Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

2010 ԹՎԱԿԱՆԸ ԿԼԻՆԻ՞ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ

Հունվար 14,2010 00:00

2010 թվականի առաջին իսկ օրերից պարզ դարձավ, որ այս տարին մեր երկրի համար լինելու է քաղաքական իրադարձություններով ու լրջագույն մարտահրավերներով հագեցած տարի:

Ամանորի տոներից մեկ օր անց արդեն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում է, իսկ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանում: Երկու այցելությունների առանցքային հարցն էլ ղարաբաղյան հակամարտությունն է, որի լուծման վերաբերյալ Թուրքիայի մոտեցումները, դատելով Էրդողանի՝ երեկ Մոսկվայում արած հայտարարություններից, նոր տարում մնացել են հինը. «Անհապաղ ազատել «գրավված» ադրբեջանական տարածքները»: Թե նոր տարում ինչ նոր ասելիքով է Երեւան ժամանել Սերգեյ Լավրովը, հայտնի չէ, սակայն դատելով արտգործնախարարի շուտափույթ վերադարձից, ակնհայտ է, որ Մոսկվայում հյուրընկալված Էրդողանն ու նրա՝ արդեն ռազմավարական դաշնակից Վլադիմիր Պուտինը Հայաստանի իշխանություններից նոր պատասխանի են սպասում: Թե որքանով կիրականանան նրանց սպասելիքները, պարզ կդառնա ամենակարճ առաջիկայում: Սակայն այսօր արդեն ակնհայտ է մեկ բան. առաջիկա ամիսներին Հայաստանի իշխանություններին սպասում են լրջագույն արտաքին ճնշումներ:
Ենթադրենք, առաջիկա ամիսներին արտաքին քաղաքական կենտրոնների կողմից Հայաստանին Ղարաբաղի հարցում զիջումների գնալու վերջնագիր ներկայացվի: Հաշվի առնելով առկա ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակը, ՀՀ իշխանությունները որքանո՞վ կկարողանան դիմակայել այդ ճնշումներին:
Ստեփան Սաֆարյան. ԱԺ «Ժառանգություն»
խմբակցության ղեկավար
Անշուշտ, այսօր Հայաստանը դիմակայելու որեւէ ռեսուրս չունի, քանի որ մի կողմից՝ մեր իշխանությունը 2008 թ. փետրվարի 19-ին ծնվեց եւ մարտի 1-ին կնքվեց լեգիտիմության խայտառակ դեֆիցիտով, մյուս կողմից էլ՝ ընդդիմադիր դաշտում այսօր միասնական մոտեցում չկա երկրի համար կարեւորագույն ազգային-պետական խնդիրների շուրջ: Երեկվա ՍԴ որոշումն էլ ցույց տվեց, որ մեր պետական ատյանները չունեն մանյովրելու, իշխանության մյուս թեւին փրկելու եւ կատարած սխալները խմբագրելու որեւէ ռեսուրս: Հետեւաբար՝ վիճակն իսկապես ռիսկային է: Եվ անկախ հետապնդած քաղաքական նպատակների խելամտությունը կամ ազնվությունը կասկածի տակ դնելուց, որեւէ երկրի խելահաս իշխանություն երկրում առկա նման միջավայրով այդպիսի արկածախնդրությունների հորձանուտ չէր ներքաշվի: Սակայն, ինչպես տեսնում ենք, մեր իշխանություններին դա բացարձակապես չի հուզում, ընդդիմությունն էլ հետամուտ է տարբեր խնդիրների լուծմանը: Եվ նման իրավիճակում դժվար է ասել, թե ինչպես կհանգուցալուծվի այս ամենը՝ մեզ համար անընդունելի զիջումներո՞վ, թե՞ իշխանափոխությամբ: Ամեն ինչ կախված է սուբյեկտիվ գործոնից՝ երբ խելքի կգա մեր քաղաքական համակարգը: Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի ներքին եւ արտաքին թուլությունն ընկած է տարածաշրջանային խնդիրների լուծման գլոբալ սցենարների հիմքում: Եվ ես կարծում եմ, որ հայ-թուրքական արձանագրությունների այս գործընթացն ուղղակի «ռեպետիցիա» է՝ առավել լուրջ՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումից առաջ: Այսինքն՝ Հայաստանն այսպիսով սովորում եւ հղկում է իր սեփական ատյաններով հակահայկական փաստաթղթերը հալած յուղի տեղ անցկացնելու պրոցեդուրան, որի հաջորդ արարը սպառնում է լինել Ղարաբաղի վերաբերյալ որեւէ փաստաթղթի պարտադրումը: Այսինքն՝ այսօր սրիկա ընթացակարգերով ժողովրդին ամեն ինչ նաղդող, ներկած էշը ձիու տեղ ծախել փորձող այս իշխանությունները թրծում են իրենց վարպետությունը:
Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ մամուլի
քարտուղար
Ես չեմ կարծում, որ ճնշումները նոր պետք է լինեն: Այդ ճնշումները բանակցությունների ողջ ընթացքում էլ՝ անցած 15-16 տարիների ընթացքում, եղել են: Ինչ վերաբերում է զիջումներին, ապա ՀՀԿ դիրքորոշումն անփոփոխ է՝ ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Անշուշտ, այս հակամարտությունը, ինչպես եւ բոլոր հակամարտությունները, կարող են լուծվել փոխզիջումների ճանապարհով: Սակայն հայկական կողմը երբեք չի գնալու միակողմանի զիջումների: Այս մեկուկես տարվա ընթացքում մեր դիրքորոշումներն ամրագրվել են նաեւ Մադրիդյան առաջարկներում: Իսկ թուրքական կողմի ուլտիմատումները մեզ համար որեւէ արժեք չունեն: Թուրքերին մի բան կարող եմ ասել. թող հայկական կողմի հետ ուլտիմատումներով խոսելը մտքներից հանեն: Մեր իշխանություններն ունեն բավականաչափ ռեսուրս ոչ միայն դիմագրավելու որեւէ արտաքին ճնշման, այլեւ իրականացնելու այնպիսի քաղաքականություն, որը բխում է մեր ազգային-պետական շահերից:
Երվանդ Բոզոյան.
Քաղաքագետ
Հայաստանում ընդհանրապես կա մի արժեքային համակարգ, որը կոչվում է «դաբրոների» համակարգ: Հայաստանի այսօրվա իշխանությունները նույնպես այդ համակարգի մեջ են ապրում, եւ երբ ԱՄՆ-ը «դաբրո» տվեց, թե հայ-թուրքական սահմանն առանց նախապայմանների կբացվի եւ հարաբերությունները կբարելավվեն, Հայաստանի իշխանություններն ուղղակի հավատացին ամերիկացիներին: Սակայն հավատալը քաղաքական կատեգորիա չէ: Եվ եթե նույնիսկ նախնական փուլում թուրքերը համաձայնել էին սկսել գործընթացն առանց նախապայմանների, որեւէ երաշխիք չկար, որ այդ նախապայմանները նրանց կողմից չէին առաջադրվելու ավելի ուշ: Այսինքն՝ հայաստանյան իշխանությունները քաղաքական գործընթացը շփոթել են իրենց «դաբրոներով» գործելաոճի հետ: Բայց նրանք պետք է որ հաշվի առնեին, որ «դաբրոների» դեպքում կա նաեւ «գցել» հասկացությունը, ինչպես որ իրենք բազմիցս արել են՝ «դաբրո» են տվել քաղաքական կուսակցությունների եւ «գցել», մարդկանց պաշտոններ խոստացել ու «գցել» եւ այլն: Իսկ հիմա իրենց ամերիկացիներն են «գցել»: Նախագահը շատ անկեղծ ասաց՝ եթե թուրքերը մեզ խաբեն, դա կնշանակի, որ նրանք խաբում են ամերիկացիներին: Իսկ քանի որ նրա պատկերացմամբ՝ ամերիկացիներին չի կարելի խաբել, նա համոզված էր, որ նման բան չի լինի: Բայց այսօր արդեն, ավաղ, հասկացել են, որ ամերիկացիները «գցել» են իրենց: Արդյունքում՝ Հայաստանի իշխանությունները չափազանց ծանր վիճակի մեջ են հայտնվել, եւ նրանց վերջին հույսը ռուսներն են: Բայց ռուսների համար էլ կա որոշակի սահման, որից այն կողմ նրանք չեն կարող մեզ պաշտպանել:
Ամեն դեպքում, ակնհայտ է մի բան. եթե Հայաստանի իշխանությունները տեղիք տան ճնշումներին եւ գնան զիջումների, ապա 2010 թվականը կլինի իշխանափոխության տարի: Բայց քանի որ այս իշխանությունների համար ամենակարեւոր խնդիրը իշխանությունը պահպանելն է, ապա նրանք որեւէ զիջման չեն գնա:
Վահան Շիրխանյան. ՍԴՀԿ վարչության
անդամ
Եթե Հայաստանի իշխանությունները նպատակ ունենան դիմադրել այդ ճնշումներին, նրանք առաջին հերթին համերաշխության կգան սեփական ժողովրդի հետ: Տարիներ շարունակ իշխանությունները համարել են, որ ներքին ճնշումն իշխանությունը պահելու ամենաարդյունավետ միջոցն է: Իշխանությունը երբեւէ չի ցանկացել համերաշխության գալ սեփական ժողովրդի հետ: Սակայն այսօր միայն իր թիկունքում ժողովրդին ունենալու դեպքում իշխանությունը ի վիճակի կլինի դիմանալ ճնշումներին: Եթե խոսք է գնում ազատագրված տարածքների հանձնման մասին, ապա դա առաջացնելու է ժողովրդի լուրջ դժգոհությունը, որովհետեւ այսօր Արցախը ազատագրված տարածքներով հանդիսանում է Հայաստանի գոյատեւման երաշխիքը: Գիտեք, արցախյան ազատամարտին մասնակցել է հայության ընդամենը 2,5-3 տոկոսը: Խոսքը բուն ազատամարտի մասին է: Ես համոզված եմ, որ այսօր էլ այդ 3, 4, անգամ 5 տոկոսը կա: Եվ եթե իշխանություններին հաջողվի համերաշխության գալ սեփական ժողովրդի հետ եւ չգնալ զիջումների, ապա այդ դեպքում իշխանափոխություն չի լինի: Իսկ եթե ոչ՝ ապա իշխանափոխությունը հավանական է: Սակայն կարծում եմ, որ այսօրվա իշխանությունները ոչ միայն չեն դիմադրի այդ ճնշումներին, այլեւ հենց իրենք են դրանց առաջացման հեղինակները: Եվ այստեղ, ցավոք սրտի, տուժողը լինելու է միայն ժողովուրդը՝ Հայաստանում եւ Արցախում:
Տիգրան Կարապետյան. Ժողովրդական
կուսակցության նախագահ
Լավ կլիներ, որ Հայաստանի իշխանություններն ընդհանրապես չսկսեին հայ-թուրքական այս ողջ գործընթացը: Այդ դեպքում մեր դիրքերն ավելի ամուր կլինեին, եւ իշխանությունները ավելի հստակ կարող էին առաջ տանել իրենց դիրքորոշումներն ու Ղարաբաղի հարցում պահպանել ստատուս քվոն: Մինչդեռ այսօր մի գործընթացը չավարտված՝ ճնշում է գնում մյուս գործընթացի իրականացման համար: Արդեն անգամ հակակշիռ է բերվում, որ եթե այստեղ չզիջեք, սահմանը չի բացվի: Այսինքն՝ նախապայմանը կա: Ուստի, այսօր մեր հայրենասիրական ուժերը պետք է ավելի հստակ ու լսելի իրենց «ոչ»-ը ասեն, որպեսզի, եթե իշխանավորը սկսի պայքարել, իմանա, որ թիկունքում ուժ ունի: Այսօրվա Լավրովի այցն արդեն իսկ ճնշում է: Համենայնդեպս, այն, որ Լավրովը գալիս է Հայաստան, նշանակում է, որ մեր իշխանավորները դիմադրում են: Չէ՞ որ նա գալիս է համոզելու, հորդորելու, որ մեր իշխանավորները չպայքարեն, չդիմադրեն: Ուրեմն՝ այդ պայքարը կա: Իմ կարծիքով, եթե չլիներ մեր իշխանությունների դիմադրությունը, ոչ Էրդողանի այցը հիմնավորված կլիներ, ոչ էլ Լավրովի գալը: Ուստի, եթե մենք էլ տեսնենք մեր իշխանությունների դիմադրությունը, մենք էլ մեր օգնությունը կցուցաբերենք նրանց, որովհետեւ մենք դեմ ենք ու դեմ ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել