Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թուրք-իսրայելական լարվածությունը նոր դրսեւորումներ է ստանում

Հունվար 14,2010 00:00

\"\"Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լիբանանի վարչապետ Հարիրիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Իսրայելը ոչ համարժեք ուժ է կիրառում պաղեստինցիների դեմ եւ սպառնալիք է Մերձավոր Արեւելքի խաղաղությանն ու կայունությանը: «Մենք չենք կարող անտարբեր մնալ, երբ Իսրայելը խախտում է Լիբանանի օդային տարածքը եւ նրա տարածքային ջրերը»,- հավելել էր նա: Էրդողանը նաեւ սուր քննադատության էր ենթարկել Իսրայելին՝ կիրակի օրը Գազայի հատվածի ռմբակոծության համար: «Իսրայելի իշխանությունը պետք է ժամ առաջ հայտարարի, թե արդյո՞ք ինքը խաղաղության կողմնակից է: Մենք պաշտպանում ենք նրան, ով խաղաղության կողմնակից է եւ տուժող կողմ ու դրա վրա ենք կառուցելու մեր քաղաքական աշխարհընկալումը»,- նշել էր Թուրքիայի վարչապետը: Նա նաեւ հավելել էր, որ Իսրայելը մասնակցում է «միջուկային մրցավազքին», սակայն նրան ոչ ոք չի մեղադրում:
Իսրայելի ԱԳՆ-ն հունվարի 11-ին պատասխանել է Թուրքիայի վարչապետի այս քննադատությանը եւ հայտարարել, որ Թուրքիան բացարձակապես իրավունք չունի էթիկայի դասեր տալ Իսրայելին եւ նրա զինված ուժերին: Այս մասին հայտնել է Իսրայելի ԱԳՆ-ի աղբյուրը: Դրան զուգահեռ, Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոնը Թուրքիայի դեսպան Ահմեդ Օղուզ Չելիքքյոլին հրավիրել է ԱԳՆ եւ բողոքի նոտա հանձնել նրան՝ Թուրքիայի հեռուստատեսությամբ «Գայլերի հովտի որոգայթը» հակաիսրայելական սերիալի ցուցադրության համար: Իսրայելի ԱԳ նախարարությունում հանդիպման ժամանակ թուրք դեսպանին նստեցրել էին ցածր բազկաթոռին, մինչդեռ իսրայելցի պաշտոնյան նստել էր ավելի բարձր տեղում։ Հանդիպման ժամանակ Այալոնը հրաժարվել է սեղմել Թուրքիայի դեսպանի ձեռքը, երբ այդ մասին խնդրել էին լրագրողները: Ավելին, նա եբրայերեն ասել էր՝ «մենք միայն ցանկանում ենք, որպեսզի ընդգծեք, որ նա մեզանից սարսափելի ցածր է, եւ որ սեղանին միայն մեկ դրոշ (Իսրայելի) կա», մինչդեռ թուրք դեսպանը, սպասելով խոսքերի թարգմանությանը եւ չհասկանալով խոսքն ինչի մասին է, քաղաքավարի ժպտացել էր։
Այս փաստից վրդովված՝ Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել էր իր երկրում Իսրայելի դեսպան Գաբի Լեւիին, որտեղ վերջինիս ընդունել էր Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ֆիրուդին Սինիրլիօղլուն: «Hurriyet»-ի փոխանցմամբ, դիվանագետների միջեւ բավականին լարված խոսակցություն էր ընթացել, որի ժամանակ Թուրքիայի փոխարտգործնախարարը իր հրեա գործընկերոջ պահվածքը որակել էր որպես՝ «անդաստիարակություն» եւ Իսրայելի դեսպանին հայտարարել էր, թե «նրա երկիրը պետք է իմանա իր չափերը»:
Թուրքիայի բուռն արձագանքից հետո Իսրայելի ԱԳ փոխնախարարը հայտնել էր, որ ինքը չի ցանկացել վիրավորել թուրք դեսպանի պատիվը եւ մյուս անգամ իրենց բողոքը հայտնելու համար դիվանագիտական այլ միջոց կընտրեն։
Թուրքիայի արտգործնախարարությունը բավարար չի համարում Իսրայելի ԱԳ փոխնախարարի կողմից թուրք դեսպանի նսեմացման վերաբերյալ բացատրությունը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNN turk-ը։
Թուրքական կողմը սպասում է նաեւ Իսրայելի վարչապետի բացատրությանը։
Թուրքիան Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին։ Ինչպես հաղորդում է BBC-ն, Անկարան պահանջել է, որ իսրայելական կողմը ներողություն խնդրի իր դիվանագիտական առաքելության ներկայացուցչի հետ անհարգալից վարվելու համար։ Իսրայելական Jerusalem Post թերթը գրում է, թե Թուրքիայի դեսպանը կանչվել է Անկարա՝ խորհրդակցությունների համար, եւ նա կարող է չվերադառնալ։
Միաժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Լոնդոնում հայտարարել է, թե «Թել-Ավիվի այդպիսի պահվածքի պայմաններում Իսրայելի հետ որեւէ երկխոսության մասին խոսք լինել անգամ չի կարող»:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին նախատեսված է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի այցը՝ Անկարա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել