեւէ մեկը: Ըստ ուրուգվայցի մասնագետի, նմանօրինակ համադրումը վտանգավոր եւ վնասակար է թե թիմի, թե հավաքականի համար: Մարգարյանը, սակայն, չէր նշել, թե ո՞ր ակումբի մասին է խոսքը եւ լուրեր էին շրջանառվում, թե իրեն առաջարկվել է գլխավորել «Փյունիկը» կամ «Բանանցը»: Երեկվա ասուլիսից հետո «Բանանցի» մամուլի խոսնակ Խաչիկ Չախոյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ ակումբում Սերխիո Մարգարյանի մասին որեւէ խոսակցություն չի եղել. «Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում: Միգուցե ղեկավարների միջոցով նրան նման առաջարկ արվել է, սակայն ակումբում այդ թեմայով որեւէ խոսակցություն չի եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել