Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՉ ԵՆ ՄԱՂԹՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ

Հունվար 14,2010 00:00

Համաշխարհային ճգնաժամը Արագածոտն չի՞ հասել

Ինչպես միշտ, անցած 2009 թվականին էլ «Առավոտը» ներկայացրել է մեր իրականության բացերը, թերություններն ու ցավոտ կողմերը: 2009-ին չարաշահումների եւ բացթողումների հարթությունում մեր դիտարկումներով առաջատար էին Շիրակը, Կոտայքը եւ Սյունիքը: Բայց Ամանորը տարին մեկ առկայծող հույս է, եւ մարզպետներն էլ են շնորհավորական ուղերձներ հղել: Ահա թե ինչ են մաղթել մարզպետները ՀՀ քաղաքացիներին:
ՀՀ միակ կին մարզպետ Լիդա Նանյանը (Շիրակ) խաղաղություն, առողջություն, անսահման սեր, ընտանեկան երջանկություն եւ վաղվա օրվա նկատմամբ հավատ է ցանկացել եւ հավաստիացրել, որ «2010 թվականի մայիսին արդեն 1056 անօթեւաններ իրենց գլխավերեւում կունենան բարեկարգ սեփական տանիք: Նոր տարում եւս Շիրակի մարզի բնակչության հիմնահարցերը լինելու են պետության ուշադրության կենտրոնում: Հուսով եմ, որ  2010 թվականը մեր մարզի տնտեսության ու ժողովրդի համար լինելու  է զարգացման տարի, եւ թող այն բոլորիս համար դառնա նոր հաջողությունների ու  ձեռքբերումների տարի»:
Վերջին յոթ տարում՝ փոխմարզպետ, իսկ 2009-ից՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը վստահ է, որ «2009 թվականը ամենահաջողներից էր: Իշխանությունների գործունեության հիմնական ուղղություններն էին անվտանգության, տնտեսության, սոցիալական ոլորտի եւ ժողովրդավարության ամրապնդումը»: Սարգիս Սահակյանի ուղերձից տպավորություն է ստեղծվում, թե նա տեղյակ չէ ճգնաժամից, քանի որ հայտարարել է՝ «պահպանվեց տնտեսական աճի բարձր տեմպը: Դա թույլ տվեց ավելի մեծ միջոցներ ուղղել սոցիալական հարցերի վրա, որոնցից գլխավորը աղքատության հաղթահարումն է: 2010 թվականը նույնպես հաջող է լինելու: Պետք է սթափ գնահատել, որ դեռ շատ անելիքներ կան: Դա առաջին հերթին կյանքի որակի բարձրացումն է: Մեր քաղաքացիներն արժանի են եւ պետք է ավելի լավ ապրեն: Մեր երկիրը եւ նրա քաղաքացիությունը պետք է հպարտության առարկա լինեն յուրաքանչյուր հայի համար»: Արագածոտնի մարզպետը քաղաքացիներին երջանկություն, խաղաղություն, լիություն եւ արդարություն, լուրջ ու ծանրակշիռ հաջողություններ, սոցիալական ճնշվածությունից, իրավական բոլոր տեսակի ոտնձգություններից ազատագրում, վստահ եւ բարեկեցիկ կյանք է ցանկացել:
ՀՀ ամենաերկարակյաց մարզպետը՝ Տավուշի ղեկավար Արմեն Ղուլարյանը առողջություն, ուժ, եռանդ, խաղաղություն, նոր հաղթանակներ է մաղթել եւ, ի տարբերություն Արագածոտնի մարզպետի, տեղյակ է, որ ճգնաժամ կա: «Չնայած ֆինանսական ճգնաժամն իր շտկումները մտցրեց հանրապետության տնտեսության մեջ, Տավուշի մարզում անցնող տարում բավականին ծրագրեր իրականացվեցին, որոնք բխում էին ՀՀ նախագահի նախընտրական ծրագրերից»,- իր կուսակցական եւ քաղաքական ղեկավարին չի մոռացել Արմեն Ղուլարյանը:
Վայոց ձորի մարզպետն էլ է տեղյակ, որ ճգնաժամ կա, ու իր ուղերձում նշել է, որ «անցնող տարին դժվարությունների տարի էր, քանզի համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել նաեւ մեր մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա: Այնուհանդերձ՝ 2009 թվականին Վայոց ձորի մարզում արձանագրվեցին հաջողություններ»: Վարդգես Մաթեւոսյանը մաղթել է խաղաղություն, բարեկեցություն, նվաճումներ, ձեռքբերումներ, երջանկություն, բարօրություն, խինդ, սեր:
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մաղթել է հաջողություններ, առաջընթաց, ձեռքբերումներ:
Իսկ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ խաղաղություն, առողջություն, երջանկություն, սեր ու համերաշխություն: 2010-ի առաջին ընդլայնված խորհրդակցության ժամանակ՝ հունվարի 11-ին, Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմին կոչ է արել աշխատանքային տարին սկսել նոր եռանդով եւ ոգեւորությամբ՝ «քանզի յուրաքանչյուրի բարեխիղճ եւ նվիրված աշխատանքով են պայմանավորված նոր տարվա ընթացքում սպասվող հաջողությունները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել