Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները հավատարիմ են իրենց

Հունվար 14,2010 00:00

\"\"20 տարի առաջ հունվարի 13-20-ը Բաքվում ազերիները սպանեցին մի քանի հարյուր հայի, իսկ տասնյակ հազարավորների բռնության ենթարկեցին ու խլեցին նրանց գույքը: Դեպքերից մոտ 20 տարի անց՝ 2009 թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը, նոյեմբերյանցի գրող, ազատամարտիկ, Նոյեմբերյանի սոցիալական ծառայության պետ Սամվել Բեգլարյանը Թբիլիսիում մասնակցել է միջազգային գիտաժողովի՝ նվիրված Հարավային Կովկասում հակամարտությունների կանխարգելման գործում կրթության ոլորտի եւ քաղաքացիական հասարակության ակտիվիստների դերին: Կոնֆերանսի նպատակներից էր Հարավային Կովկասի իրավապաշտպան եւ խաղաղարար կազմակերպությունների ինտեգրացիան, «թշնամու կերպարի» կաղապարի հաղթահարումը: Սամվել Բեգլարյանի խոսքերով, կոնֆերանսի ադրբեջանցի գիտնականները «մարտականորեն» էին ժամանել: Բայց սրանով հանդերձ. «Ես ինչպե՞ս կարող եմ ասել՝ բոլոր ադրբեջանցիները մեր թշնամիներն են, երբ ադրբեջանցի կինը փրկել է իմ կյանքը»,- համաժողովում հայտարարել է Սամվել Բեգլարյանը եւ պատմել դեպքի մասին: 1991 թվականին Բեգլարյանը Ղազախում հայտնված մի նոյեմբերյանցու փրկելու համար ինքնակամ մեկնել է այնտեղ: Քաղաքի կենտրոնական հրապարակում ազերի գազազած ամբոխը ցանկացել է դատաստան տեսնել, սակայն ադրբեջանցի մի կին գլխաշորը նետելով նրանց առաջ՝ փրկել է հային: Ս. Բեգլարյանը 1989-91թթ. Նոյեմբերյանում ղեկավարել է ժողովրդական շարժումը, կապեր է ունեցել Ադրբեջանի ժողովրդական ճակատի Ղազախի շրջանի առաջնորդների հետ, ինչի շնորհիվ բազմաթիվ գերիներ են փոխանակվել: «Ի՞նչ տրամադրությամբ, ի՞նչ սրտով ես Թբիլիսի կգայի, եթե Նոյեմբերյանում իմ դրկիցի հետ թշնամական հարաբերություններ լինեին»,- նկատում է Բեգլարյանը:
Կոնֆերանսի ժամանակ վրացիներին տրվել են սեւ, ադրբեջանցիներին՝ կանաչ, հայերին՝ նարնջագույն թղթապանակներ, երեք հանրապետությունների պատվիրակները առանձին-առանձին են նստել: Սակայն համաժողովի ավարտին թղթապանակները փոխանակվել են, պատվիրակներն էլ խառնվել են իրար՝ ասես երփներանգ ծաղկեփունջ կազմելով: Իսկ ադրբեջանցի պատվիրակներն իրենց հետ կոնֆերանս էին բերել պատմության դասագրքեր, որոնց քարտեզներում Հայաստան անունը բացակայում էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել