Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաքվում ցեղասպանություն է եղել

Հունվար 14,2010 00:00

Ըստ ՀՀ ԱԺ պատգամավորի, Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի

Երեկ՝ հունվարի 13-ին, լրացավ Բաքվի ջարդերի 20-րդ տարելիցը: Մեկ շաբաթվա ընթացքում՝ հունվարի 13-19-ը, Ադրբեջանի մայրաքաղաքում իսկական սպանդ էր, ըստ տարբեր աղբյուրների՝ ազերիները սպանել են 150-300 հայի, բռնության ենթարկել ու իրենց տունուտեղից եւ ունեցվածքից զրկել տասնյակ հազարավորների: Ջարդերի արդյունքում ավելի քան 200 000 հայ բռնագաղթեց Հայաստան:
Երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Բաքվեցի համերկրացիների միություն» կազմակերպության նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, խոսելով ողբերգական իրադարձությունների մասին, ասաց, որ Բաքվի ջարդերից տուժածների եւ փախստականների իրավունքները չեն պաշտպանվում։ «Մենք շատ ենք աշխատանք տարել այս ուղղությամբ, դիմել ենք Փախստականների կոմիտե, կառավարություն, որ միջազգային հարթության վրա բարձրացնեն այս հարցերը, որ նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցում տրվի, բայց ես ձեզ բաց կասեմ՝ Հայաստանում ոչ մի կառույց չի զբաղվում այդ հարցերով: Փախստականների երեխաները, որոնք ծնվել են Հայաստանում եւ արդեն 16-18 տարեկան են՝ գրանցում եւ անձնագիր չունեն։ Պետությունը ոչ մի ուշադրություն չի դարձնում մեզ վրա։ Ոչ ոք չի փորձում մեր իրավունքների պաշտպանության հարցը բարձրացնել»,- հայտարարեց Ռոբերտ Խաչատրյանը:
Իսկ ջարդերից տուժած եւ մազապուրծ եղած Էլեոնորա Ավանեսովան էլ հավելեց, թե իրենց գլխավոր խնդիրը կացարանի հարցն է. «Մենք ապրում ենք «Հայէլեկտրամեքենա» գործարանի մաս կազմող 5 հարկանի շենքում։ Համարվում ենք ժամանակավոր բնակիչ։ Այս հարցը շատ սուր է դրված, որովհետեւ մեզ չեն գրանցում, քանի որ այդ շենքը գտնվում է գործարանի տարածքում»:
Ռոբերտ Խաչատրյանը վստահ է, որ միջազգային կազմակերպությունները, որոնք զբաղվում են փախստականների իրավունքների պաշտպանության հարցերով, իրենց վրա ուշադրություն չեն դարձնում եւ գործունեություն են ծավալում՝ ոչ թե ելնելով օրենքի դրույթներից, այլ սեփական հայեցողությամբ։
Բաքվի ողբերգական դեպքերին անդրադարձավ նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր, ծննդով բաքվեցի Լարիսա Ալավերդյանը: «20 տարի առաջ Բաքվում տեղի ունեցածն այլ բան չէ, քան ցեղասպանություն: Բաքվում տեղի ունեցած ջարդերն առանձնանում են իրենց հրեշավոր դաժանությամբ: Սակայն այն, ինչ կատարվեց 1990 թվականի հունվարին՝ ամենեւին էլ նոր երեւույթ չէր: Հայության դեմ իրականացված ցեղասպանությունը արհեստածին Ադրբեջանական հանրապետության որդեգրած քաղաքականության շարունակությունն էր: Բաքուն մի քաղաք է, ուր երեք անգամ՝ 1905, 1918, 1990 թվականների ընթացքում, ադրբեջանցիների կողմից հայության նկատմամբ իրականացվել է ցեղասպանություն: Ադրբեջանը չի փոխել իր քաղաքականությունը.1990 թվականից հետո նա իրականացրել է մեկը մյուսից հրեշավոր եւ սարսափազդու գործողություններ: Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի թե իրավական, թե քաղաքական եւ թե ֆինանսական ու բարոյական առումով»,- հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել