Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԱՎ-ՁԻԱՀԸ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՊԱՏԻԺ ՉԷ»

Հունվար 14,2010 00:00

\"\"Ասում է տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ում համոզմամբ՝ վարակվելու խորքային պատճառը մարդկային էության եւ աստվածային խորհուրդների միջեւ կապի խաթարումն է:

Արարատյան հայրապետական թեմի Երիտասարդաց շարժման հոգեւոր հովիվ տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ով նաեւ Սբ. Երրորդություն եկեղեցու խորհրդակատար քահանան է, մեկն է այն հոգեւորականներից, ովքեր յուրովի պայքարում են ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի տարածման դեմ: «Առավոտը» նրանից փորձեց ճշտել, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայ առաքելական եկեղեցին ՄԻԱՎ-ՁԻԱՀ հիմնախնդրի վերաբերյալ: Պարզվեց, որ արդեն մասնագիտացած հոգեւորականների մի խումբ  ծրագիր է իրականացնում «Կլոր սեղան» միջեկեղեցական բարեգործական միջազգային հիմնադրամի հետ:
Տեր Գրիգորը, չժխտելով, որ կան քրիստոնեական տեսանկյունից վարակի փոխանցման անմեղ ուղիներ եւս (դիցուք՝ վիրահատական միջամտության արդյունքում, մայրական կաթի միջոցով եւ այլն), փաստում է. «Ողջ աշխարհին համակած այս տենդը չի շրջանցել նաեւ մեր փոքրիկ երկիրը, որի բազմաթիվ զավակներ, պարբերաբար մեկնելով արտագնա աշխատանքի, ակամա հանդիսացել են ՄԻԱՎ-ՁԻԱՀ վարակի ներթափանցման աղբյուր: Այս խնդիրը չէր կարող անտարբեր թողնել Հայ առաքելական եկեղեցուն եւ նրա սպասավորներին: Ստեղծվեց ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի խնդիրներով զբաղվող հոգեւոր հայրերից բաղկացած խորհուրդ, որն իր առջեւ դրեց այդ հիվանդության ինչպես կանխարգելման, այնպես էլ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով ապրող հիվանդների քրիստոնեական  եւ  հովվական խնամքի հարցեր: Չնայած Հայաստանը չի գտնվում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի տարածման կիզակետում, սակայն միեւնույն է՝ վարակակիրների համեմատական թվերը հարուցում են հայ եկեղեցու խորը մտահոգությունը»:
Մեր զրուցակիցը համարում է, որ վարակվելու խորքային պատճառը մարդկային էության եւ աստվածային խորհուրդների միջեւ կապի խաթարումն է, իր խոսքով՝ հեշտապաշտությունը, անժուժկալությունը: Նա նաեւ համոզված է, որ «ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը մեղավոր հոգիների աստվածային պատիժ չէ կամ դատավճիռ: Մեղքը եւս տրվում է մարդուն ոչ թե կործանվելու, այլ հավիտենական արժեքների մասին մտածելու համար»:
Մեր հարցին՝ հոգեւորականներն ինչպե՞ս են վարվում այն վարակակիրների հետ, ովքեր ցանկանում են մկրտվել, քահանան պատասխանում է. «Եթե նրանք անկեղծաբար ցանկանում են Մկրտության խորհուրդն ընդունել, սիրով պետք է ընդունվեն եկեղեցուց ներս: Եկեղեցական խորհուրդներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց մասնակցության դեպքում համայնքի այլ անդամների անվտանգության հարցի լուծման մեջ կան քիչ սահմանափակումներ: Բացառությամբ բժշկական տեսանկյունից անթույլատրելի դեպքերի (երբ հիվանդի մոտ առկա են բաց արնահոսող վերքեր), ՄԻԱՎ վարակակրի Մկրտության խորհրդի կատարման համար արգելքներ չկան: Արգելքներ չկան նաեւ Դրոշմի եւ Վերջին օծման խորհուրդների կատարման համար: Նույնը վերաբերում է նաեւ ՄԻԱՎ-ՁԻԱՀ վարակակիրների հաղորդվելու, նրանց կողմից սրբապատկերները եւ այլ սրբությունները համբուրելու պարագային»:
Ըստ տեր Գրիգորի, եկեղեցին ոչ միայն ՄԻԱՎ-ՁԻԱՀ  վարակակիրների, այլեւ հասարակության հետ աշխատելու խնդիր ունի, որպեսզի վերջիններս չխորշեն վարակակիրներից. «Հատկապես երիտասարդներին ենք ծանոթացնում վարակի փոխանցման ուղիներին: Մանավանդ՝ հայտնի են այն ճանապարհները, որոնց միջոցով մարդիկ կարող են դառնալ վարակակիրներ: Դրանք են՝ ամուսնական անհավատարմությունը, պատահական սեռական հարաբերությունները, թմրամոլությունը՝ ներարկումային ճանապարհով, մարմնավաճառությունը, միասեռականությունը եւ այլն: Մեզ համար որպես կարգախոս ընտրել ենք Հովհան Ոսկեբերանի այս ասույթը. «Եթե դեռեւս չկարծրացած  հոգում դրոշմված լինեն վեհ ուսմունքներ,  ամրանալուց հետո դրանք ոչ ոք չի կարող ջնջել,  ճիշտ այնպես, ինչպես չեն ջնջվում մոմե կնիքները»… Մեր ժողովուրդն էլ այս առնչությամբ ունի իր պարզ, բայց բովանդակալից խոսքերը. ինչ ցանես՝ այն էլ կհնձես: Մյուս կողմից էլ, ի՞նչ պահանջես խորհրդային տարիների անհավատության սերնդի ծնողից կամ մանկավարժից, ով չի ստացել Քրիստոնեական դաստիարակություն, որը տալիս է բոլոր հարցերի պատասխանները»:
Հոգեւորականը մեկնաբանում է Հիսուսի «Սիրեցեք զմիմեանս» պատվիրանը, որը ինչ-ինչ շահարկումների առիթ է տալիս ոմանց մոտ. «Ինչ է նշանակում Հիսուսի «Սիրեցեք զմիմեանս» պատվիրանը… Ամենեւին էլ ո՛չ հրապուրանքը կամ գայթակղությունը, ո՛չ մարմնական սերը, այլ սիրելը, ինչպես մեր տերը սիրեց մեզ: «Մի շնացիր» պատվիրանն էլ բոլոր ժամանակներում սեռավարակների կնճռոտ խնդրից խուսափելու լավագույն եւ աստվածահաճո լուծումն է: Եթե այր ու կին չդավաճանեն մեկմեկու, զերծ կմնան դրանից: Պետք է ականջալուր լինել Տիրոջ մեկ այլ պատվիրանի՝ մի տղամարդու հասնում է մեկ կին եւ մեկ կնոջ՝ մեկ տղամարդ»: Տեր Գրիգորը, առանց անուններ նշելու, ասաց, որ իր պրակտիկայում հանդիպել են արվամոլներ ու թմրամոլներ, որոնք հետ են կանգնել նախկին «կյանքից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել