Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԻՇՏ ՏՈՆ Է»…

Հունվար 14,2010 00:00

\"\"Բուհերում մեկնարկել է ուսանողների «հոգին հանող» քննաշրջանը

Այդ միայն ֆիլմերում է, որ ուսանողը կարող է իրեն թույլ տալ նման արտահայտություն՝ «Քննությունն ինձ համար միշտ տոն է»: Իրականում, հատկապես Ամանորին հաջորդող քննաշրջանը, ուսանողները համարում են տոնական տրամադրության անկման ժամանակահատված: Մեր հարզախույզը մի շարք բուհերի ուսանողների շրջանում ցույց տվեց, որ ուսանողները քննություններին եւ գործընթացից բխող հարակից հարցերին հումորով են նայում: Նաեւ հանգեցինք այն եզրակացության, որ ուսանողների մեծամասնությունը վստահ է, թե լավ սովորելու դեպքում հնարավոր չէ, որ դասախոսը տվյալ ուսանողին «չդնի»: Ուստի խնդիրներ են առաջանում հատկապես չսովորող եւ գնահատական ստանալու համար զարտուղի ճանապարհներ փնտրող ուսանողների մոտ:
 Հարզախույզս մեկնարկեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից (ՀՊՃՀ): Ուսանողները սկզբում մի փոքր կաշկանդվում էին «բաց» խոսել քննական խոհանոցից, բայց երբ պայմանավորվեցինք չհրապարակել նրանց անունները, դարձան ավելի անկաշկանդ: Այսպես, ըստ բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողների՝ ՀՊՃՀ-ում ստուգարք ստանալը խնդիր չէ, նույնիսկ «եթե դասախոսի սիմպատիան բռնի, հեշտությամբ կնշանակի»: Իսկ մասնագիտական առարկաների դեպքում ոչ փողն է դերակատարություն ունենում, ոչ էլ «մաղարիչը»՝ սովորել է պետք: Ամենախնդրահարույցը բուհում մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաների քննություններն են: Առարկայից տեղյակ չլինելու դեպքում ուսանողը «բավարարի» կարժանանա միայն 20 հազար դրամ վճարելու դեպքում, ըստ գնահատականի բարձրանալու՝ ուսանողների փոխանցմամբ, աճում է նաեւ գումարի չափը: Իսկ ֆիզիկական կուլտուրա առարկայի ստուգարքը ստանալու համար, ուսանողների պնդմամբ, մեկ շիշ օղին էլ է բավական, բայց՝ ոչ Հայաստանում «լցրածը»: Ուսանողները մեզ հետ զրույցում ծիծաղով ասացին. «Պոլիտեխնիկում դա հին ավանդույթ է, եթե նախկին պոլիտեխնիկցիներից հարցնեք՝ կասեն»:     Ագրարային համալսարանում եւս հյուրընկալվեցինք: Այստեղ աչք էր ծակում, որ բուհի միջանցքներում ուսանողները առանց կաշկանդվելու ծխում էին, նույնիսկ դասախոսների ներկայությամբ: Իսկ քննաշրջանի վերաբերյալ կարծիքները տարբեր էին: Ոմանք, հատկապես լավ սովորող ուսանողները, պնդում էին, որ բուհում տարեցտարի պակասում են կաշառակերության դրսեւորումները, իսկ որոշ ուսանողներ մեզ հայտնեցին, որ իրենց բուհում քննություն ստանալը՝ կախված դասախոսից եւ առարկայից, տատանվում է 5-15 հազար դրամի շրջանակներում:  Բժշկական համալսարանում էլ ուսանողների մեծամասնությունը վստահեցրեց, որ իրենց բուհում կաշառք վերցնելու դրսեւորումներ չկան կամ էլ այնքան հազվադեպ են, որ այդ մասին լուրեր չեն տարածվել, փոխարենը այստեղ «ամեն ինչ արվում է ծանոթի միջոցով»:
 «Առավոտի» հարզախույզից պարզ դարձավ, որ ԵՊՀ-ում քննական գնահատականի նշանակման համար գումար վերցնելու երեւույթները հիմնականում տարածված են ռոմանագերմանական, միջազգային հարաբերություններ եւ տնտեսագիտության ֆակուլտետներում: Ըստ ուսանողների՝ կախված քննությունից եւ գնահատականից, գումարը տատանվում է մինչեւ 500 ԱՄՆ դոլարի սահմաններում:
   Իսկ Մանկավարժական համալսարանում նույնիսկ հեռախոսի լիցքավորման քարտով կարելի է ստուգարք ստանալ:
  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) էլ ուսանողները նշեցին, որ համակարգչայնացված քննությունները օբյեկտիվության ապահովման տեսանկյունից արդարացնում են իրենց, սակայն դեռ հանդիպում են դեպքեր, երբ 15 հազար դրամից մինչ 800 ԱՄՆ դոլար գումար վճարելով կարելի է քննություն ստանալ: «Առավոտը» լսեց նաեւ բուհերի պատասխանատուների պարզաբանումները: Ագրարային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանն ասաց. «Մեզ մոտ քննաշրջանը սկսել է հունվարի 11-ից եւ կավարտվի փետրվարի 13-ին: Դրանից հետո կմեկնարկի լուծարքային շրջանը: Օբյեկտիվություն ապահովելու համար մեր բուհում վաղուց քննությունները գրավոր են անցկացվում, որոնց մասնակցում են ամբիոնների դասախոսները, վարիչները, դեկանները, անգամ ռեկտորատից ներկայացուցիչներ: Իսկ եթե հանկարծ գրավորների արդյունքները հայտնելուց հետո դժգոհություններ են առաջանում, տվյալ գրավորներն ուղարկվում են փորձաքննության: Գործում է նաեւ որակի վերահսկման հանձնաժողով, որի ներկայացուցիչներն ըստ անհրաժեշտության մտնում են քննասենյակներ եւ վերահսկում, որ ուսանողները տարբեր տեխնիկական միջոցներ կիրառելով՝ չփորձեն արտագրել»: Անցնելով գումարային տհաճ խոսակցություններին, պարոն Մարմարյանն ասաց. «Պետք է նաեւ փոխվի սերնդի մտածողությունը, ի վերջո պիտի հասկանան, որ արտագրելով կամ գումար տալով չէ, այլ պիտի գործի լուրջ մրցակցություն, ինչը կբերի ուսման որակի բարձրացման»:
 ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդան Սարգսյանն էլ նշեց. «Բուհում քննաշրջանը կտեւի հունվարի 11-26-ը: Լուծարքային շրջանը կմեկնարկի փետրվարի 1-ից: Քանի որ համակարգչայնացված քննությունների անցկացման մեթոդն արդյունավետ էր, այժմ ընդլայնում ենք առարկաների ցանկը: Իսկ մագիստրատուրայում քննութունները դեռ բանավոր են ընթանում, ուստի օբյեկտիվության համար ուսանողները պատասխանում են ամբիոնից, հանձնաժողովի եւ կուրսընկերների ներկայությամբ: Եթե դասախոսներն ուսանողներից գումար պահանջեն, ուսանողներին պարզապես խորհուրդ կտամ դիմել ռեկտորատ, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ուսանողը դրանից չտուժի եւ հեռացվի այն դասախոսը, որն իրեն թույլ է տալիս նման բան»:
 ՀՊՃՀ ուսումնամեթոդական վարչության պետ Սերգեյ Մամյանն էլ փոխանցեց. «Պոլիտեխնիկում քննաշրջանը մեկնարկել է դեկտեմբերի 28-ից եւ կավարտվի հունվարի 26-ին: Լուծարքային շրջանը կմեկնարկի դասերը սկսելուց 2 շաբաթվա ընթացքում: Իսկ գումարով մաթեմատիկայի կամ ֆիզիկայի քննություն ստանալ այնքան էլ խելամիտ չեմ համարում այն տեսանկյունից, որ քննությունն անցկացնում է հանձնաժողովը, եւ դասախոսը դրան չի մասնակցում»:
 Ըստ ԵՊՀ պաշտոնական կայքէջի՝ ԵՊՀ-ում քննաշրջանը կտեւի հունվարի 11-30-ը: Իսկ «բաց դռների» օրերը նախատեսված են միայն բակալավրիատի 3-4-րդ կուրսերի համար եւ նշանակված են փետրվարի 2-3-ին: Առաջին լուծարքային շրջանն էլ կմեկնարկի փետրվարի 9-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել