Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մանկապարտեզներին պարտադրում են չաշխատե՞լ

Հունվար 14,2010 00:00

«Առավոտը» աշխատանքային այս մի քանի օրերի ընթացքում հասցրել է բազմաթիվ դժգոհություններ ստանալ աշխատող եւ մանկահասակ երեխաներ ունեցող ծնողներից: «Արդեն երկրորդ ամիսն է՝ ամեն օր աշխատավայրում վիզ եմ ծռում, խնդրում մի քիչ ուշ գնալ, կամ ընդհանրապես չգնալ գործի, ինչ է՝ մանկապարտեզները չեն աշխատում, իսկ մենք չունենք տատիկ-պապիկ, որոնց խնամքին թողնենք երեխային: Հուսով էինք, որ հունվարի 11-ից գոնե մանկապարտեզները կսկսեն աշխատել, այն էլ…»,- իրենց դժվար վիճակն էին ներկայացնում մեր զրուցակիցները: Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի մանկապարտեզի ծնողներ էլ ասացին, թե դաստիարակներն իրենց ասել են, որ մանկապարտեզ են եկել վարչական շրջանի աշխատակիցներ եւ արգելել աշխատել: Նույնիսկ սպառնացել են՝ եթե իմանանք, որ թեկուզ մեկ խմբով եք պարապում, լավ չի լինի: Այս մասին պարզաբանումներ ստացանք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետի տեղակալ Ռուզան Զաքարյանից: Նա ասաց. «Ոչ թե վարչական շրջանի, այլ քաղաքապետարանի կրթության վարչության աշխատակիցներն են գնացել մանկապարտեզներ եւ ստուգումներ իրականացրել: Մենք զանգի միջոցով ենք չաշխատելու վերաբերյալ տեղեկացրել մանկապարտեզներին: Իսկ քաղաքապետարանի կրթության վարչությունից մեզ տեղեկացրել են, որ մինչեւ փետրվարի 1-ը չաշխատելը պայմանավորված է համաճարակի բոլոր հնարավոր նշանների վերացման հետ»:
Այդուհանդերձ, «Առավոտի» տեղեկություններով, մասնավոր մանկապարտեզներից որոշները աշխատում են եւ թեթեւացնում աշխատող ծնողների հոգսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել