Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ղարաբաղի ԱԳ հայտարարությունը

Հունվար 14,2010 00:00

1990 թվականին հունվարին Բաքվում հայերի ջարդերի 20-րդ տարելիցի առիթով հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: Հայտարարությունում ասվում է. «Հունվարի 13-ին լրանում է Բաքվում հայերի ջարդերի 20-ամյակը, որոնք դարձան «ինտեռնացիոնալ» համարվող ադրբեջանական մեկ այլ քաղաքում՝  Սումգայիթում 1988թ. փետրվարին հայերի կոտորածների անմիջական եւ տրամաբանական շարունակությունը:
Անպատիժ չարիքը կրկնվեց՝ ընդլայնելով իր մասշտաբները: 1990թ. հունվարի 13-19-ը, մարդկանց դեմ ամենադաժան պատժամիջոցների կիրառմամբ, Բաքվի կոտորածը վերջակետ դրեց այդ երկրի պետականաստեղծ ազգերից մեկի ներկայացուցիչներից՝ Բաքվի փառք ու պարծանք հանդիսացող ժողովրդից՝ հայերից Ադրբեջանի մայրաքաղաքը էթնիկ զտելու հարցում: Բաքվի հազարավոր հայեր զոհվեցին, հաշմանդամ դարձան, հարյուր-հազարավորները՝ փախստական: Հիրավի, ֆաշիստական վայրագությունների զոհ գնացին հիմնականում երեխաներ, ծերեր, կանայք:
Խորհրդային կենտրոնական իշխանությունների թողտվությամբ, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության լուռ համաձայնությամբ ու մասնակցությամբ հայոց հարցը լուծվեց թուրքական փորձված գործիքի՝ ցեղասպանության միջոցով: Եվ եթե Սումգայիթում խորհրդային զորքերը «ուշացան» 3 օրով, ապա Բաքվում՝ մի ամբողջ շաբաթով՝ քաղաք մտնելով միայն այն ժամանակ, երբ այնտեղ գրեթե հայ չէր մնացել: Բաքվի հրեշավոր ոճրագործությանը առայժմ ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ բարոյական գնահատական չի տրվել: Հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները ադրբեջանական իշխանությունների կողմից լռության մատնելու փաստն ինքնին աղաղակող ցինիզմ է: Անգամ զղջումի որեւէ նշույլի բացակայությունը, դեռ ավելին, հայ ժողովրդի հանդեպ աճող սպառնալիքները հաստատում են, որ «բաքուները» եւ «սումգայիթները», «կիրովաբադները» դեռեւս մնում են Ադրբեջանի պաշտոնական քաղաքականության օրակարգում: Եվ այս ամենը կատարվում է միջազգային հանրության աչքի առաջ, որը, ըստ ամենայնի, չի պատրաստվում դասեր քաղել անցյալից. չէ՞ որ հենց միջազգային հանրության թողտվությամբ է հնարավոր դարձել արյունալի վաքխանալիան, որը համակել էր Խորհրդային Ադրբեջանի ամբողջ տարածքը եւ Բաքվում իր գագաթնակետին էր հասել 1990թ. հունվարին: Բաքվի հայկական ջարդերը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետության՝ Ադրբեջանի կազմում գտնվելու անհնարինության օգտին ամենահամոզիչ փաստարկներից մեկն են հանդիսանում:
Հայերի հանդեպ վայրագությունները, որոնք կանոնավոր կերպով կազմակերպվում էին Ադրբեջանի իշխանությունների կողմից ողջ 20-րդ դարի ընթացքում, կրկին անգամ ընդգծում են Արցախի ժողովրդի իրավացիությունը, որը պայքարի ելավ իր վաղնջական իրավունքների ազատության ու պաշտպանության համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել