Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տոնը շուտ ավարտվեց

Հունվար 14,2010 00:00

\"\"Վանաձորում շարժը նվազել է, Սպիտակում՝ ավելացել

Գրեթե 1 շաբաթ է՝ Վանաձորի գլխավոր հրապարակում անսովոր հանգստություն է տիրում: Տոնի մասին հիշեցնում է միայն զարդարված տոնածառը: Վերջին օրերին հրապարակում նույնիսկ Ձյունանուշ չես գտնի, իսկ տարվա խորհրդանիշ Վագրի հետ հատ ու կենտ նկարվել ցանկացողները պիտի համբերությամբ զինվեն մինչեւ վագրին կկանչեն:
Ձմեռ պապիներն էլ են այս տարի քիչ, քաղաքի հրապարակում 2-ով են եղել, հիմա էլ հերթափոխով են աշխատում: «Ձմեռ պապիներն էլ հալվեցին- գնացին, երեխաներն արդեն չեն հավատում նրանց գոյությանը, շատ են զարգացել, հետո մեր հրապարակն էլ կանչող չէ, գեղեցիկ չէ այնքան, որ մարդիկ ցանկանան նկարվել»,- ասում է Վանաձորի Ձմեռ պապն ու ավելացնում, որ անտարբերություն կա, բայց եւ փորձում է հասկանալ բնակչությանը, նրանց մի մասը գումար չունի, ունեցողներն էլ քաղաքում չեն մնում, գնում են մայրաքաղաք: Տարեցտարի շարժը պակասել է, բայց այս տարվա նման «անշարժ» ոչ մի անգամ չի եղել:
Շարժի պակասից ամենադժգոհը լուսանկարիչներն են: Նրանք նկատում են, որ տեխնիկայի զարգացումն էլ է ազդել նկարվողների թվաքանակի վրա. «Ծանոթներն ու բարեկամները գալիս-բարեւում են, Նոր տարի շնորհավորում, բայց նկարվում են իրենց ապարատով կամ հեռախոսով»:
Ընդհանուր առմամբ, մինչ Ամանոր ու տոնական առաջին 4 օրերին է աշխուժություն եղել: Ինչպես Վանաձորի բնակիչներն են ասում, այս տարի հետաքրքիր միջոցառումների պակաս է զգացվել: Նրանց խոսքով, մի քանի տարի առաջ Ծննդյան տոները ավելի հետաքրքիր ու աշխույժ էին անցնում, հրապարակում տոնական բեմականացումներ ու համերգներ էին կազմակերպվում: Այս տարի եղանակը բարենպաստ էր եւ կարելի էր բացօթյա միջոցառումներ անցկացնել:
Միջոցառումներից բողոքող վանաձորցիները շնորհավորանքների պակաս չեն զգացել: Տեղական հեռուստաընկերությունների եթերները ողողված էին շնորհավորական ուղերձներով՝ Լոռու մարզպետ Արամ Քոչարյան, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան, մարզի հիմնարկ-ձեռնարկությունների, արդարադատության ու իրավապահ մարմինների ղեկավարներ եւ այլն, եւ այլն: Բացի ուղերձից, Լոռու մարզպետը հյուրընկալել եւ շնորհավորել է մարզի 113 համայնքների ղեկավարներին:
Ամանոր-2010-ը ոչ մի բանով չի տարբերվել Ամանոր-2009-ից՝ Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր համայնքներում, իսկ Սպիտակ եւ Ստեփանավան քաղաքներում ավելի աշխույժ ու հետաքրքիր է եղել: Բնակիչներն ավելի ուրախ են դիմավորել եւ տոնական բոլոր օրերին հրապարակները մարդաշատ ու մանկաշատ են եղել: Ըստ կազմակերպիչների, ժողովրդի համար ոգեւորիչ են եղել ակնհայտ դրական տեղաշարժերն ու բարեփոխումները՝ Ստեփանավանում նոր մշակույթի պալատի, երաժշտական դպրոցի ու մարզադահլիճի բացումը, նորակառույց 4 շենքերի շահագործումը, Սպիտակում նոր՝ «Վարպետաց թաղամասի» կառուցումը, ասֆալտապատված փողոցներն ու 3 թաղամասերի լուսավորության վերականգնումը: Ըստ սպիտակցիների, առաջընթացն ակնհայտ է, եւ այս ամենն ազդել է բնակիչների ուրախ տրամադրության վրա: Նրանց տրամադրությունը փչացրել է միայն հունվարի 3-ի ուժեղ քամին, որն ավերել է զարդարված հրապարակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել