Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հունվար 14,2010 00:00

ՍՊԱՆԵԼ Է ՀՈՐԸ

ՀՀ ոստիկանությունից «Առավոտին» տեղեկացրին, որ նախորդ գիշեր մայրաքաղաքի Սիլիկյան թաղամասի 1-ին փողոցի տներից մեկում 20-ամյա Մանուկ Գրիգորյանը վեճի ժամանակ սպանել է իր հորը՝ 47-ամյա Ջիվան Գրիգորյանին: Վերջինս պարանոցին ստացել էր դանակի 4, աչքին՝ 2 հարված:

ՆՈՐ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԱՆՊՇ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՎՐԱ

2009 թվականի դեկտեմբերի 24-ին «Մեխակներս ում նվիրեմ» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի լույս 22-ի գիշերը անհայտ անձինք տարել են Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու մարզային կառույցի խորհրդանիշ-դրոշը եւ երկու թոռոմած մեխակ են թողել գրասենյակի կենտրոնական դռան դիմաց: Այս առթիվ ԱՆՊՇ Լոռու մարզային կառույցի ղեկավար Մանվել Կոնստանդյանը ասել էր, որ «Կատարվածը ահաբեկման նպատակով է, որպեսզի կասեցվի ազգային գաղափարները վեր հանելու նպատակով ստեղծված մեր կազմակերպության գործունեությունը: Մենք կարծում ենք, որ կատարվածի հետեւում կանգնած են այն ուժերը, որոնք նպատակ ունեն կոծկելու ազգային հիմնախնդիրների վերհանումը հայ հասարակության շրջանում»:  ԱՆՊՇ փոխնախագահ Էդգար Հելհելյանը կատարվածը որակել է «հերթական լակոտություն՝ պայմանավորված Վանաձորում Շարժման ակտիվությամբ: Որոշ մարդիկ վախենում են, որ մենք կկարողանանք էստեղ վերհանել առկա խնդիրները՝ հասնելով դրանց լուծմանը: Մենք մտնելով էստեղ՝ շատ բան ենք փոխելու: Եթե ինչ-որ մարդիկ խնդիր ունեն, մեզ վախեցնելու միջոցով չեն կարող հասնել իրենց նպատակին»:
Իսկ 2010 թվականի հունվարի լույս 13-ի գիշերը անհայտ անձինք նոր հարձակում են իրականացրել Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու մարզային գրասենյակի վրա: Ամբողջովին ոչնչացվել է գրասենյակի գույքը, կոտրել են պատուհաններն ու դուռը, ոչնչացրել ԱՆՊՇ գերբն ու դրոշը, պատառոտել են նաեւ ՀՀ պետական դրոշը: Դեպքի կապակցությամբ այսօր Երեւանում լրագրողներին կհանդիպի Ազգային նոր պահպանողական շարժման փոխնախագահ Էդգար Հելհելյանը:

ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ
Ազատամարտիկ, Ֆրանսիայի քաղաքացի, սուտ մատնության համար 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հացպանյանը երեկ կապվել է Ֆրանսիայի դեսպանատան հետ:
Առիթը Հացպանյանի հոր՝ Գեւորգ Հացպանյանի մահամերձ լինելն է:
Երիկամի քաղցկեղ ունեցող 84-ամյա Գեւորգ Հացպանյանը գտնվում է կոմայի մեջ, իսկ որդուն թույլ չեն տալիս գնալ վերջին հրաժեշտը տալու նրան:
«Ես պատրաստ եմ 7 տարի էլ նստել, միայն թույլ տան 5 օրով այցելել նրան»,- ասում է Սարգիս Հացպանյանը:
Ի դեպ, Հացպանյանը Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի բարեկամն է (տատի քրոջ թոռն է) եւ Ֆրանսիայի դեսպանից խնդրել էր երաշխիք կանգնել հորը տեսնելու համար: Մինչ օրս տարեց ծնողները չգիտեն, որ իրենց ազատամարտիկ որդին ազատազրկված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել